Այսօր մեկնարկում է «Շանթ–2015» զորավարժությունները
Երեկ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում կայացավ ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ճեպազրույցի նպատակն էր ռազմադիվանագիտական կորպուսին իրազեկել սեպտեմբերի 3–6—ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Շանթ—2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին։
Ինչպես նշեցին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, համապետական նշանակության «Շանթ—2015» զորավարժությունը պլանային բնույթի է եւ նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության եւ ագրեսիայի հետմղման ընթացքում պետական եւ ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության եւ գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը։ Տեղեկացվեց, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ եւ մերձտարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը եւ իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը։