Ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից։
Նախագահ Սերժ Սարգսյանին ի թիվս այլ երկրների ղեկավարների՝ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։
Ձեր պետական գործունեության տարիներին Դուք ձեռք եք բերել Ձեր հայրենակիցների շրջանում արժանի հարգանք, ինչպես նաեւ մեծ հեղինակություն՝ միջազգային ասպարեզում։ Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։
Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մոսկվա կատարած Ձեր այցը, որի ընթացքում մենք միասին մասնակցեցինք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70—րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Ուրախ կլինեմ մեր նոր հանդիպումների, կառուցողական երկխոսության եւ համատեղ սերտ աշխատանքի շարունակության համար՝ ի բարօրություն Հայաստանի եւ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների։
Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, հաջողություններ եւ ամենայն բարիք»,–ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում։
Նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ նաեւ հեռախոսազրույց է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, շնորհավորել եւ բարեմաղթանքներ հղել ՀՀ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ։
Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են նաեւ ռազմավարական դաշնակից պետությունների միջեւ հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|