ՅՈՒՆԵՍԿՕ—ի հիմնադրման 70—ամյակին նվիրված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «2015—ից հետո» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի «Մշակույթի ապագան. ապագայի մշակույթը» խորագիրը կրող ամփոփիչ նիստին ընդունվեց Երեւանյան հռչակագիրը, ըստ որի՝ խստորեն դատապարտվեց մշակութային վանդալիզմը, որը վերջին շրջանում աննախադեպ չափերի է հասել։ Հռչակագրով հաստատվեց, որ յուրաքանչյուր ազգ իրավունք ունի մշակութային արժեքներ ստեղծելու եւ ներդաշնակ ապրելու, կոչ արվեց պահպանել մշակութային բազմազանությունը։
Ամփոփիչ նիստին մշակույթի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը շեշտեց, թե մշակութային ժառանգության հանդեպ ոտնձգություններն այլ կերպ անհնար է ներկայացնել, քան մշակութային ցեղասպանություն։ «Որովհետեւ ժողովրդի ոչ միայն ֆիզիկական, այլ մշակութային ոչնչացումն է, որը կարող է վերացնել ժողովրդի հետքը մարդկության պատմությունից»,–ասաց նա եւ հավելեց, որ մշակութային եւ կրոնական ժառանգության հետեւողական եւ շարունակական ոչնչացումը պետք է դատապարտեն նույն վճռականությամբ, ինչ մարդկությանը։
«Մշակույթը անհերքելի դերակատարում ունի կայուն զարգացման գործում, որի հրամայականն այսօր առավել քան արդիական է։ Այս պարզ գիտակցումը աշխարհում կբերի կայունություն եւ խաղաղություն»,–ասաց նա։
Փոխնախարարը նշեց, որ եռօրյա կոնֆերանսի կարեւոր ուղերձն էր ժողովուրդների միջեւ երկխոսության եւ փոխըմբռնման ուղեկցման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը եւ ոչ թե ժողովուրդների միջեւ արհեստական անջրպետներ առաջացնելը։
«Մշակութային բազմազանության պահպանումը նույնքան անհրաժեշտ է հաջորդ սերունդների համար, որքան կենսաբազմազանության պահպանման համար»,– ասաց նա։
ՀՀ փոխնախարարը հիշեցրեց, որ Ջուղայում հազարավոր հայկական խաչքարերի ոչնչացումը միջազգային հանրության կողմից մնաց անպատիժ՝ պարարտ հող ստեղծելով Սիրիայում եւ Իրաքում մշակութային հսկայական ժառանգության ոչնչացման համար։ «Այն, ինչ տեսնում ենք այսօր՝ աննախադեպ է իր չափերով։ Այսօր մշակութային արժեքների միտումնավոր ոչնչացումը դարձել է ռազմավարական մարտավարության ձեւ»,– ասաց նա եւ հավելեց, թե նման սպառնալիքի համար պետք է միջազգային ջանքերի միավորում ապահովել։
«Հուսով եմ, որ ընդունված հռչակագիրն իր լուման կունենա, ամփոփած սկզբունքները գործնական կիրառում կգտնեն համամարդկային մշակութային ժառանգության պահպանման համար»,–ասաց նա։
ՅՈՒՆԵՍԿՕ—ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերեզ դե Արմենիան շեշտեց, թե մշակութային բազմազանությունը պետք է ընդունվի քաղաքականության մեջ, եւ հավելեց, որ Հայաստանը կարող է լինել առաջնորդ այս օրինակով, թե ինչպես է մշակույթը ներառվում կայուն զարգացման օրակարգում։
«Անհրաժեշտ է կոչ անել միջազգային հանրությանը համագործակցության ուղղությամբ, հակամարտության գոտիներում վերջ դրվի մշակութային արժեքների ոչնչացմանը»,–ասաց նա։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վստահեցրեց, որ հետագայում հավատարիմ են մնալու ՅՈՒՆԵՍԿՕ—ի կոնվենցիային եւ շարունակելու են համագործակցությունը։
«Եվրոպական միության ծրագրերը, շատ կայուն եւ դինամիկ ներդաշնակ ձեւով ինտեգրվում են մեր գաղափարախոսության հետ։ Վերահաստատում ենք մեր աջակցությունը մշակութային բազմազանությանը որպես մարդկության քաղաքակրթության անբաժանելի մաս, եւ մեր կողմից ապահովելու ենք բոլոր երաշխիքները»,–ասաց նա։
Նախարարը նշեց, թե ողջունում են այն մոտեցումը, որ պետք է միավորվեն՝ հանուն մշակութային ժառանգության պահպանության եւ ընդդեմ մշակութային ցեղասպանության։
Նշենք, որ կոնֆերանսին մասնակցում են պատվիրակներ 45 երկրից եւ միջազգային կազմակերպություններից։
|