ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 04:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 20 » Ունենք պաշար, ներուժ, միտք, նաեւ՝ խնդիրներ /Պետությունն ու գործարարը համատեղ ելքեր են փնտրում/
12:08
Ունենք պաշար, ներուժ, միտք, նաեւ՝ խնդիրներ /Պետությունն ու գործարարը համատեղ ելքեր են փնտրում/

Երեկ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած հերթական քննարկումը նվիրված էր Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի արտադրատեսակների արտադրության եւ այլ շինանյութերի արտադրության ոլորտների խնդիրներին։ Քննարկումը վարում էր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Միջոցառումը, որին ներկա էին 23 ընկերությունների ներկայացուցիչներ եւ նախարարության վարչության պետեր, նաեւ Զարգացման հայկական գործակալության եւ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ձեւական բնույթ չուներ։ Ոլորտի ընկերությունների ղեկավարները հստակ ներկայացրեցին իրենց խնդիրները եւ կա՛մ ստացան հստակ պատասխաններ, կա՛մ հստակ խոստում՝ արծարծված հարցրեն ուսումնասիրելու։
Կարեն Ճշմարիտյանը քննարկման սկզբում նկատեց, որ ինքը պատրաստ է լսել ոչ միայն ոլորտին բնորոշ՝ ընդհանրական խնդիրների, այլեւ առանձին ընկերությունների առջեւ ծառացած խոչընդոտների մասին։ Որովհետեւ խոսքը մի բնագավառի մասին է, որը զարգացման ներուժ ունի։ Եվ շատ մեծ ներուժ, որովհետեւ մեր երկիրը ոչ մետաղական օգտակար հանածոների պաշարների բազմազանությամբ ու հարստությամբ աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը։ ՀՀ—ն ունի ոչ մետաղական հանքանյութերի պաշարներ, որոնք կարող է օգտագործել հարյուրավոր տարիներ։ Մեր հանրապետության փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի գրեթե բոլոր տեսակի հանքանյութային ապարները։ Այս ամենով է պայմանավորված, որ ոչ մետաղական հանքանյութերի արտադրության ոլորտը դեռ խորհրդային տարիներից դասվել է Հայաստանի արդյունաբերության հիմնական ոլորտների շարքին եւ էական դերակատարում է ունեցել տնտեսությունում։ Հիմա էլ այս ոլորտը համարվում է զարգացման եւ արտահանման մեծ ներուժ պարունակող հատված։ Կարեւորելով ոլորտի զարգացման հեռանկարները՝ կառավարությունն ընդունել է ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգ, որի նպատակն է նախանշել զարգացման ուղիները, վեր հանել խոչընդոտները, դրանց լուծման ուղիներն ու աջակցության հնարավորությունները («ՀՀ»—ն ոլորտի վիճակը, խնդիրներն ու լուծումները մանրամասն ներկայացրել է, այդ իսկ պատճառով դրանք այստեղ չենք մեջբերի եւ կկենտրոնանանք միայն ընկերությունների կողմից քննարկման ժամանակ արծարծված հարցերին)։
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ 2014թ. 10 ամիսների դրությամբ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ոլորտի 219 ընկերությունները արտադրել են 44.2 մլրդ դրամի արտադրանք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է նույն քանակի արտադրանք։ Արտահանվել է շուրջ 7 մլրդ դրամի արտադրանք։ Ոլորտում աշխատում է 4970 մարդ։ 2014թ. առաջին կիսամյակում շինանյութերի արտադրության ոլորտի շինարարական պլաստմասե արտադրատեսակների, լաքերի եւ ներկերի, ինչպես նաեւ սոսինձների արտադրությամբ զբաղվել է 131 ընկերություն, որոնք արտադրել են 4.78 մլրդ դրամի արտադրանք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է 8.8 տոկոսի անկում։ Ոլորտի արտադրանքը հիմնականում սպառվում է ներքին շուկայում։ Ոլորտում աշխատում է 1411 մարդ։
Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում այս թվերի խոհանոցում՝ ըստ ոլորտի ընկերությունների։ Մինչ այդ ասենք, որ, ըստ հայեցակարգի, ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտը զարգացնելու համար պետությունը 4 ուղիներ է նախաշնել. 1. ընտրել առավել շահութաբեր եւ տնտեսության համար կարեւոր արտադրատեսակները, պահպանված գործարաններից մի քանիսը դասակարգել ըստ այդ արտադրատեսակների արտադրության համար պիտանիության, 2. ներքին շուկայի պահանջարկներից ելնելով՝ խթանել մի շարք արտադրատեսակների արտադրությունը, 3. ապահովել ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման միջազգային նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան, 4. ընտրել միջազգային շուկայում առավել մրցունակ արտադրատեսակներ եւ աջակցել դրանց արդյունահանմանը։ Գանք խոհանոցին. եթե ընդհանուր, ապա վիճակը հետեւյալն է. կան գաղափարներ, ծրագրեր, ներուժ, որակ, բայց ապրանքը մրցունակ չէ, որովհետեւ ներքին արտադրողը պաշտպանված չէ։ Այլ կերպ՝ մրցունակ չէ գնային առումով։ Էլի խնդիրներ կան։ Պետությունը հետ չի քաշվում, պատրաստ է աջակցել՝ մանավանդ նրանց, ովքեր նորարարական մտքեր կունենան ու նոր տեխնոլոգիաներ կկիրառեն։ Իսկ եթե բացենք փակագծերը, ապա հետեւյալ պատկերը կստացվի։
Օրինակ՝ ըստ «Օնիքս» ընկերության տնօրեն Գագիկ Կիրակոսյանի, իրենք ծրագիր ունեն, որ կարող է փոխարինել փայտին ու մետաղին։ Խոսքը բազալտի թելի մասին է (ժամանակին սրա արտադրության ու գործածության ոլորտների մասին «ՀՀ»—ն գրել է)։ 7—8 տարիների ընթացքում ընկերությունը, տնօրենի խոսքերով, մեծ դժվարություններ է անցել ու հիմա խնդիրների լուծման համար առաջարկներ ունի։ Ասենք՝ ԿԲ—ն այն գումարները, որ պահում է, կարող է ներդնել արտադրության մեջ. ե՛ւ աշխատատեղեր կստեղծվեն, ե՛ւ պետությունը կշահի։ Կարեն Ճշմարիտյանն ասաց, թե ԿԲ—ն այլ գործառույթներ ունի, իսկ գործարարին աջակցել կարող է, օրինակ, ՓՄՁ զարգացման ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որ կարող է ֆինանսավորել ծրագրերը։ «Օնիքսի» տնօրենը նաեւ ասաց, թե ինքը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն է դիմել իր արտադրանքն օգտագործելու առաջարկով, այն էլ բազալտե նյութերը կարող են ռադիոպաշտպանիչ ֆիլտր լինել. «Մենք առաջարկում ենք, մենք մասնագետ չենք, ակնկալում ենք, որ մասնագետների խումբ կհավաքվի եւ կասի՝ լավ է այդ նյութը կիրառելը, թե՝ ոչ։ Իսկ ԱԷԿ—ից մեզ պատասխանել են, թե փորձարկումը մենք («Օնիքսը») պիտի անենք»։ Ի պատասխան՝ Կարեն Ճշմարիտյանն ասաց, թե պետք չէ նեղանալ կամ մեղադրել, քանզի, այո, նորարարական ծրագրերը պետք է փորձարկվեն։ Նախարարն առաջարկեց, որ իրենք պատրաստ են աջակցել իրենց մասով՝ արդյունաբերության զարգացման կենտրոնի միջոցներով։
Միջոցների ու շուկայի նմանատիպ խնդիր չուներ «Մանանա սթոնը»։ Տնօրեն Յուրա Նիկողոսյանը բարձրացրեց խնդիրներ ընդհանրապես ձեւակերպումների, մաքսային ձեւակերպումների, ԵՏՄ—ի անդամակցությամբ պայմանավորված նոր շուկաների եւ, ըստ այդմ, նոր ձեւակերպումների հետ կապված։ Մասնավորապես՝ ամեն անգամ ապրանքն արտահանելիս հավաստագիր են ուզում, ինչը ընկերությունը ճիշտ չի համարում։ Հունվարից հետո ինչպես է լինելու ԵՏՄ շուկաներ արտահանման ժամանակ։ Նախարարը ասաց, որ բոլոր պարզաբանումները ամենայն մանրամասնությամբ գործարարը կստանա՝ նախարարություն դիմելով։ «Մանանա սթոնը» արտահանման շուկաներ էլ ունի՝ Իսպանիան, Իտալիան, Գերմանիան եւն։ Բայց այսքանով հանդերձ՝ համարում է, որ գործարարն անպաշտպան է. «Ամեն տարի ստուգումները մեզնից 60—90 օր են խլում»։ Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ ԱԺ—ն արդեն հաստատել է տեսչական բարեփոխումների հետ կապված համապատասխան փաստաթուղթը։ Եվ 18 տեսչական մարմիններից ՀՀ—ում 3 տարում մնալու են 10—ը։ Փոխվելու են այս մարմինների բնույթն ու ձեւը, կառավարման համակարգը՝ նույնպես։ Տեսչական մարմինը առաջին այցի ընթացքում տուգանք չի կիրառելու (որոշ բացառություններով)։ «Արդեն եկող տարվանից գործարարները որոշակի տարբերություն հաստատ կզգան»,–վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը։
«Ռոս պլաստի» ներկայացուցիչը նշեց, որ իրենց արտադրած պլաստմասե խողովակները որակական առումով լավն են, բայց ներքին շուկայում չեն կարողանում մրցել թուրքականի հետ։ Ճիշտ է, մենք Թուրքիայի հետ ոչ մի կարգի հարաբերություններ չունենք, բայց պետությունը կարող է պաշտպանել ներքին արտադրողին, չէ՞ որ թուրքականը, հենց նպատակադրված, կարող է «ջարդել» մեր ներքին արտադրողին ոչ թե որակական, այլ գնային առումով։ Ինչեւէ, Կարեն Ճշմարիտյանը հանձնարարեց նախարարությայն արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանին՝ հարցը ուշադրության կենտրոնում պահել։
Նմանատիպ մի հարց էլ «Հրազդան ցեմենտի» տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը բարձրացրեց՝ գնային տեսակետից իրենք չեն կարողանում մրցել ոչ վրացականի եւ ոչ էլ թուրքականի հետ։ Որովհետեւ ապրանքի 65 տոկոսը «էներգետիկայի բաժինն է»։
Բացի այդ՝ Վրաստանը հայկական ընկերությունների համար տարանցիկ վարձն էլ է թանկացրել։ Կարեն Ճշմարիտյանը զարմացավ այս նորությունից։ Խոստացավ, որ այն առաջիկայում հայ—վրացական աշխատանքային խմբի նիստի ժամանակ կներկայացնի իր գործընկերոջը։ Եվ եթե հարցը չկարգավորվի, այդ մասին կտեղեկացվի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը։
Միով բանիվ, այս գործարանի հարցը նախարարը խոստացավ առանձին քննարկել։
«Դիատամիտ» ընկերության տնօրեն Աշոտ Բաղդասարյանը չդժգոհեց՝ ասելով, թե 100 տոկոսով աշխատող ձեռնարկություն է, շուկաներ ունի Եվրոպայում, ԱՊՀ—ում, Իրանում, եւ նույնիսկ կարող է ավելացնել թե արտադրանքի եւ թե արտահանման ծավալները, եթե 3 տոկոսով եվրոպական վարկ կարողանա ունենալ։ «Պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Տեսնենք ինչ կարող ենք անել»,–ասաց նախարարը։
Այլ տեսակետներ էլ հնչեցին։ Քննարկման ավարտին նախարարը գործարարներին կոչ արեց չկենտրոնանալ մեկ շուկայի վրա։ Այո, տրանսպորտային խնդիրների լուծման պարագայում մեծ հեռանկարներ կբացվեն, օրինակ, պեռլիտի՝ որպես ձայնաջերմամեկուսիչ շինանյութերի արտադրության եւ արտաքին շուկայում իրացման համար։ Լայն կիրառում կարող է ունենալ հայկական բարձրորակ բազալտի հիմքի վրա ձուլածո շինանյութերի, մասնավորապես՝ շինարարական ամրանների արտադրությունը։ Կամ՝ մագնեսիլիկոնային ապարների բաղադրությունը թույլ է տալիս ստանալ հրահեստ, հրակայուն եւ բարձր ջերմաստիճանային ջերմամեկուսիչ արտադրանք, եւ այս ամենը կարող ենք իրացնել տարբեր շուկաներում։ Հիմա ճիշտ է, տրանսպորտային խնդիրները լուծված չեն, բայց կան չէ՞ հաջող աշխատող ձեռնարկություններ։ «Այնպես որ, երբ ուզում են անել ինչ—որ բան, ելքեր են փնտրում, երբ չեն ուզում՝ պատճառներ են ման գալիս»,–ասաց նախարարը եւ երկրորդեց մեկ շուկայով չբավարարվելու գաղափարը։ Նրա խոսքերով, մեր գործարարներից շատերը երբ մի շուկայում 2 դոլարով բաժակ են վաճառում, մոռանում են, որ կա մեկ այլ շուկա, որտեղ այդ բաժակը 10 դոլար է, կամ չեն ուզում այդ 2 դոլարանոց բաժակի վրա անել եւս 3 դոլարի ծախս ու մտնել 10 դոլարանոցի շուկան. «Գործարարների 70—80 տոկոսը չեն մտածում ավելի թանկ շուկաներում հայտնվելու մասին։ Լուրջ իրավաբաններ չեն պահում։ Ավելին՝ կան այնպիսիք, որ օրենսդրության այս կամ այն դրույթը իմանում են միայն այն ժամանակ, երբ հարկայինն է «մտնում»։
Ներկաներից շատերն ասացին, որ պետությունից աջակցություն են ակնկալում, որպեսզի պետությունը լինի իրենց կողքին, ոչ թե միայն պահանջողի եւ պատժողի դերում։ Նախարարն էլ նկատեց. «Դրա համար էլ ձեզ հրավիրել ենք քննարկման»։ Միաժամանակ հավելեց, թե առաջնահերթորեն ուշադրություն կդարձնեն այն ծրագրերին, որտեղ կա նորարարություն։
Պետությունը ոլորտի զարգացման հայեցակարգը հաստատելով՝ առաջարկեց ստեղծել արտադրությունների շղթայական, էներգախնայողություն ապահովող համակարգ, որը կնպաստի ինչպես ընդերքօգտագործման բնագավառի, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը։ Սա է ճանապարհներից մեկը տնտեսությունը ոտքի հանելու։ Եթե չենք ուզում դառնալ բացառապես սպասարկող երկիր, ապա այլընտրանք չունենք՝ պետք է զարգացնենք արդյունաբերության բոլոր այն ճյուղերը, որի ներուժն ունենք։ Թե դա ինչ միջոցներով արդեն կարվի, պետության, գործարարի, ներդրողի քննարկելիքն ու որոշելիքն է։ Մենք պիտի ելքեր գտնենք, այլապես սպասելով տրանսպորտային խնդիրների լուծմանը, կարող ենք ուշանալ։ Եթե կա պաշար, այն չօգտագործելը (խոսքը ոչ թե շահագործելու, այլ՝ խելամիտ օգտագործելու մասին է) անմտություն է։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 473 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024