Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ Դանիլո Աստորիի հետ բավականին երկար զրուցել է Մեծ եղեռնի 100—ամյա տարելիցի մասին։ Ըստ նրա՝ վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, թե ովքեր չեն ընդունում ցեղասպանության փաստը, մասնակից են դառնում ցեղասպանությանը։ Խորհրդարանի նախագահը, դատապարտելով այդ երեւույթը եւ թուրքական իշխանության դիրքորոշումը, նշել է, որ Թուրքիան նոր սերնդին Հայոց ցեղասպանության մասնակիցը դարձնելու իրավունք չունի։ Պարոն Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը, սակայն դա այժմ այդքան էլ իրատեսական չի համարել։
ԱԺ նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ շատ պետություններ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դա չի նշանակում, որ նրանք չեն ընդունում ցեղասպանության փաստը։ ԱԺ նախագահի կարծիքով՝ այդ երկրներից շատերն ուղղակի քաղաքական, նաեւ տնտեսական նկատառումներով այս պահին չեն ճանաչում ցեղասպանությունը։
Պատասխանելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ այն ճանաչելու հնարավորության մասին հարցին՝ Գալուստ Սահակյանն ասել է. «Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ մենք իսրայելական կողմի հետ սկսենք քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Իսրայելի ժողովուրդը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ես արդեն ասացի, որ շատ երկրներ ցեղասպանությունն ընդունում են, սակայն, քաղաքական եւ տնտեսական նկատառումներից ելնելով, չեն ճանաչում այն։ Մենք պետք է հասկանանք, որ այս առումով, հաշվի առնելով տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակը, յուրաքանչյուր պետություն դրա համար պետք է հարմար ժամանակ ընտրի»։ Գ. Սահակյանը տեղեկացրել է, որ հունվարին հայ պատգամավորների մի խումբ կմեկնի Իսրայել, եւ նրանք կփորձեն հասկանալ իրավիճակը։
Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ անցկացվող միջոցառումներին մասնակից կլինեն նաեւ Իսրայելի ներկայացուցիչները. «Նույնիսկ եթե այս փուլում Իսրայելը չճանաչի Ցեղասպանությունը, ես կարծում եմ, որ այդ իմաստով մեր համագործակցությունը կակտիվանա, եւ մենք էլ մեր հերթին փորձում ենք նպաստել այդ ակտիվացմանը եւ Իսրայելին մասնակից դարձնել մեր բոլոր միջոցառումներին»։
Ուրուգվայը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու հարց դեռեւս չի քննարկել։ Ուրուգվայի փոխնախագահը նկատել է, որ նման մի դատապարտող հայտարարություն եղել է ՄԵՐԿՈՍՈՒՐ—ի խորհրդարանի մակարդակով, որի անդամներն են Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը, Պարագվայը, Վենեսուելան եւ Բոլիվիան։
Աստորին ընդգծել է, որ ՄԵՐԿՈՍՈՒՐ—ի խորհրդարանն այդ հայտարարությամբ դատապարտել է Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես նաեւ դատապարտում է նրանց, ովքեր չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Այդ հայտարարությունն ընդունվել է վերջերս՝ անցյալ շաբաթվա ընթացքում»։
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին նշել է, որ ոգեւորված է Հայաստանի ջերմ ընդունելությամբ, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական ու լավ հարաբերությունների մասին։ Ըստ Սենատի նախագահի՝ այդ հարաբերությունների սկիզբը դրվել է դեռեւս 1920 թ., երբ Ուրուգվայն աջակցել է Հայաստանի անդամակցությանն Ազգերի լիգային։ Այնուհետեւ հայ—ուրուգվայական հարաբերությունները թեւակոխել են շատ կարեւոր փուլ, երբ Ուրուգվայը 1965 թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 1991թ.՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը։
Դանիլո Աստորին վստահեցրել է, որ իրենք ցանկություն ունեն շարունակելու Հայաստանի հետ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում, որոնք էլ ավելի կամրապնդեն երկկողմ հարաբերությունները։
Ուրուգվայը եւ Հայաստանը մշտապես աշխատել են միասին, քանի որ երկու երկրների վարած քաղաքականությունները համընկնում են, ինչն էլ երկու երկրների միջեւ ակտիվ համագործակցության առիթ է։ «Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ուրուգվայի քաղաքականությունը հիմնված է մարդկային արժեքների վրա»,– նշել է Աստորին։
Նա ընդգծել է, որ Հայաստանը եւ Ուրուգվայը ակտիվորեն համագործակցում են ՄԱԿ—ի շրջանակներում. «Օրինակ, կողմերը համագործակցում են այնպիսի կարեւոր հարցի շուրջ, ինչպիսին ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական ներկայացուցիչ լինելու հարցն է։ Հայաստանը պաշտպանում է Ուրուգվայի թեկնածությունը 2016—2017թթ.։ Ուրուգվայն էլ իր հերթին աջակցում է Հայաստանի թեկնածությանը 2032—2033թթ. համար»։
Լրագրողների հարցին ի պատասխան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարզաբանել է, թե որն է պատճառը, որ Ուրուգվայի ՀՆԱ—ն 4 անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ—ին։ Պատճառն առաջին հերթին երկու երկրների զբաղեցրած աշխարհագրական տարբեր դիրքերն են։ «Բնական է, որ Ուրուգվայի տնտեսությունը գերազանցում է մեր տնտեսությանը, դա այդպես էլ պետք է լիներ։ Հայաստանը պատերազմող երկիր է, եւ ներդրումների համար դաշտն այդքան էլ բաց չէր կարող լինել։ Մենք նաեւ աշխարհի հետ հարաբերվելու լայն հնարավորություններ չունենք»,–նշել է Գ. Սահակյանը։
Ըստ նրա՝ շատերի համար զարմանալի է, որ Հայաստանը տնտեսական աճ է արձանագրում. «Աշխարհի համար զարմանալի է այն հանգամանքը, որ փակ ճանապարհներով, պատերազմող երկրում որոշակի արժեքներ են ստեղծվում»։
Իր հերթին պարոն Աստորին տեղեկացրել է, որ հայ գործարարները կարող են լավ հնարավորություններ ունենալ Ուրուգվայում ներդրումներ կատարելու համար։ «Ուրուգվայը ներդրումներ կատարելու լայն հնարավորություններ է տալիս ենթակառուցվածքների ոլորտում, եւ մենք վստահ ենք, որ Հայաստանի գործարարները նույնպես կարող են Ուրուգվայում ներդրումներ կատարելու լավ հնարավորություններ ունենալ։ Խոսքը տրանսպորտի, հեռահաղորդակցության, նավահանգստային ծառայությունների եւ էներգետիկայի ոլորտների մասին է»,–նշել է նա։
Աստորին օրինակ է բերել արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին, ով Ուրուգվայում խոշոր ներդրող է. «Էռնեկյանն է կառուցել Ուրուգվայի հիմնական օդանավակայանը»։
Որպես փոքր երկիր՝ Ուրուգվայը կողմնակից է հակամարտությունների խաղաղ եւ արդար ճանապարհով լուծմանը, պաշտպանում է այդ արժեքները եւ ցանկանում ունենալ լավ հարաբերություններ աշխարհի բոլոր երկրների հետ։
Անդրադառնալով Ուրուգվայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը՝ պարոն Աստորին նշել է. «Իմ երկիրն աշխատում է այդ ուղղությամբ, սակայն ցանկանում եմ նշել, որ մեր երկրի կառավարությունը ցանկանում է պահպանել լավ հարաբերությունները բոլոր, հատկապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներգրավված երկրների հետ»։
|