Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադային, ով խորհրդարան էր այցելել ՀՀ–ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ–ճապոնական հարաբերությունները, նշել է, որ դրանք խարսխված են բարեկամության եւ փոխվստահության վրա։ Նա փաստել է, որ բարեկամական հարաբերություններն առավել աշխուժացել են հատկապես ՀՀ նախագահի՝ Ճապոնիա կատարած այցից հետո։ Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի շփումները եւ փոխայցերը, որոնք կնպաստեն հարաբերությունների եւ համագործակցության խորացմանը։ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ։ Նա անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ ցանկություն կա Ճապոնիայում տեղադրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար։
ԱԺ նախագահը փաստել է, որ աշխարհի առաջադեմ մարդկությունը, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կնպաստի նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը։
Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է իր դիվանագիտական առաքելության երեքուկես տարվա ընթացքում ունեցած հաջողությունները եւ բարձր գնահատել Ազգային ժողովի դերը հայ–ճապոնական հարաբերությունների զարգացման գործում։ Նա նշել է, որ անձամբ մասնակցելու է Ազգային ժողովի այգում ճապոնական բալենիների՝ սակուրաների տնկման արարողությանը եւ հույս հայտնել, որ տնկվող սակուրաները կխորհրդանշեն երկու ժողովուրդների բարեկամության հարատեւությունը։
Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը Չիկահիտո Հարադային մաղթել է նոր հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում։
|