Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ռիգայում հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ։
Քննարկվել են հայ—շվեդական երկկողմ հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստան—Եվրոպական միություն համագործակցության հարցեր։
Նշելով, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում Եվրոպական միության ռազմավարական գործընկերներից մեկը, Շվեդիայի վարչապետը ողջունել է Հայաստանի՝ Եվրասիական միության եւ ԵՄ միջեւ կապող կամուրջ դառնալուն ուղղված քաղաքականությունը, ինչը, նրա համոզմամբ, կարող է դառնալ համագործակցության կարեւոր հարթակ։
ՀՀ նախագահը եւ Շվեդիայի վարչապետը միջպետական հարաբերություններում կարեւոր տեղ են վերապահել առեւտրատնտեսական կապերին եւ ընդգծել այդ ոլորտում փոխգործակցությունը խորացնելու, հայաստանյան շուկայում շվեդական ներդրումներն ու նոր ընկերությունների մուտքը խթանելու եւ խրախուսելու ուղղությամբ երկկողմ աշխատանքի անհրաժեշտությունը։
Սերժ Սարգսյանը եւ Ստեֆան Լյովենը հայ—շվեդական հարաբերությունների առավել ամրապնդման գործում կարեւորել են Երեւանում եւ Ստոկհոլմում բացված դեսպանությունների գործունեությունը։
Զրուցակիցները քննարկել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի իշխանություններին՝ ս.թ. ապրիլին Երեւանում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ կայացած ոգեկոչման միջոցառումներին Շվեդիայի պաշտոնական մասնակցության համար։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|