ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 10 » Պաշտպանված երկրում՝ պաշտպանված քաղաքացի /Քննարկեցին մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները/
13:22
Պաշտպանված երկրում՝ պաշտպանված քաղաքացի /Քննարկեցին մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները/

Դեկտեմբերի 10—ն աշխարհում նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ 
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Հայաստանում անցել է ձեւավորման եւ զարգացման երկար ճանապարհ՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերում առնչվելով իշխանության տարբեր մարմինների ու գերատեսչությունների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ՄԻՊ գրասենյակը երեկ կազմակերպել էր կլոր սեղան՝ ութ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկա էին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ուրիշներ։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի այս օրը հանդիպումների ժամանակ միշտ հարցադրում է կատարվում, թե որոնք են այն պետական մարմիններն ու ովքեր են այն պաշտոնյաները, որոնք մարդու իրավունքների պաշտպանության հարցում մեծ դերակատարում ունեն, դրական աշխատանք կատարած այն պետական մարմինները, որոնք համագործակցել են մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետ։
«Եվ յուրաքանչյուր տարի անուններ հնչեցնելու փոխարեն որոշում է կայացվել այստեղ հավաքել այդ պաշտոնյաներին եւ ներկայացնել անձամբ, որովհետեւ դժվար է խոսել դրականի մասին, առանց այդ մարդկանց ներկայության, եւ շատ ավելի արդյունավետ է, որ մենք այստեղ նստած քննարկենք տարվա ձեռքբերումները եւ մտածենք հաջորդ տարվա մասին»,–ասաց օմբուդսմենը։
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարության գործառույթներին՝ Կ. Անդրեասյանը նշեց, որ այս տարի հայոց բանակը պաշտպանեց բոլորիս կյանքի եւ արժանապատվության իրավունքը ադրբեջանական կանոնավոր ագրեսիայից, եւ սա մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքների լավագույն դրսեւորումներից էր։ Բացի այդ՝ հետեւողական աշխատանքի շնորհիվ վերադարձվել են մեր հայ ռազմագերիները, ուղղաթիռի անձնակազմի աճյունները, զորակոչը մաքրվել է բժշկական մանիպուլյացիաներից, էականորեն նվազել են կոռուպցիոն դրսեւորումները զորակոչիկների բաշխման գործընթացներում։
«Սրանք այն դրական աշխատանքներն են, որ արդեն ֆիքսել ենք եւ վստահ ենք՝ նախարարի հետ աշխատանքը շարունակվելու է հատկապես բանակում փողոցային բարքերի դեմ պայքարի, ոչ կանոնադրային հարաբերությունների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ։ Այստեղ դերակատարում ունենք բոլորս»,–ասաց Կ. Անդրեասյանը։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ ոգեւորիչ է, երբ պետական ամենաբարձր մակարդակով լրջագույն ուշադրություն է դարձվում հատկապես մարդու իրավունքների պաշտպանության օրվան։ Սակայն, նրա կարծիքով, յուրաքանչյուրը, լինի պետական գործիչ կամ ՀՀ շարքային քաղաքացի, մարդու իրավունքների օր պետք է հռչակի տարվա յուրաքանչյուր օրը, քանզի այդ գաղափարը պետք է ընկած լինի բոլորի գործունեության հիմքում։
«Պաշտպանության նախարարությունն իր գործառույթների շրջանակներում լինելով ռեժիմային կառույց, այդուհանդերձ հանդես է գալիս հենց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Երկրի պաշտպանության գործառույթի արդյունավետ իրականացումը նաեւ յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանության երաշխիք է։ Պետք է յուրաքանչյուրն իր իրավունքներին տեր լինի, համարձակ նախաձեռնողականություն ցուցաբերի, քանզի այդ համաձակ կեցվածքն է, որ յուրաքանչյուր զինծառայողին հնարավորություն է տալիս իր պարտականությունները լիարժեք կատարել առօրյա գործունեության մեջ»,–ասաց նախարարը։
Ս. Օհանյանի խոսքով՝ զինված ուժերը հիմնված են «պաշտպանված երկրում պաշտպանված քաղաքացի» բանաձեւի վրա։ ՀՀ պաշտպանության նախարարը պարզաբանեց, որ սովորաբար ներկայացվում է «զինծառայողների իրավունքների պաշտպանություն» եզրույթը, այն դեպքում, երբ ավելի ճիշտ է կիրառել «զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն» հասկացությունը։ Այս մոտեցումը «համազգեստով քաղաքացիներ» հայեցակարգի մասն է կազմում, որին նախարարությունը ձգտում է մոտարկել իր քաղաքականությունն ու կառավարման մոդելը. «Դրա նպատակն է աստիճանաբար հնարավորինս կրճատել զինծառայողների իրավունքների՝ օբյեկտիվ հիմքերով պայմանավորված սահմանափակումները եւ հնարավորություն տալ զինծառայողին՝ առավելագույնս օգտվել քաղաքացու համար սահմանված իրավունքներից։ Մենք, իհարկե, ուտոպիստ չենք եւ հասկանում ենք, որ աշխարհի ամենաժողովրդավար բանակներն էլ ամենաժողովրդավարը չեն, ունեն համապատասխան սահմանափակումներ, բայց այդուհանդերձ մենք գտնում ենք, որ իրավունքների գերակայությունը հնարավորություն է տալու, որ այդ գործում մենք ունենանք ավելի մեծ արդյունավետություն»։
Իհարկե, անվտանգային միջավայրում որոշ սահմանափակումներ նույնիսկ կենսական նշանակություն ունեն զինված ուժերի գործունեության համար։ Օրինակ, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը գործնականում բանակում հնարավոր չէ վերացնել, քանի որ դրա արդյունքում խախտվում է ողջ պաշտպանական համակարգը։ Սակայն, Ս. Օհանյանի խոսքով, իրենց ջանքերն ուղղված են այնպիսի մոդելի ստեղծմանը, որն առավելագույնս կերաշխավորի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Զինված ուժերի տեսլականն է՝ կառուցել այնպիսի մարդակենտրոն բանակ, որտեղ զինվորը ոչ թե ռեսուրս է, այլ անհատականություն, եւ որտեղ ստեղծված են ոչ միայն զինվորի գոյատեւման, այլեւ նրա զարգացման, ինչու չէ, նաեւ նրա վերադաստիարակման բոլոր պայմաններն ու խնդիրները. «Այդ իսկ պատճառով զինված ուժերում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության ծրագրեր են իրականացվում, այլեւ քայլեր են ձեռնարկվում հանցավոր արժեհամակարգի ներթափանցումը բանակային միջավայր կասեցնելու ուղղությամբ։ Օրինակ, վերջին տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցության ծրագրի շրջանակներում հանրակրթական ավագ դպրոցներում նախազորակոչային տարիքի աշակերտների համար անցկացվում է զինվորական ծառայության հոգեբանական եւ սոցիալ—իրավական պատրաստության ծրագիր։ Դրա շրջանակներում անց են կացվում սթրեսի կառավարման, զինվորական ծառայությանն արագ հարմարվելու, կոնֆլիկտների կանխարգելման, զինծառայողների իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ տարբեր տիպի դասախոսություններ եւ պարապմունքներ»։
Պաշտպանության նախարարը փաստեց՝ ուսման եւ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ ներկայումս ահռելի աշխատանք է կատարվում, եւ համակարգային մակարդակի վրա է դրված թե՛ կուրսանտների, թե՛ պարտադիր ժամկետային զինծառայողների, թե՛ սպայակազմի շրջանում մարդու իրավունքների ուսուցումը։ Պատրաստվել են ուսումնական ձեռնարկներ, ուսումնական մեթոդիկա, լրացուցիչ դասընթացներ են անցկացվում սպայակազմի եւ հատկապես ռազմական ոստիկանության աշխատակիցների համար։ Ուշադրությունից դուրս չեն մնում նաեւ զինղեկները, ում հետ նախարարությունը համագործակցում է եւ ում համար հատուկ վարժանք—պարապմունքներ են անցկացվում ոլորտում առկա հարցերը ճիշտ ձեւով մատուցելու համար։
Խոսելով իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին՝ Ս. Օհանյանը ընդգծեց, որ ճիշտ կիրառման դեպքում դրանք ավելի քան բավարար են խնդիրներից խուսափելու համար։ Բացի դասական՝ ըստ վերադասության, բողոքարկման մեխանիզմից. գործում են նաեւ ներհամակարգային «թեժ գծի», նախարարի փոստի, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի, կամ արտահամակարգային իրավապաշտպան կառույցների՝ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսչության, կամ իրավապահ մարմինների միջոցով իրավունքները երաշխավորելու բազում միջոցներ. «Այստեղ մենք նույնպես արձագանքում ենք եւ համապատասխան աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ։ Մեր իրականությունն այնպիսին է, որ գրեթե յուրաքանչյուր ընտանիք «սեփական դեսպանն» ունի բանակում, եւ գործում ենք ընտանիքների հետ համագործակցության շրջանակներում։ Ցավոք, այստեղ եւս առկա է իրավունքների պաշտպանության միջոցներից օգտվելու հասարակական գիտակցության պակասի կամ ավելի վտանգավոր՝ քրեական կեղծ ենթամշակույթի խնդիր, որի հիմքում ընկած է «չբողոքելու», «սեփական հարցերն ինքնուրույն լուծելու» արատավոր պրակտիկան, որը շատ դեպքերում այս կամ այն չափով նաեւ պատճառ է հանդիսանում զինված ուժերում տարբեր հանցագործությունների կատարման համար։ Այս ամենի դեմ պայքարելու ցանկությունն է, որ ստիպել է մեզ ընդլայնել մեր լիազորությունների շրջանակը հատկապես այս տարի, եւ հաջորդ տարի մենք դա շարունակական ենք դարձնելու»։
Նախարարը հիշեցրեց՝ 2014թ. համար բանակի նշանաբանն է՝ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը. մեր ամրոցում՝ մեր օրենքներով, կամ միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ»։ Այսինքն՝ նա, ով չի ցանկանում ապրել այդ ամրոցի օրենքներով, կարող է գնալ ու ապրել այլ ամրոցի օրենքներով. «Խնդիրները լուծելու համար մենք համագործակցում ենք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ոստիկանության, դպրոցների, բուհերի, հասարակության հետ։ Արդյունքն արդեն իսկ նկատելի է, քրեածին հիմք ունեցող արտակարգ պատահարները այս տարի 2.5 անգամ նվազել են։ Սակայն միանգամից չի կարելի ասել, որ դա միայն այս տարվա աշխատանքի արդյունքն է։ Դա արդյունք է նաեւ նախկին մեր համակարգված աշխատանքի։ Մեր հրամանատարության գործունեության մեջ դրսեւորվում է պատասխանատվություն առ այն, որ բանակը պետք է զտիչ դերակատարում ունենա եւ հասարակությանը վերադարձնի քրեական ռոմանտիկայից հնարավորինս զերծ, հայրենասեր քաղաքացու»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 475 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024