Զորակոչի ընթացքին եւ իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ այցելել էր ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Հավաքակայանում նախարարը զրուցել է զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, այնուհետեւ հետեւել հավաքակայանում ընթացող վիճակահանությանը։
Սեյրան Օհանյանը վիճականությանը մասնակցող ծնողներին ասել է, որ ծառայության վայրի ընտրության վիճակահանության մեթոդը հնարավորություն է տալիս բացառելու կոռուպցիոն ռիսկերը եւ ապահովում է զորակոչի թափանցիկությունը։ Նրա խոսքերով՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված պայքարը պետք է շարունակական լինի։ Բացի այդ, ըստ նրա, նաեւ ծնողների օգնությամբ է հնարավոր զրոյացնել կոռուպցիոն ռիսկերը։
Այնուհետեւ Ս. Օհանյանը դիմելով զինակոչիկներին եւ նրանց ծնողներին՝ ասել է. «Իմ պատգամն է զինակոչիկներին՝ լսել ծնողների ասածը, արագ մտնել զինվորական ծառայության մեջ եւ խելացի հրամանատարների խելացի ղեկավարմամբ տիրապետել հայրենյաց պաշտպանի մասնագիտությանը եւ լավ կերպով ծառայել հայրենիքին»։
Լրագրողների հետ զրույցում Ս. Օհանյանն ասել է, որ իր 3 պատգամները կատարելու դեպքում զինծառայողը գիտակցաբար կկատարի իր սահմանադրական պարտքը։
Ս.Օհանյանի խոսքերով՝ բանակի այսօրվա ղեկավարությունը, զինված ուժերի հրամանատարական կազմը, ինչպես նաեւ յուրաքանչյուր քաղաքացի քաջ գիտակցում են համապետական այս կարեւոր միջոցառման պատշաճ մակարդակի եւ ազնիվ կերպով իրականացման անհրաժեշտությունը։ Այս գործընթացը յուրաքանչյուր տարի բարելավվում է, հետագայում էլ նոր մեթոդներ կներդնեն այն ավելի արդար անցկացնելու համար։
Ս. Օհանյանը նաեւ նշել է, որ այս զորակոչից գոհ է։ «Այսօր չտեսա որեւէ մի զորակոչիկի, որը չէր ցանկանում ծառայել, կամ գիտակցաբար չէր ներկայացել։ Մենք տարեցտարի մեր բանակը դարձնում ենք մարդակենտրոն բանակ, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները հասկանան, որ յուրաքանչյուր անհատ, զինծառայող ոչ թե բանակի հրամանատարական կազմի համար ռեսուրս է, այլ անհատականություն է, որից կախված է բանակի մարտունակությունը, եւ այդ անհատականությունը հնարավորություն ունի բանակում ե՛ւ սովորելու, ե՛ւ արագ տիրապետելու զինվորի մասնագիտությանը եւ նաեւ ապահովելու նրա զարգացումը»,–ասել է Ս. Օհանյանը։
Պաշտպանության նախարարը նաեւ հայտնել է, որ այս տարի նորակոչիկներին տանում են մշակութային օջախներ, նրանց հնարավորություն են տալիս Երեւանում այցելելու Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, Պատմության թանգարան, իսկ մարզերում հնարավորություն են տալիս ծանոթանալու տվյալ մարզի պատմամշակութային արժեքներին, քանի որ դրանք հպարտության եւ պատասխանատվության զգացում են առաջացնում յուրաքանչյուր անհատի մոտ՝ իր հայրենիքի պաշտպանությունը ավել բարձր մակարդակի իրականացնելու համար։
Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար արտոնյալ վարկն օգտագործվելու է զինատեսակներ գնելու համար, որոնք ավելի պաշտպանողական են եւ կանխարգելիչ։ Սեյրան Օհանյանը ասել է, որ նախատեսված է ժամանակացույց, ըստ որի՝ ՌԴ համապատասխան ձեռնարկություններում կպատրաստվեն եւ կներմուծվեն այդ զենքերը։ Կան զինատեսակներ, որոնք արդեն պատրաստ են։ «Այդ խնդիրն արծարծվել է տարբեր առիթներով, քննարկվել է Ազգային ժողովում, հավանություն է տրվել եւ համապատասխան համագործակցության շնորհիվ է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ՌԴ ղեկավարության հետ հասել է այդ պայմանավորվածությանը։ Զինատեսակները ընտրված են, ճշգրտումները կատարվում են։ Դրանք ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական են եւ նաեւ կանխարգելիչ են, դրանք հիմք են ստեղծելու զսպման մեխանիզմների ձեւավորման համար»,–ասել է նախարարը։
Ըստ նախարարի հայկական զինված ուժերը հայ—ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տիրապետում են իրավիճակին։ Սահմանային վիճակը վերահսկելի է՝ շնորհիվ հայ զինծառայողների խելացի գործողությունների։ «Հրամանատարների եւ առաջին գծում գտնվող զինծառայողների խելացի գործողությունների շնորհիվ ծառայությունն ավելի անվտանգ ու ավելի խելացի կերպով է իրականացվում։ Շփման գծում մեր զինծառայողները հաստատակամ են, ունեն բարձր մարտական ոգի։ Հակառակորդի կրակոցները եթե նշանացուցված են՝ համարժեք պատասխան ստանում են, եթե անկանոն են՝ պատասխան չի տրվում եւ միաժամանակ համապատասխան գործողություններով, մարտական հաշվարկների իրականացման արդյունքում զսպման մեխանիզմ է ստեղծված, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի»,–ասել է Սեյրան Օհանյանը։
Պաշտպանության նախարարը խորհուրդ է տալիս լուրջ ուշադրություն չդարձնել տարբեր տեսակի հայտարարություններին ու այն ծրագրային կամ արտածրագրային միջացառումներին, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանը։
«Իրավիճակը լրջորեն վերահսկում են ՀՀ զինված ուժերի ղեկավարությունն ու այն համապատասխան ծառայությունները, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության համար։ Լարվածության դեպքում համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում։ Ադրբեջանում ներկայումս իրականացվող միջոցառումները որեւէ մտահոգություն չեն պատճառում։ Մենք մեր աշխատանքն ամենօրյա ռեժիմով իրականացնում ենք»,– ասել է Օհանյանը։
|