Երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց վերջինիս՝ հույս հայտնելով, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հաստատված բազմոլորտ փոխգործակցության խորացմանը եւ ընդլայնմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ինքը Հայաստան է ժամանել ամենաջերմ զգացմունքներով եւ դրական օրակարգով ու վստահեցրեց, որ կանի առավելագույնը գործընկերության առավել ամրապնդման համար։
Հանդիպմանը քննարկվեցին ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցները հույս հայտնեցին, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի եւ ԵՄ միջեւ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, ինչը նոր թափ կհաղորդի հարաբերություններին։
Նախարար Նալբանդյանը ԵՄ նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները եւ դրանց խորհուրդը։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։
|