«Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում»
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, Կորյուն Նահապետյանի նախագահությամբ, երեկ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով։
Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետական գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, կարեւորելով լսումների թեման, առանձնացրել է մի շարք հանգամանքներ։ Նա նշել է, որ ԶՈՒ—ում արդեն իրականացվում են միջոցառումներ հայրենական արտադրության տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման ուղղությամբ, որոնք հետեւողական եւ խելամտորեն իրագործելու արդյունքում հնարավորություն են ընձեռելու սեփական ջանքերով հասնել ռազմական կարիքների ապահովման նշանակալի մակարդակի։ Բացի այդ, սույն թվականի մայիսի 2—ին ուժի մեջ է մտել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքը՝ ստեղծելով ռազմարդյունաբերական համալիրի այնպիսի իրավական դաշտ, որը նպաստելու է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծման համար համակարգված քաղաքականության իրականացմանը։ Այնուամենայնիվ, հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ, ոլորտում առկա են նաեւ մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, ռազմարդյունաբերության ոլորտում մասնավոր հատվածի կայացմանը, ավելի բարձր մրցակցության խթանմանը, սոցիալ—տնտեսական եւ հարկային ավելի ճկուն քաղաքականության ապահովմանը, գնումների գործընթացի բարելավմանը, գիտահետազոտական եւ գիտատեխնիկական ներուժի ամբողջական զարգացմանը, օգտագործմանն ու խթանմանը, կադրային նպատակային քաղաքականության ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը։ Այս ուղղություններով միջոցառումների իրականացումը, հանձնաժողովի նախագահի վստահեցմամբ, հանգեցնելու է տնտեսության, հետեւաբար նաեւ՝ ռազմարդյունաբերության ոլորտում նորարարության աճին։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը նշել է, որ հայոց բանակը մարտունակ է եւ այս պահի դրությամբ ցանկացած իրավիճակում պատրաստ է նվազագույն կորուստներով կատարել իր առջեւ դրված յուրաքանչյուր ռազմական առաջադրանք։ Անդրադառնալով ռազմարդյունաբերության ստեղծման եւ զարգացման խնդիրներին՝ պարոն Միրզաբեկյանը նշել է, որ իրենց հիմնական խնդիրները եղել են ռազմարդյունաբերական համալիրի, ԶՈՒ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման ընթացիկ եւ երկարաժամկետ ծրագրերի մշակումը, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծման եւ դրանց արտադրման կազմակերպումը, ռազմարդյունաբերության համալիրի կազմակերպությունների գիտաարտադրական հզորությունների պահպանման եւ զարգացման ապահովումը եւ այլն։ Ըստ նրա՝ նախկինում եղած խնդիրները կան նաեւ այսօր, որոնք կապված են կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հետ։ Պարոն Միրզաբեկյանը նշել է, որ ինժեներների եւ նեղ մասնագետների տարիքը տատանվում է 55—70—ի միջեւ, իսկ կադրերի վերապատրաստման ուղղությամբ ներկայումս կտրուկ քայլեր չձեռնարկելը կհանգեցնի արմատական խնդիրների։ Փոխնախարարը մտահոգություն է հայտնել նաեւ ցածր աշխատավարձերի կապակցությամբ, ինչի պատճառով չեն կարողանում ներգրավել լավ մասնագետներ, իսկ նորեկներն էլ փորձ ձեռք բերելով՝ որոշ ժամանակ անց լքում են համակարգը եւ բարձր աշխատավարձով աշխատանքի անցնում այլ կազմակերպություններում։ Ալիկ Միրզաբեկյանը տեղեկացրել է, որ վերջին երեք տարիների ընթացքում որոշ ծրագրերի եւ տնտեսած գումարների հաշվին լուծվել են մի շարք առաջնային խնդիրներ։
«ԼՏ—ՊԻՐԿԱԼ լազերային տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գագիկ Բունիաթյանը կիսել է փոխնախարարի մտահոգությունը, նշելով, որ իրենց մոտ նույնպես մասնագետները ցածր են վարձատրվում, սակայն իրենց մասնագետների միջին տարիքը համեմատաբար ցածր է։ Ըստ նրա՝ իրենց ընկերությունը գործունեություն է ծավալում երկու հիմնական ուղղություններով։ Կազմակերպությունը շուրջ 17 երկրի համար մշակում, արտադրում եւ սպասարկում է լազերային օպտիկական բաղադիրչներ ու լազերային համակարգեր, իսկ Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունների համար՝ ռազմական նշանակության օպտիկական, օպտիկաէլեկտրոնային եւ լազերային համակարգեր։
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» տնօրեն Կարեն Վարդանյանն էլ նշել է, որ ամենամեծ խնդիրը ռազմարդյունաբերական համակարգը ՊՆ համակարգում թողնելն է։ Ըստ նրա՝ դրանք պետք է առանձնացնել։ Որպես խնդիր՝ պարոն Վարդանյանը նշել է նաեւ պատվիրատուի խնդիրը, ով պետք է կարողանա ձեւավորել ճիշտ պատվեր, այսինքն՝ գլխավոր շտաբը պատվիրելուց առաջ պետք է տեղեկացված լինի բարձր տեխնոլոգիական ոլորտում առկա վիճակի մասին։ Կարեն Վարդանյանը մտահոգություն է հայտնել, որ այսօր ընդամենը 3 ընկերություն կա, որոնք աշխատում են բանակի հետ՝ օգտագործելով շատ քիչ ռեսուրսներ։
Զեկույցով հանդես է եկել նաեւ «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Վրթանեսյանը։ Նա նշել է, որ Հայաստանում չկան ռազմական ոլորտի անկախ փորձագետներ, այնինչ, հասարակությունն ունի դրա կարիքը։ Բանախոսի դիտարկմամբ՝ այլ երկրներում նրանք լինում են նախկին զինվորականները կամ ռազմարդյունաբերական ոլորտում աշխատած քաղաքացիները։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է մշտապես ուշադրության կենտրոնում պահել ռազմական ոլորտն ուսումնասիրող անկախ կառույցները, ինչպես նաեւ պետք է պատվիրվեն շուկայում առկա առաջարկների թեմատիկ հետազոտություններ ինչպես արտադրողներին հնարավորություն տալով խնայել գումար եւ ժամանակ, այնպես էլ նրանց համար հայտնաբերելով նոր հնարավորություններ։
Ամփոփելով խորհրդարանական լսումները՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ այս հարթակը հնարավորություն է տալիս վեր հանել ռազմարդյունաբերական ոլորտում առկա խնդիրները։ Նա ընդգծել է, որ ռազմարդյունաբերական ոլորտի նորարարական զարգացման համար ստեղծված են բավարար իրավական հիմքեր, որոնց հիման վրա նպատակային քաղաքականության եւ թիրախային ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա կտրուկ կերպով բարձրացնելու նորարարության մակարդակը։ Պարոն Նահապետյանը մեկ անգամ եւս կարեւորել է ոլորտը կարգավորող օրենքը՝ նշելով, որ դրանով կարգավորվելու են ինչպես ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակները, սկզբունքները եւ խնդիրները, այնպես էլ ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների իրավունքները։ Այս օրենքի հիման վրա ձեւավորվելու են նաեւ համապատասխան կառույցներ։
|