Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ նրա այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի եւ Իրաքի, մասնավորապես, Իրաքյան Քրդստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Քրդստանի հետ երկկողմ կապերի ընդլայնումը, եւ այդ մասին է վկայում նաեւ մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը։
Ալի Սինդին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի անունից ջերմ ողջույններ ու բարեմաղթանքներ փոխանցել ՀՀ վարչապետին, կառավարությանը եւ հայ ժողովրդին։ Նա նշել է, որ Քրդստանը շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների խորացմամբ, եւ իր այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները եւ հայ գործընկերների հետ քննարկել գործակցության զարգացման հեռանկարները։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակից եւ կարեւորել առեւտրատնտեսական կապերի ակտիվացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտումը։ Տնտեսական ներուժի լիարժեք իրացման առումով երկուստեք կարեւորվել է հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, հայ եւ քուրդ գործարար շրջանակների միջեւ ուղիղ կապերի հաստատումը, գործարար համաժողովների եւ հանդիպումների կազմակերպումը։ Նշվել է, որ միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2015 թ. աշնանը Բաղդադում, եւ այն հնարավորություն կտա քննարկել երկկողմ համագործակցության կոնկրետ ուղղություններ եւ կյանքի կոչել գործնական ծրագրեր։ Կողմերը նաեւ բարձր են գնահատել փոխհարաբերությունների զարգացման եւ խորացման ուղղությամբ Հայաստանի եւ Իրաքի դեսպանությունների ջանքերը։
Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիին է փոխանցել իր ջերմ ողջույնները։
|