Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված ոգեկոչումը չի ավարտվում ապրիլքսանչորսյան միջոցառումներով. երեկ հրավիրված մամուլի ասուլիսին, ամփոփելով արվածը եւ ներկայացնելով անելիքները, հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը, ով հուշեց, որ դրա մասին են վկայում աշխարհի շատ երկրներում ապրիլի 24—ից հետո հաջորդած միջոցառումները։
«Այս միջոցառումները շարունակվելու են մինչեւ տարվա վերջ՝ քաղաքական, մշակութային, սպորտային բովանդակության»,–ասաց նա եւ տեղեկացրեց, որ armeniangenocide100.org կայքը շարունակելու է աշխատել նույն ինտենսիվությամբ՝ տեղեկացնելով աշխարհի ամենատարբեր անկյուններում տեղի ունեցող միջոցառումների մասին։
Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ընթացիկ տարվա հունիսին կկայանա ցեղասպանագետների միջազգային ընկերության 12—րդ կոնֆերանսը։ Երկու տարին մեկ այդ ընկերությունը կոնֆերանսներ է անցկացնում աշխարհի տարբեր մասերում։ Առաջիկա կոնֆերանսին գրանցվել է մոտ 400 մասնակից։
Իսկ մինչ այդ Վիգեն Սարգսյանն ամփոփեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ապրիլքսանչորսյան միջոցառումները՝ ընդգծելով, որ իրենց առջեւ դրված խնդիրը լիարժեքորեն կատարել են։
«Այն միջոցառումները, որ տեղի ունեցան, մեր գնահատմամբ ծառայել են այն հիմնական նպատակներին, որ մեր առջեւ դրել էինք. միջազգային մակարդակում Հայոց ցեղասպանության իրազեկման խնդիրն էր, ցեղասպանությունների, որպես մարդկության դեմ հանցագործության պայքարի եւ դատապարտման հարցում հանրային կարծիք ձեւավորելն ու մոբիլիզացնելն էր»,–ասաց նա։
Վիգեն Սարգսյանը խոսեց ցեղասպանության դեմ պայքարի ֆորումին հնչած առաջարկներից եւ դրանցից առանձնացրեց միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի կողմից համաժողովին հնչեցրած կոչը, այն է՝ Հայաստանը պետք է վերցնի առաջնորդի դերակատարումը ցեղասպանությունների դեմ պայքարի գործընթացում, որի մասին խոսեցին նաեւ այլք։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգողը նաեւ առանձնացրեց եւս մի կարեւոր խնդիր, որը լավագույնս արտահատվեց ոգեկոչման օրերին. դա ազգային հոգեւոր միասնականության խնդիրն է։
«Գագաթնակետն այդ առումով եղավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ սրբադասման արարողությունը, որն ազգային համախմբման, միասնականության կարեւոր դրսեւորում էր եւ ոչ միայն Հայ եկեղեցիների զանգերի ղողանջները ողջ աշխարհով, այլ նաեւ քույր եկեղեցիների զանգերի ղողանջը իրոք նախանշում էր համաքրիստոնեական հարգանքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եւ կարգին համամասնակից դառնալու եկեղեցիների ցանկությունը»,–ասաց նա։
Աննախադեպ համախմբվածության ու ոգեղենության փայլուն իրադարձություն էր նաեւ «System of a Down»—ի համերգը, որը երիտասարդության ուշադրությունը գրավեց ցեղասպանության դեմ պայքարի խնդրին։
«Չնայած եղանակային պայմաններին, ոգեղենությունն ու համախմբվածությունը, երիտասարդների աննախադեպ մասնակցությունն իրոք ցույց տվեցին, որ գաղափարը եւ այդ օրվա համերգը ճիշտ որոշում էր, եւս մեկ անգամ տղաներին մեծ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել՝ նվիրված ու հետեւողական մոտեցման համար»,–ասաց նա։
Վիգեն Սարգսյանը նաեւ նշեց, որ հնարավոր դարձավ ապրիլի 24—ին Երեւանի վրա հրավիրել աշխարհի ուշադրությունը։ «Մեզ հաջողվեց Երեւանը պահել միջազգային լրատվության ուշադրության կենտրոնում, ապրիլի 24—ի միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ միջազգային հեղինակավոր հեռուստաընկերությունների եթերում էր»,–ասաց նա։
Վիգեն Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց. «Ցանկանում եմ մեր հիացմունքն ու երախտագիտությունը հայտնել հասարակության բոլոր հատվածներին, յուրաքանչյուր քաղաքացուն, հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, քաղաքական կուսակցություններին այն միասնականության, մոտեցման համար, որ դրսեւորեցին մեր մոտեցումների նկատմամբ եւ մեր միջոցառումներին»։
«Պետական աջակցությամբ եւ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հատկացրած միջոցների հաշվին Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանվում է 18 ֆիլմ՝ 12 վավերագրական, 5 գեղարվեստական եւ 1 անիմացիոն։ Բոլոր ֆիլմերի նկարահանումները սկսված են, մեծ մասն ավարտական փուլում է գտնվում»,–ասաց ասուլիսին ներկա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Վիգեն Սարգսյանը նշեց, որ հանձնաժողովը որեւէ մեկին ֆիլմ նկարահանելու պատվեր չի տվել. «Միտումնավոր չենք պատվիրել, քանի որ համոզված ենք, որ պատվերով նկարահանված ֆիլմը, բեմադրված ներկայացումը կամ գրված գիրքը դատապարտված են լինել քարոզչական բնույթի, հաճախ՝ զուրկ գեղարվեստական արժեքից։ Բայց, որպես հանձնաժողով, կանգնել ենք բոլոր ստեղծագործողների կողքին, ովքեր արժանի նյութ են ներկայացրել։ Բոլոր դեպքերում մասնակցել ենք նվազագույն ներդմամբ՝ հիմնական բեռը ստեղծագործական կոլեկտիվների վրա թողնելով։ Այսինքն, մենք ոչ թե ֆիլմ ենք պատվիրել, այլ, հաշվի առնելով կինեմատոգրաֆիայի կարեւորությունը, բաց չենք թողել նման խնդրանքները, միջնորդությունները, փորձել ենք աջակցել»։
Վ. Սարգսյանի խոսքով, կան ֆիլմեր, որոնց ստեղծմանը հանձնաժողովը որեւէ մասնակցություն չի ունեցել, բայց լինելով հաջողված, օգնել է ներգրավել տարբեր ծրագրերում, գովազդվել։
Հասմիկ Պողոսյանը նաեւ տեղեկացրեց, որ Վենետիկի բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի բացումը կայանալու է այսօր։ Հայկական տաղավարը տեղադրված է Սուրբ Ղազար կղզում, կոչվում է «Հայություն»։
Նա նշեց, որ հայկական տաղավարում ներգրավված է 18 արվեստագետների աշխատանքներ աշխարհի տարբեր երկրներից, նաեւ Հայաստանից։
Հայկական տաղավարը ներկայացնելու է հայկական մշակույթն իր ամբողջ պատկերով։ Տաղավարի բացմանը ներկա են գտնվելու բազմաթիվ մտավորականներ աշխարհի տարբեր երկրներից։ «Վենետիկի բիենալեն հայ մշակույթի միջազգային ճանաչելիության կարեւորագույն հարթակներից է»,–ասաց Հ. Պողոսյանը։
Նախարարը եւս մեկ միջոցառման մասին հայտնեց։ Երեւանում մայիսի 16—ին՝ Թանգարանների օրը, կկայանա Հայաստանին վերաբերող քարտեզների հատուկ հավաքածուի ցուցադրություն։
Հավաքածուն կցուցադրվի ոչ միայն Հայաստանում։ «Արտասահմանում Հայաստանի դեսպանատները քարտեզների հավաքածուն կներկայացնեն տարբեր պլատֆորմներով։ Հավաքածուն կազմել է գիտնական Ռուբեն Ղալիչյանը։ Այն համալրվել է նաեւ Հայոց ցեղասպանության եւ դրան հաջորդած ժամանակահատվածի քարտեզներով»,–նշեց նախարարը։
|