Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կառավարության ծրագրով 2014թ. համար նախատեսված միջոցառումները ամբողջությամբ եւ սահմանված ժամկետներում կատարել է, 2015թ. 5 ամիսների համար նախատեսվածն էլ արված է։ Մնացյալն էլ ըստ պատշաճի եւ ժամանակին կլինի։ Երեկ կոմիտեում հրավիրած մամլո ասուլիսում կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը նկատեց, որ ամեն ինչ անելու են բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակը էլ ավելի բարելավելու, բյուրոկրատական քաշքշուկներն ու կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս նվազեցնելու եւ գործունեության թափանցիկությունն ավելացնելու նպատակով։
Հաշվի առնելով, որ անշարժ գույք կադաստրի ոլորտը երկրի տնտեսական շարժերի, սպասումների, անգամ ակնկալվող քայլերի հայելին է, ասենք, որ, ինչպես բնութագրեց կոմիտեի ղեկավարը, «շուկայում հարաբերական կայունություն է»։
Ամփոփելով 2014թ. եւ 2015թ. ընթացիկ ամիսների գործունեությունը՝ Մ. Սարգսյանը նշեց, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի եւ դրա նկատմամբ գրանցված իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2014թ. հավաքագրվել է շուրջ 3 միլիարդ 697 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելացել է շուրջ 1,3 %—ով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 884 միլիոն դրամ, որը տարեկան նախատեսվածի համեմատ ավելացել է շուրջ 1,1 %—ով։ Այս տարվա գրեթե 5 ամիսներին հավաքագրվել է շուրջ 1 միլիարդ 131 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազել է 17 տոկոսով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 279 միլիոն 532 հազար դրամ, որը տարեկան նախատեսվածի համեմատ նվազել է 15,5 տոկոսով։
Ստեղծվել է Շիրակի ու Սյունիքի մարզերի համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային եւ համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներ, ինչպես նաեւ ազգային գեոդեզիական ցանցի հետ կապակցված համայնքների սահմանների հանգուցային ու շրջադարձային կետերի կոորդինատներ։ Մինչեւ 2014թ. այս կարգի աշխատանքեր կատարվել էին հանրապետության մյուս 8 մարզերում նույնպես։ Այսօր մեր երկրի ամբողջ տարածքում այդ գործն արվել է, սակայն դրանից հետո «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել նման աշխատանքներ իրականացնել նաեւ վարչական սահմաններում ներառված որոշ հատվածներում եւս։ Ուստի համայնքների սահմանների ամրացման եւ «WGS—84» համակարգի ամբողջական ներդրումն ավարտելու համար 2015թ., որպես գերակա խնդիր, նախատեսվել է գործն իրաանացնել Արագածոտնի մարզի 61 համայնքում, Արարատի մարզի 27 համայնքում եւ Արմավիրի մարզի 14 համայնքում։
Հիմք՝ բոլոր ոլորտների օպերատիվ որոշումների համար
2014թ. մյուս գերակա խնդիրը, մոտ 46 միլիոն 389 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, Գյումրի քաղաքի 820 հա տարածքում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է։ Կոմիտեի նախագահի խոսքերով, սա քաղաքի պետական կառավարման եւ ՏԻՄ—երին անհրաժեշտ է տնտեսության տարբեր ոլորտների խնդիրներն արդյունավետ լուծելու, բնական եւ տնտեսական ռեսուրսների վերաբերյալ քարտեզագրական եւ տեքստային տվյալների պետական միասնական տեղեկատվական բանկ ստեղծելու եւ ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ավելացնելու համար։ «Հարկ է նշել, որ Գյումրի քաղաքի եւս 817 հա տարածքի համար նման աշխատանքներ իրականացվել են 2013թ., իսկ այս տարվա համար նախատեսված է Գյումրի քաղաքի (որի ընդհանուր տարածքը կազմում է 4429,5 հա) եւս 1396 հա—ի համար, որոնք ընթացում են։ Պետք է նշեմ, որ բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն իրականացվել են դեռ 2005թ. եւ 2005—2012թթ. ավարտվել են Երեւանի ամբողջ տարածքում։ Հետագայում անհրաժեշտ է նաեւ մեր երկրի բոլոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգերը ստեղծել»,—ասաց Մարտին Սարգսյանը։
Սրա անհրաժեշտության մասին խոսելիս բանախոսը ընդգծեց, որ «համայնքների երկրատեղեկատվական համակարգը հիմք է լինելու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում՝ քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման եւ գոտիավորման սխեմաներ կազմելու, գույքահարկի եւ գնահատման բազաները ճշգրտելու, վարչական եւ տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ եւ օպերատիվ որոշումներ կայացնելու համար»։
Նախորդ տարի 214168 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցում ու շարժական գույքի գրավի եւ լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի շուրջ 748 միավորի պետական գրանցում է արվել (2013թ. դրանք կազմել են համապատասխանաբար՝ 190.690 (աճել է 12.3% —ով) եւ 732 (աճել է 2.2% ով), իսկ 2015թ. 5 ամիսներին դրանք կազմել են համապատասխանաբար՝ 72470 (2014թ. 5 ամիսներին՝ 81589, նվազել է 11,2 տոկոսով) եւ 235 (2014թ. 5 ամիսներին՝ 290, նվազել է 19 տոկոսով)։
2014թ. ընթացքում աշխատակազմի սպասարկման գրասենյակներն ընդունել են 354.552 դիմում (2015թ. 5 ամիսների ընթացքում՝ 115712, նախորդ նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 15 տոկոսով) եւ տրամադրվել է 398.471 ավարտական փաստաթուղթ (2015թ. 5 ամիսների ընթացքում՝ 126638, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 9 տոկոսով)։ Գրասենյակներում կողմերի ստորագրությունների իսկության ճանաչմամբ 2014թ. ընթացքում կնքվել է 14753 պայմանագիր (2015թ. 5 ամիսներին՝ 5323, նախորդ նույն ժամանակահատվածում՝ 6294, նվազել է 15 տոկոսով։ Ընդ որում, ինչպես կարեւորեց Մ. Սարգսյանը, դրանցից որեւէ մեկով դատական վեճ չի առաջացել։
ՀՀ—ԼՂՀ. առանց մյուս հանրապետություն այցի
Համակարգում բարեփոխումներից խոսելով՝ կոմիտեի ղեկավարը նկատեց, որ, օրինակ, Երեւանում սպասարկման 5 գրասենյակներից ձեւավորելով 3—ը՝ տարածքների վարձավճարների, պահպանության, տեխնիկական սպասարկման ծախսերի կրճատման, հաստիքների արդյունավետ օգտագործման միջոցով ապահովվեց տարեկան շուրջ 76 միլիոն դրամի խնայողություն, որն ուղղվում է համակարգի հետագա զարգացմանն ու տեխնիկական նոր հնարավորությունների ստեղծմանը։ Կամ՝ 2015թ. հունվարի սկզբից հնարավորություն տրվեց նոտարներին կադաստրի համակարգից էլեկտրոնային կապի միջոցով ստանալ քաղաքացուն հետաքրքրող անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկատվություն, գործարքից հետո իրավունքների պետական գրանցման համար դիմում մուտքագրել կադաստրի համակարգ՝ ստանալ ու դիմողին տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը։ «Առաջիկայում նախատեսվում է նման կարգավիճակ տրամադրել նաեւ արտերկրում գտնվող ՀՀ դեսպաններին ու հյուպատոսներին՝ անշարժ գույքի հետ առնչվող հարցերում սփյուռքի մեր հայրենակիցների հոգսը թեթեւացնելու համար»,—հայտնեց Մ. Սարգսյանը։
Իբրեւ ամփոփում Մարտին Սարգսյանը նկատեց, որ ձեռնարկված քայլերի շնորհիվ Հաաստանի եւ Արցախի միջեւ հնարավորություն ստեղծվեց, որպեսզի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմումները տրվեն ու դրանց պատասխանները դիմողներին տրամադրվեն առանց մյուս հանրապետության գրասենյակ ներկայանալու։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|