Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիի հետ երեկ այցելել է վրաց–ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Երկու երկրների կառավարության ղեկավարները տեղում ծանոթացել են սահմանային անցակետի աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մասնավորապես, հետաքրքրել է, թե ինչ խնդիրներ են ունենում Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան մեկնող մեքենաները, որքան ժամանակ է անհրաժեշտ փաստաթղթերը զննելու ու համապատասխան ընթացակարգերն անցնելու համար։ Վարչապետ Աբրահամյանը զրուցել է նաեւ անցակետով Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի քաղաքացիների հետ։
Շրջայցից հետո երկու երկրների վարչապետներն ամփոփել են այցի արդյունքները։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վրաց–ռուսական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը կերկարացվի եւս 3,5 ժամով, այսինքն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում 6.5 ժամով, եւ նոր պայմանավորվածության համաձայն, կգործի 05.30–24.00–ն։ Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ եւս, երկու վարչապետների քննարկման արդյունքում աշխատանքային գրաֆիկը 3 ժամով ավելացել էր (06.00–18.00–ի փոխարեն սահմանվել էր 06.00–21.00)։
Կողմերը քննարկել են վրացական անցակետում հայկական բեռնատարների խցանումները նվազագույնի հասցնելու, ինչպես նաեւ՝ Հայաստանից վրացական անցակետով կազմակերպվող արտահանումների գործընթացը դյուրացնելու հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ հայ–վրացական սահմանին կառուցվելիք «Բարեկամության» կամուրջի շինարարության հարցին։ Կողմերը պայմանավորվել են արագ ժամկետներում սկսել կառուցման գործընթացը։
Երկու երկրների վարչապետների քննարկման օրակարգում էր նաեւ Վրաստանը Ռուաստանին կապող մայրուղու այն հատվածների հարցերը, որտեղ մշտապես սողանքների, քարաթափման վտանգ կա։
Վրացական կողմը տեղեկացրել է, որ նախատեսում է քայլեր ձեռնարկել ճանապարհահատվածն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Այդ նպատակով, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ճանապարհի լայնացման, ինչպես նաեւ լուսավորման հետ կապված աշխատանքներ։
Հովիկ Աբրահամյանը Վրաստան կատարելիք աշխատանքային այցից առաջ կանգ է առել «Բագրատաշեն» սահմանային անցակետում։
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել սահմանային անցման կետում, ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Նշվել է, որ այժմ ընթացքի մեջ են Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքերի կառուցապատման, ներքին եւ արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները։ Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքների մեծ մասն արդեն կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետը շահագործման կհանձնվի ըստ սահմանված ժամանակացույցի՝ հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում։
Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող–հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կլինի նվազագույն չափով, եւ քաղաքացիներն ու տնտեսավարող սուբյեկտները կկարողանան նվազագույն ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն եւ արագ։
Վարչապետ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում կարեւորել է ծրագրի իրականացումը եւ նշել, որ դրա արդյունքում կունենանք միջազգային նորմերին համապատասխան անցակետ։ «Ծրագիրն ընթանում է ըստ ժամանակացույցի, եւ ՀՀ ֆինանսների նախարարի պնդմամբ, հաջորդ տարվա մարտին այս մաքսակետը կգործարկենք։ Կարեւորն այն է, որ քաղաքացիների, այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտների համար կստեղծվեն սահմանի հատման արդի պայմաններ, կվերանան կուտակումները»,–նշել է Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետին է ներկայացվել նաեւ Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր՝ «Բարեկումության» կամուրջի կառուցման ընթացքը։ Նախատեսվում է այս տարվա ընթացքում հայտարարել շինաշխատանքների կազմակերպման մրցույթը։ Ակնկալվում է, որ կամուրջը կնպաստի ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը։
Սահմանային անցակետերի արդիականացման ծրագրով նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի ժամանակակից ենթակառուցվածքներ, հեշտացնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ու այնուհետեւ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները։
«Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագրի համար կներդրվի 70 մլն դոլար։ Այն ՀՀ կառավարությունն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակի եւ միջազգային այլ կառուցների հետ համագործակցությամբ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ վերադարձել է Հայաստան։
|