Գլխավոր էջ » 2014»Դեկտեմբեր»16 » Վարչապետն ընդունել է ասիական շուկայում գործունեություն ծավալող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներին
14:03
Վարչապետն ընդունել է ասիական շուկայում գործունեություն ծավալող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Օրիենտալ Պատռոն» ֆինանսական խմբի տնօրեն Ժանգ Ջինգին, «Ֆորչն Օիլ» ընկերության գործադիր տնօրեն Տիան Ջունին եւ «Ֆորչն Ռիզորսիս» ընկերության ներկայացուցիչ Մոնիկա Լինին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ասիական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել Հայաստանի արդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը։ Վերջիններս նշել են, որ շահագրգռված են Հայաստանում տարբեր նախագծեր իրականացնելու գործում եւ հույս հայտնել, որ իրենց ներդրումների արդյունքում մեր երկրում կստեղծվեն նաեւ լրացուցիչ նոր աշխատատեղեր։
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը եւ հայտնել կառավարության աջակցությունը՝ նրանց ծրագրերին օժանդակություն ցուցաբարելու հարցում։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործադիրը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ եւ նպաստել դրա իրականացմանը։ Վարչապետի հանձնարարությամբ նշված ընկերությունների ներկայացուցիչներին կընդունի նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ քննարկելու ծրագրերի իրականացման մանրամասներն ու հետագա քայլերը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ճանապարհաշինության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային գրավչությանն ու հնարավորություններին։