Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը բարձր է գնահատել պարոն Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Կառավարության ղեկավարը կարեւորել է շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երեւան» ծրագրի իրականացումը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ 150 մլն դոլար։
Վարդան Սրմաքեշը շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ ընդգծել, որ ՀՀ կառավարության նախանշած առաջնայնություններն ու գերակայություններն իր համար համոզիչ են, ուստի վստահ է՝ Հայաստանն ունի մեծ ապագա։ Շվեյցարահայ գործարարի խոսքով՝ ինքը պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տնտեսության ակտիվության ապահովմանը։
Վարչապետ Աբրահամյանը կարեւորել է նաեւ պարոն Սրմաքեշի ներդրումային ծրագրերն Արցախում։ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել գործարարին՝ հետեւողական աշխատանքի համար եւ համոզմունք հայտնել, որ իրականացվելիք բոլոր ծրագրերը կունենան մեծ արդյունքներ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում եւ Արցախում նախատեսվող ներդրումային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։
|