Եվրոպական խաղերը կարող են դառնալ Ալիեւի արեւելյան գործընկերության արեւամուտը
Ռիգայում ավարտված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովն անկախ իր արդյունքից եւ մասնակից երկրների դիրքորոշումներից,իսկապես գործընկերային հարթակ է մնում դրա մասնակից երկրների համար։ Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս էլ Երեւանում անցկացվեց Արեւելյան գործընկերության քաղաքականության խորհրդարանական հարթակ Եվրանեսթի ԽՎ—ի չորրորդ լիագումար նիստը, որին չմասնակցեց Ադրբեջանի պատվիրակությունը։
Լատվիայում հերթական անգամ պարզվեց, որ Ադրբեջանում նավթային հարթակներից բացի որեւէ այլ բան չեն տեսնում, եւ քանի որ Ռիգայում նավթային շահը չէ, որ առաջին պլանում էր, Ադրբեջանի նախագահն այնտեղ անելիք չուներ, մանավանդ որ, այսպես ասած, գիտեր այն վերաբերմունքը, որ կա եվրոպական արժեքները, տվյալ դեպքում մարդու հիմնարար ազատություններն արհամարհողների հանդեպ։ Իսկ այս պահին Ադրբեջանը այդ հարցում առաջամարտիկ է։ Եւ որքան էլ նրա նախագահի՝ Ռիգա չմեկնելը նախապես փորձեցին պատճառաբանել Բաքվում նախատեսված Եվրոպական խաղերին առնչվող ծանրաբեռնվածությամբ, ավելի ուշ իրենք իսկ խոստովանեցին, որ Ալիեւի՝ Լատվիա չմեկնելու պատճառը հենց վախն էր հերթական անգամ քննադատություն լսելու իր հասցեին՝ կապված մարդու իրավունքների եւ խոսքի ազատության կոպտագույն ոտնահարումների հետ։
Դատելով Ալիեւի՝ Ռիգա չմեկնելու առաջին պատճառաբանությունից, Ադրբեջանի նախագահը կամ օրուգիշեր քափուքրտինքի մեջ Եվրոպական խաղերի հետ կապ ունեցող շինհրապարակներում է, կամ ինքն է բեմադրում խաղերի բացման արարողությունը, կամ էլ որպես մարզիկ է նախապատրաստվում այդ խաղերին եւ չի ուզում ընդհատել մարզումների գրաֆիկը։ Հիշեցնենք, որ մինչ Ռիգայի գագաթնաժողովի մեկնարկը Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, թե Իլհամ Ալիեւի աշխատանքային գրաֆիկը Եվրոպական խաղերի նախապատրաստության պատճառով խիստ ծանրաբեռնված է, եւ նա չի կարող մեկնել Ռիգա։ Սակայն մի փոքր անց, գիտակցելով այդ պատճառաբանության ողջ անհեթեթությունը, արդեն ԱՊԱ գործակալության «մոտ կանգնած» դիվանագիտական աղբյուրի, ասել է թե՝ կրկին Ալիեւի աշխատակազմի ներկայացուցչի բերանով հայտարարվեց, թե Ալիեւի չմեկնելը նրա արձագանքն է Արեւմուտքի կողմից իրականացվող «հակաադրբեջանական արշավին»։
Եթե ավելի հստակ ձեւակերպենք Ալիեւի բացակայության պատճառը, ապա, կրկնենք, այն պարզապես պայմանավորված էր հերթական անգամ եվրոպացիների աչքին չխայտառակվելու վախով։ Սակայն վաղ թե ուշ Ադրբեջանի նախագահը ստիպված է լինելու իր վախեցած տեսքով երեւալ եվրոպացիների աչքին որպես մի իշխանության ներկայացուցիչ, ով թքած ունի սեփական քաղաքացիների իրավունքների վրա եւ Եվրոպական խաղերին լավագույնս է պատրաստվում նրանց ազատությունից զրկելու միջոցով։ Պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով կոմիսար Նիլս Մույժնիեկսը հայտարարելով, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ իրավապաշտպաններին եւ լրագրողներին,ասել էր, թե Եվրոպայում չկա մի երկիր, որտեղ իր բոլոր գործընկերները գտնվեն բանտերում։
Ի դեպ, ի ցավ Ալիեւի, Մույժնիեկսը նույնպես լատվիացի է, այնպես որ Ռիգայի հարցում Ալիեւի բախտը չի բերում։ Իսկ «Freedom House»—ի նախկին նախագահ, ներկայում Մակքեյնի ինստիտուտի տնօրեն Դեվիդ Կրամերն ավելի վաղ առաջարկել էր, որ եվրոպացի բոլոր առաջնորդները կոչ անեն բոյկոտել Բաքվում անցկացվելիք առաջին եվրոպական խաղերը։ Բնականաբար, դժվար է պատկերացնել եվրոպական արժեքներ դավանող երկրների ղեկավարներին եւ այդ արժեքները մերժող ու ոտնահարող երկրի նախագահին մեկ շարքում կանգնած, հակառակ դեպքում դա կնշանակի, որ նրանք ողջունում են այն բռնություններն ու ազատության սահմանափակումները, որ տեղի են ունենում Ադրբեջանում հենց Ալիեւի հովանավորությամբ եւ ցուցումով։ Այսինքն, Եվրոպական խաղերը կարող են դառնալ Ալիեւի արեեւլյան գործընկերության արեւամուտը։ hhpress.am
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
|