ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 05:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 25 » Նպատակն օրենքի գերակայությունն է /Պատրաստվել են նոր նախագծի առաջին երեք բաժինները/
09:12
Նպատակն օրենքի գերակայությունն է /Պատրաստվել են նոր նախագծի առաջին երեք բաժինները/

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների շուրջ առկա է ընդհանուր հետաքրքրություն, շատ հաճախ մամուլում նաեւ տարբեր կարծիքներ են հրապարակվում, որոնք ըստ էության մասնավոր բնույթ են կրում, քանի որ հանձնաժողովի տեսակետն այս ընթացքի վերաբերյալ դեռեւս չի հրապարակվել։ 
Այս մասին երեկ ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալուց հետո հանձնաժողովը ձեռնամուխ եղավ առաջին բաժինների նախագծի մշակման աշխատանքներին։ Դրանք օրգանական կապի մեջ են գործող Սահմանադրության առաջին եւ երկրորդ գլուխների հետ, որոնց վերաբերյալ տարված աշխատանքների արդյունքում նոր նախագծով դրանք ներկայացվեցին երեք՝ առաջին, երկրորդ եւ երրորդ գլուխների կամ բաժինների տեսքով։ 
Դրանցից առաջինը կրկին անվանվում է «Սահմանադրական կարգի հիմունքները», երկրորդը՝ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները» եւ երրորդը՝ «Սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները եւ պետության քաղաքականության հիմնական նպատակները»։
«Հանձնաժողովը քննարկեց եւ հավանություն տվեց բարեփոխումների նախագծով նախատեսվող Սահմանադրության նոր կառուցվածքին, որը պետք է կառուցված լիներ կամ կառուցակարգային, կամ ֆունկցիոնալ սկզբունքների վրա։ Մենք ընտրեցինք կառուցակարգային մոտեցումը, եւ մյուս՝ 16 գլուխները ներկայացված են ըստ պետական իշխանության ինստիտուտների՝ հաշվի առնելով նաեւ Սահմանադրության երկրորդ՝ անփոփոխելի հոդվածի պահանջը, ըստ որի՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությամբ նախատեսված պետաիշխանական լիազորություններով օժտված ինստիտուտների՝ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության ինստիտուտների, դատարանների, դատախազության, քննչական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի եւ կենտրոնական բանկի կողմից։ Դրանց հաջորդում են եւս երկու ամփոփ բաժիններ՝ «Հանրաքվե, Սահմանադրության ընդունում եւ փոփոխություն» եւ «Եզրափակիչ ու անցումային դրույթները»,–նշեց Գ. Հարությունյանը։
Գ. Հարությունյանի խոսքով՝ նշված կառուցվածքին համապատասխան առաջին երեք բաժինների վերաբերյալ նախագիծն արդեն մշակվել է։ Հանձնաժողովում կատարվել է աշխատանքի որոշակի բաժանում նաեւ մյուս բաժինների նախապատրաստման վերաբերյալ։ Որդեգրվել է այն սկզբունքը, որ յուրաքանչյուր բաժնի համապատասխան պատասխանատուները այդ բաժնի վերաբերյալ նախագծի իրենց տարբերակը մշակելուց հետո այն տրամադրում են հանձնաժողովի բոլոր անդամներին, որից հետո հանձնաժողովը ընդհանուր քննարկում է կազմակերպում՝ արտահայտելով իր նկատառումները եւ վերջնական հավանություն տալիս կամ դիրքորոշում արտահայտում. «Աշխատանքներն ընթանում են հանձնաժողովի համապատասխան անդամների կողմից նախագծերի նախապատրաստման տեսքով։ Դեռեւս, բացի առաջին երեք բաժիններից, հանձնաժողովը մյուս բաժինների վերաբերյալ քննարկում չի կազմակերպել, եւ որոշակի կարծիք դրանց վերաբերյալ դեռեւս չկա։ Եթե հանձնաժողովի տարբեր անդամներ տեսակետներ են արտահայտում, ապա դա իրենց տեսակետն է՝ մինչեւ բուն հանձնաժողովն իր ամփոփ եզրակացությունն ունենա դրանց վերաբերյալ»։
ՍԴ նախագահը շեշտեց՝ առաջին երեք բաժինների վերաբերյալ հանձնաժողովն արդեն ներկայացրել է նկատառումներ, դիտարկումներ, փորձել է դրանք ամփոփել։ Բացի այդ, լրացուցիչ եւ շատ արդյունավետ աշխատանք է կատարվել՝ ներգրավելով գերմանացի չորս փորձագետների եւ աշխատանքները կազմակերպվել՝ հաշվի առնելով նաեւ նրանց կարծիքը։ Գ. Հարությունյանի համոզմամբ՝ ամենապատասխանատու եւ ամենալուրջ բաժինները հենց առաջին երեքն են, որովհետեւ հայեցակարգում որպես գերագույն խնդիր իրավունքի գերակայության երաշխավորումն է եւ մարդակենտրոն սահմանադրական մոդելի ձեւավորումը. «Այդ խնդիրների լուծումը գերազանցապես պայմանավորված է այս բաժինների լուծումներով։ Չափազանց կարեւոր է գտնել այնպիսի լուծումներ, որոնցով մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները լինեն երաշխավորված, ապահովված եւ ունենան պաշտպանության հուսալի երաշխիքներ։ Մասնավորապես՝ հստակեցնելով դատական պաշտպանության ընթացակարգերը եւ կառուցակարգերը, որոշակիացնելով սահմանափակումների վերաբերյալ բոլոր հիմնախնդիրները՝ թույլ չտալու համար հայեցողության մեծ հնարավորություն։ Սահմանափակումները ոչ միայն պետք է լինեն օրենքով եւ համաչափ, անխախտելի՝ իրավունքի էության տեսանկյունից, այլեւ այնպիսիք, որ հստակ, իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան լինեն եւ հնարավորություն տան դատական պաշտպանությունն այս իրավունքների առումով իրականացնելու երաշխավորված։ Գլխավորը՝ արդյունքում մենք կարողանանք ապահովել հիմնական իրավունքների անմիջական գործողությունը»։
Բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում մշակված առաջին երեք բաժինները պաշտոնապես ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետների քննարկմանը։ Նա հիշեցրեց, որ մինչ այդ հայաստանյան մամուլում հրապարակումներ էին հայտնվել, համաձայն որոնց՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը Վենետիկի հանձնաժողովում ներկայացվել է ընդամենը չորս փորձագետի։ Իրականում՝ հայեցակարգի վերաբերյալ կարծիքը տվել է Վենետիկի հանձնաժողովը, որի կազմում 59 երկիր է ներգրավված եւ տասից ավելի միջազգային կազմակերպություն, իսկ լիագումար նիստին մասնակցում են ավելի քան հարյուր միջազգային փորձագետներ։ Այն քննարկվել է լիագումար նիստում, արժանացել բոլորի հավանությանը, իսկ այժմ՝ բաժին առ բաժին քննարկումների արդյունքներով կմշակվի վերջնական նախագիծ արդեն փոփոխությունների վերաբերյալ փորձագիտական խմբի կողմից, որը կրկին կներկայացվի լիագումար նիստին, որն էլ կտա ընդհանուր եզրակացությունը. «Դժվար է ասել, թե երբ դա տեղի կունենա։ Մայիսի 18—19—ին Վենետիկի հանձնաժողովի 7 փորձագետներ իրենց գրավոր կարծիքներն են ներկայացրել առաջին երեք բաժինների նախագծի վերաբերյալ։ Կազմակերպվել է հանդիպում այս հեղինակների հետ՝ իրենց նկատառումները քննարկելու համար։ Երկու օր հոդված առ հոդված դրանք քննարկվել են։ Գործող Սահմանադրությամբ այս բաժինները ներառում են 61 հոդված, իսկ ներկայացված նախագծով՝ 86 հոդված՝ նույն իրավակարգավորման առարկայի վերաբերյալ։ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների նկատառումները հետեւյալն էին. հանձնաժողովը հետեւողականորեն է իրացրել հայեցակարգում առաջադրված խնդիրները եւ դրանց լուծումը, իսկ իրենք որոշակիորեն տպավորված են արդեն ներկայացված տարբերակով, սակայն ունեն նաեւ որոշակի նկատառումներ, որոնք անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել»։
Նկատառումները, ըստ մասնագետի, վերաբերում են ինչպես առանձին հոդվածներում սահմանափակման հնարավոր ծավալին, որը սահմանադրորեն նախատեսվում է, այնպես էլ բացարձակ իրավունքների հետ կապված որոշակի ամրագրումներին, որպեսզի դրանք առավել հստակ լինեն։ Փորձագետներն իրենց դիտարկումներն են հայտնել նաեւ ռազմական ու արտակարգ դրության ժամանակ հնարավոր սահմանափակումների եւ չսահմանափակվող իրավունքների շրջանակին, որովհետեւ նախագծով ավելի քիչ իրավունքներ էին ներառել այդ սահմանափակումների դաշտում, իսկ փորձագետների կարծիքով՝ այստեղ կարելի է լրացուցիչ այլ իրավունքներ ներառել. «Առանձին հոդվածների վերաբերյալ հարցադրումները մենք նույնպես կքննարկենք եւ նախագիծը, որպես հանձնաժողովի կողմից առաջին ընթերցմամբ հավանության արժանացված փաստաթուղթ, մայիսի վերջին կտրամադրենք նաեւ հանրությանը։ Ինչ վերաբերում է մյուս բաժիններին, ապա աշխատանքները շարունակվում են։ Հանձնաժողովի բոլոր անդամներին հանձնարարվել է մինչեւ մայիսի 26—ը ներկայացնել իրենց նախապատրաստած տարբերակները։ Որոշ բաժիններ արդեն ներկայացվել են, սակայն դեռ չեն քննարկվել, որոշում է կայացվել մինչեւ մայիսի 28—29—ը առաջին ընթերցմամբ որոշակի խնդիրներ հստակեցնել։ Այստեղ պետք է լուծենք այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին մեզ առաջադրեց ՀՀ նախագահը։ Երկրի ղեկավարը հավանություն տվեց հայեցակարգին քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցություններից հետո եւ առաջադրեց խնդիր, որ համաձայն է պաշտպանել ժողովրդավարական զարգացումների ուղղվածությունը՝ համարելով դա շատ կարեւոր, միայն այն մտահոգությամբ, որ գտնվեն լուծումներ ներքին եւ արտաքին անվտանգության երաշխիքների ապահովման եւ կառավարման կայունությունը երաշխավորելու հարցում»։
Հայեցակարգը ներկայացնելու ժամանակ նշվել էր, որ երկրի քաղաքական ուժերի միջեւ անհրաժեշտ քաղաքական փոխհամաձայնության պարագայում նշված խնդիրների համարժեք լուծումներ կարող են գտնվել կառավարման խորհրդարանական համակարգի ներդրման պայմաններում, ինչն առավելապես քաղաքական ընտրության խնդիր է։ Այս խնդիրը վերջնականորեն լուծելու համար ՀՀ նախագահն առաջարկեց հանձնաժողովին ոչ միայն գտնել անվտանգության ապահովման եւ կայունության երաշխավորման երաշխիքներ, այլեւ սկսել գործընթաց քաղաքական կուսակցությունների հետ քննարկումներ։ Նման քննարկումներ, ըստ Գ. Հարությունյանի, առայժմ չեն եղել, որովհետեւ հանձնաժողովն ինքը, բացի հայեցակարգային մակարդակից, կոնկրետ լուծումների մակարդակի քննարկումների պատրաստ չէ. «Մայիսի 28—29—ին հիմնական հարցերի վերաբերյալ հանձնաժողովը իր դիրքորոշումները կհստակեցնի, եւ հունիսի սկզբից մինչեւ հունիսի 12—ը կկազմակերպվեն հանդիպումներ այն քաղաքական ուժերի հետ, որոնք հայտ կամ նկատառումներ են ներկայացրել բովանդակային քննարկումների վերաբերյալ։ Արդեն իսկ 14 կուսակցություններ նման նկատառումներ ներկայացրել են։ Հանձնաժողովի անդամները եռյակներով կհանդիպեն այս քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Արդեն կազմակերպվել է երկու հանդիպում ՀՅԴ եւ «Ազգային ինքնորոշում» միավորման ներկայացուցիչների հետ, քննարկվել է նրանց կողմից առաջադրված հարցադրումների փաթեթը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առանձին բաժինների վերաբերյալ քննարկումներ կազմակերպել։ Հանդիպում է տեղի ունեցել նաեւ ԲՀԿ ներկայացուցչի հետ. այդ կուսակցությունը վերապահումով է մոտեցել ընդհանրապես գործակցության աշխատանքներին՝ շեշտելով, որ բովանդակային քննարկման մասնակից կլինի միայն այն բաժինների վերաբերյալ, որոնք կառավարման համակարգին չեն առնչվում»։
ՍԴ նախագահը շեշտեց՝ եթե ցանկացած այլ կուսակցություն ցանկություն հայտնի որեւէ բաժնի վերաբերյալ իր դիտարկումների շուրջ քննարկումներ անցկացնել, հանձնաժողովը պատրաստ է դրան։ Այս քննարկումների արդյունքներով հնարավոր կլինի պաշտոնական տեղեկատվություն ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որ տեղի է ունենում տարեկան չորս անգամ, եւ հաջորդը լինելու է հունիսի 18—19—ին. «Սահմանադրական զարգացումներին չի կարելի մոտենալ մեխանիկորեն, դա անընդհատ գործընթաց պետք է լինի։ Դժբախտաբար մեզ մոտ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ էվոլյուցիոն, դինամիկ սահմանադրական զարգացումների հնարավորությունները խիստ սահմանափակված են։ Մենք չունենք օրգանական օրենքներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ երաշխավորել այդ զարգացումները, չունենք իշխանությունների սահմանադրական լիազորությունների հարցով վեճերի լուծման ինստիտուտ, մեկնաբանության ինստիտուտ եւ այլն։ Այս պարագայում մենք պարտադրված ենք սահմանադրական զարգացումներն իրականացնել միայն «վիրահատական միջամտության»՝ փոփոխությունների ճանապարհով։ Եթե այդ ճանապարհը մենք արհեստականորեն փակենք, ապա Սահմանադրությունն ինքը զարգացման խթանից կդառնա արգելակման միջոց»։
Օրինակ, Գերմանիայում 1949թ. Սահմանադրությունն ընդունելուց հետո այս տարիներին 225—ից ավելի փոփոխություններ են կատարվել այդ երկրի Հիմնական օրենքում այն դեպքում, երբ այստեղ նաեւ օրգանական օրենքների ինստիտուտ է գործում։ Այսինքն՝ սահմանադրական զարգացումները պետք է պայմանավորված լինեն նրանց անհրաժեշտությամբ, այլ ոչ թե իշխանությունների ցանկությամբ։ Իսկ անհրաժեշտության աստիճանը նշված էր հայեցակարգում։ Քաղաքական ուժերի հետ հանդիպումներից եւ արդեն աշնանը աշխատանքներն ամփոփելուց հետո հանձնաժողովը դրանք պետք է ՀՀ նախագահին ներկայացնի, սակայն հանրաքվեի անցկացման ժամկետների վերաբերյալ Գ. Հարությունյանը չցանկացավ կանխատեսումներ անել. «Չափազանց կարեւոր խնդիր է վստահության օրենսդրական, կառուցակարգային եւ ընթացակարգային երաշխիքների ստեղծումը։ Դրա համար հիմնարար քննարկման հարցերից մեկը ընտրական համակարգի հետ կապված բաժինն է, եւ այստեղ առանց բացառության ուսումնասիրվել է համաշխարհային ամբողջ փորձը։ Մենք ցանկանում ենք այդ ամենն ուսումնասիրելուց եւ քաղաքական ուժերի հետ քննարկելուց հետո որոշակի տարբերակ առաջադրել, որն իր լուծումներով պետք է առաջին հերթին կոչված լինի վստահության երաշխիքներ ապահովելուն»։
Նախագծում առաջարկվելու է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը լինի օրգանական օրենք, որը կընդունվի ոչ թե խորհրդարանի պարզ մեծամասնությամբ, այլ օրենսդիրի որակյալ մեծամասնությամբ, որի պարագայում փոքրամասնության դերակատարությունը խիստ որոշակի կլինի։ Առաջարկվելու է նաեւ, որ ԿԸՀ—ն դառնա սահմանադրական ինստիտուտ, եւ դրա ձեւավորման այնպիսի կարգ մշակվի, որը հուսալիության երաշխիքներ կբարձրացնի։ Ընդհանուր առմամբ, որպեսզի նշված սահմանադրական լուծումները գործեն, առնվազն վեց կամ յոթ օրգանական օրենք պետք է ընդունել, այդ թվում՝ ընտրական օրենսգիրքը, կանոնակարգ—օրենքը, Սահմանադրական դատարանի մասին օրենքը, դատական օրենսգիրքը եւ այլն. «Այս խնդիրների լուծումը որոշակիորեն կփոխի միջավայրը։ Եթե իշխանությունները նախաձեռնում եւ իրականացնում են նման բարեփոխումներ, անհնար է դրանք կյանքի կոչել առանց հստակ եւ վստահելի հանրաքվեի կազմակերպման ու անցկացման։ Որովհետեւ դրա հիմքում դրված ամբողջ գաղափարախոսությունը ոչ միայն անձի սոցիալական վարքագծի սահմանադրականությունն է եւ դրա հիմքում իրավունքի գերակայության սկզբունքի ամրագրումը, այն նաեւ քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի եւ հանրային իշխանությունների հանրային վարքագծի հիմքում է։ Եթե մենք կարողանանք նաեւ այդ խնդիրը դարձնել ընկալելի եւ իմաստավորված, ապա կկարողանանք որակ փոխել»։
ՍԴ նախագահի համոզմամբ՝ համալիր մոտեցումները պետք է հանգեցնեն այն բանին, որ հնարավոր լինի նորը դարձնել ապրող Սահմանադրություն։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 431 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024