Վերջին տարիների ընթացքում մեր հանրությունը հասունացել է, օբյեկտիվորեն առաջ են եկել խնդիրներ, հատկապես իրավունքի ոլորտում, որոնք պետք է իրենց լուծումը գտնեին Սահմանադրության մեջ։ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է նախեւառաջ սրանով։
Նա գոհ է բարեփոխումներից եւ կարծում է, որ դրանց անհրաժեշտությունը կա։ «ՀՀ»—ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ 2005 թվականի Սահմանադրության մեջ արդեն ամրագրվել էր իրավունքի գերակայության ինստիտուտը, սակայն այն արդյունավետ գործիքներով ինստիտուցիոնալ ապահովվածություն չուներ։ Արդյունքում շատ դեպքերում շարունակում են խոսել օրենքի գերակայության, գերիշխանության մասին՝ չգիտակցելով, որ օրենքն ընդամենն իրավունքն իրացնելու գործիք է եւ ոչ ավելին։
«Ամենաէականն այն է, որ քաղաքացու, մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների պատասխանատուն պետական իշխանությունն է։ Սահմանադրության մեջ գրված է՝ պետությունը կաշկանդված է մարդու, քաղաքացու հիմնական իրավունքներով, ազատություններով։ Մինչդեռ քաղաքացիների հիմնական իրավունքները պետք է կաշկանդեն հանրային իշխանությանը։ Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։ Այս կարեւոր ճշգրտումն արված է Սահմանադրության նոր նախագծում»,–ասաց Խ. Հարությունյանը։
Նրախագծում նաեւ ամրագրված է, որ իշխանությունը պարտականություն է։ Իշխանությունը իրավունք չէ։ Այն պարտականություն է եւ նոր միայն այդ պարտականությանն ադեկվատ իրավունք։ Պատգամավորի համոզմամբ՝ սա շատ կարեւոր է, քանի որ մեզանում, հանրային գիտակցության մեջ իշխանությունը, իշխանավորը եւ պաշտոնյան ընկալվում են նախեւառաջ որպես իրավունքի, ապա նոր պարտավորություն կրող. «Սա նույնպես շատ էական է սահմանադրականության մակարդակը բարձրացնելու, հանրային գիտակցության նոր մոտեցումներ արմատավորելու համար։ Հաջորդ ձեռքբերումն այն է, որ արձանագրված է մարդու իրավունքների ապահովման համար սոցիալական պետության գաղափարը։ Սոցիալական պետությունը շատերի մոտ ընկալվում կամ զուգահեռվում է սոցիալիստական պետության հետ, մինչդեռ այստեղ ոչ մի ընդհանուր բան չկա։ Սոցիալական պետությունը այն պետությունն է, որի իշխանությունները ստանձնում են սահմանադրորեն սոցիալական արդարության քաղաքականություն իրականացնելու պատասխանատվությունը, նաեւ սոցիալական շուկայական տնտեսությունը։ Սրանք էական շտկումներ են»։
Կառավարման նոր համակարգը
Խ. Հարությունյանը համոզված է՝ ամենակարեւոր փոփոխություններից կարելի է համարել այն, որ անցում է կատարվում կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգի։ Սա խիստ անհրաժեշտություն է, որովհետեւ հանրապետության նախագահին վերապահվել էին պատասխանատվություններ, պարտավորություններ անվտանգության ոլորտում, զինված ուժերում, արտաքին հարաբերությունների հետ կապված՝ դատապարտելով նրան գործադիր իշխանության ղեկավար լինելու։ Արդյունքում՝ իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքը արդյունավետ չի իրացվում։
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական, սոցիալական ոլորտներում հաջողություններ արձանագրում են այն պետությունները, որտեղ այդ սկզբունքն արդյունավետ է իրացվում։ Խորհրդարանական համակարգին անցնելով՝ մենք լուծում ենք այս հարցը։ Այն թույլ է տալիս նաեւ կայանալու այնպիսի կարեւոր ինստիտուտի, ինչպիսին կուսակցություններն են։ Մեզանում դրանք կայացած չեն, լուրջ հանրային հեղինակություն չեն վայելում»,–նկատեց պատգամավորը։
Որպես օրինակ նա նշեց «Ո՛չ թալանին» հասարակական շարժումը, որն, ըստ էության, ուղղված է իշխանության դեմ ու որը, գոնե, կփորձեր համագործակցել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, բայց մերժեց նաեւ նրանց։ Այդ մերժումը հնարավորություն տվեց շարժմանն ավելի մեծ հեղինակություն եւ ժողովրդականություն վայելել. «Ընդդիմադիր կուսակցություններն առաջին հերթին ինստիտուցիոնալ կայացման լուրջ խնդիր ունեն, եւ խորհրդարանական համակարգին անցումը նպաստում է նաեւ դրան։ Մենք մտցնում ենք նաեւ օրգանական օրենքի գաղափարը։ Նման օրենքների առկայությունը հնարավորություն կտա ընդդիմությանը քաղաքական մեծամասնությանը պարտադրելու իր մոտեցումներն այնպես, որ քաղաքական մեծամասնությունը հաշվի նստի իրենց հետ. սրանք ժողովրդավարության զարգացման լուրջ ինստիտուտներ են սահմանված Սահմանադրության նախագծով»։
Անդրադառնալով նախագահի ինստիտուտին՝ Խ. Հարությունյանը շեշտեց, որ նոր Սահմանադրությամբ այն ֆիկտիվ չի դառնում, այլ ստանձնում է այլ գործառույթներ՝ Սահմանադրությանը հետեւելու եւ իշխանության տարբեր թեւերի միջեւ սահմանադրական հավասարակշռություն ապահովելու. «Սա բավական լուրջ գործառույթ է, եւ մենք բավական շահեկան վիճակում կհայտնվենք այն առումով, որ Սահմանադրությունը, սահմանադրականությունը մի նոր, ավելի բարձր մակարդակի կլինեն, եւ դրանից մենք կշահենք»։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
|