Թուրքիայի նախագահ Էրդողանը մեծ եռանդով ջանքեր է գործադրում, որպեսզի տեսանելի ապագայում դառնա սուլթան՝ կյանքի կոչելով երազանքը՝ նեոօսմանական իր նկրտումները։ Նրա գործելաոճն էլ խիստ բնութագրական է Օսմանյան կայսրության քաղաքականությանը՝ հանուն քաղաքական նպատակների տարբերություն չդնելով միջոցների միջեւ։
Ինչպես հայտնի է, Թուրքիայում Մուստաֆա Աթաթուրքի հիմնադրած աշխարհիկ իշխանության պահապանը համարվում էր այդ երկրի բանակը, որը 1997թ., երբ իսլամամետ վարչապետ Նեջմըդդին Էրբաքանը ձգտում էր հասարակաքաղաքական կյանքում որոշակի տեղ տալ նաեւ շարիաթի օրենքներին, թավշյա հեղաշրջմամբ հեռացվեց իշխանությունից։ Հանգամանք, որից, ըստ երեւույթին, լուրջ հետեւություն է արել վարչապետ Էրդողանը, ուստի, երբ բանակի գեներալներն սկսեցին քննադատել վերջինիս ներքին քաղաքականությունը՝ աշխարհիկության հիմքերը թուլացնելու հարցում, նա բանակի հրամկազմին մեղադրելով «Էրգենեկոն» կազմակերպությանն անդամակցելու եւ «ստվերային կառավարություն» ձեւավորելու մեջ, հաշվեհարդար տեսավ բանակի նախկին հրամկազմի հետ։ Ապա, օգտվելով խորհրդարանում իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մեծամասնություն լինելուց, բանակը մեկուսացրեց քաղաքականությունից։
Իսկ 2013թ. դեկտեմբերից, հանուն իր նպատակների, պայքարի մեջ է մտել նախկին համախոհ եւ մտերիմ հոգեւորական Գյուլենի հետ։
Լրագրողների ձերբակալության առնչությամբ Միացյալ Նահանգների ու Եվրամիության քննադատություններում շեշտվում էր, որ այդպիսով ոտնահարվել է խոսքի ազատությունը։ Եվրամիության հայտարարության մեջ շեշտվել էր նաեւ, որ այդ քայլը հակասում է Եվրամիության ստանդարտներին ու արժեքների, որին միանալու համար լուրջ ջանքեր է գործադրում Թուրքիան։ Էրդողանը Արեւմուտքի քննադատություններին բուռն ու զայրացական հակազդեցություն է դրսեւորել։ Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, նա շեշտել է, թե անմիջականորեն հետեւում է ձերբակալվածների դատավարության գործընթացին, որը «մաքուր եւ օրինաչափ է»։ Նույն կերպ է գնահատել նաեւ Գյուլենի ձերբակալության որոշումը, ինչը թերեւս պետք է համարել ի պատասխան նախագահ Բարաք Օբամայի՝ Գյուլենին Թուրքիային հանձնելու Էրդողանի պահանջի մերժման։ Էրդողանը ձերբակալությունների առիթով նշել է, թե դրանք որեւէ կապ չունեն մամուլի ազատության հետ, եւ որ ձերբակալվածները լրագրողի դիմակի տակ այլ գործունեությամբ են զբաղվել։ Նա ասել է, թե Եվրոպան իրավունք չունի Թուրքիային ժողովրդավարության դասեր տալու, դրա համար նախ ինքը պիտի հայելու մեջ իրեն նայի։ Ավելին, Էրդողանը նշել է, թե հենց եվրոպացիները պետք է գնան Թուրքիա եւ ժողովրդավարության դասեր քաղեն, հավելելով որ Թուրքիան երբեք չի դառնալու Եվրամիության «դռնապանը»։ Էրդողանի զայրույթը թերեւս պայմանավորված է նաեւ Միջին Արեւելքում եւ մասնավորապես Եգիպտոսում ու Սիրիայում Թուրքիայի քաղաքականության պարտությամբ, ինչում Անկարան մեղադրում է Արեւմուտքին։
Հատկանշական է, որ Թուրքիայի Սահմանադրությամբ գործադիրի ղեկավար վարչապետ Դավութօղլուն, որը գործնականում երկրորդ պլան է մղված, դեկտեմբերի 21—ին ելույթ ունենալով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մի հավաքում, ի պատասխան Եվրամիության քննադատությունների, վերջինիս մեղադրել է Թուրքիայի դեմ «կեղտոտ պայքար» սկսելու մեջ, նշելով. «Թուրքիայի դեմ Եվրամիության զրպարտության կոմպանիան այնպիսի թափ է ստացել, որ դատապարտող հայտարարություն է հրապարակվել նույնիսկ, ոչ աշխատանքային օր»։ Խոսքը դեկտեմբերի 14—ի՝ կիրակի օրվա հայտարարության մասին է, երբ տեղի են ունեցել գյուլենական համարվող ընդդիմադիր ԶԼՄ—ների դեմ հարձակումները։
Այլ կերպ ասած՝ թեեւ Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու հավանականությունն ի սկզբանե մեծ չէր, իսկ վերջին շրջանում Եվրամիությունը դա պատճառաբանում էր Կիպրոսի հարցով ու մարդու իրավունքների ոտնահարմամբ, սակայն վերջին զարգացումները, փորձագետների կարծիքով, էլ ավելի են դժվարացրել այդ երկրի անդամակցությունը Եվրամիությանը։
Հետեւաբար Էրդողանի այդօրինակ վերաբերմունքը կարելի է գնահատել որպես իսպառ հրաժարում Եվրամիությունից, մանավանդ որ ձգտում է նեոօսմանականությամբ դառնալ Միջին Արեւելքում առաջին խոսք ասող երկիր, ինչն անհավանական է։hhpress.am
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
|