Երեւանյան «Ոսկե ծիրան» 12—րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները, հյուրերը եւ գործընկերները երեկ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտ։ Այցի շրջանակում թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի գլխավորությամբ անցկացվեց պարգեւատրման արարողություն։
«Թանգարանը թողարկում է ոսկե մեդալների շարք, որոնք նվիրված են տարբեր երախտավորների։ Շարքը կոչվում է «Երախտագիտություն»։ Սա հուշանվեր—մեդալ է, մենք մեր այցելուներին, աջակիցներին եւ բարեկամներին թանգարանի կողմից հանձնում ենք մեդալը որպես երախտիք։ Այս մեկն Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալ է կոչվում»,—«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ նշեց Հայկ Դեմոյանը։
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրենը Մարդիգանյանի անվան հուշամեդալներով պարգեւատրեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին, «ՎիվաՍել—ՄՏՍ»—ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնին, բարերարներ Պավել Մարգարյանին եւ Խաչիկ Մանուկյանին, թուրք մտավորական, գործարար Օսման Կավալային։
Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ մրցանակները հանձնվել են այն մարդկանց, ովքեր օգնել են կազմակերպել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված «Այլեւս երբեք» ծրագիրը, որի շրջանակում տարբեր երկրներում ներկայացվել են ցեղասպանության մասին ֆիլմեր։
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Մեծ եղեռնի 100—րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպել է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ։ Ծրագիրը կրել է «Այլեւս երբեք» խորագիրը եւ ներառել է հանդիպումներ, սեմինարներ եւ ֆիլմերի ցուցադրություններ։ Ընտրվել էին տարբեր ժամանակահատվածներում նկարահանված, Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական եւ խաղարկային ֆիլմեր։ Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի «Ոսկե ծիրանի» ավարտից հետո։
|