Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը եւ կառավարության անունից այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, եւ տարեկան այս ոլորտում գրանցվող 25 տոկոս աճը պայմանավորված է նաեւ մեր երկրում առաջատար ընկերությունների, այդ թվում՝ նաեւ «Մայքրոսոֆթ»–ի գործունեությամբ եւ հայաստանյան ներկայացուցչության լավ աշխատանքով։
Դոն Գրանթամը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ընկերության հետ համագործակցության պատրաստակամության եւ նախորդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հետեւողականորեն կյանքի կոչելու համար։ Պարոն Գրանթամը նշել է, որ «Մայքրոսոֆթը» շահագրգռված է ընդլայնել փոխգործակցությունը եւ նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։
Բարձր գնահատելով ներկայիս համատեղ ծրագրերի ընթացքը՝ Հովիկ Աբրահամյանը եւ Դոն Գրանթամը քննարկել են հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են հանդիպումից հետո ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ համագործակցության հուշագրի եւ փոխգործակցությանն ուղղված պայմանագրերի ստորագրումը, որոնք էլ կնպաստեն համագործակցության լավ հիմքերի ամրապնդմանը, ՏՏ ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացմանը եւ նոր համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը։
|