ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 7
Հյուրեր: 7
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 8 » Գործելու բարձր պատրաստականություն /Ավարտվել են «Շանթ–2015» զորավարժությունները/
15:32
Գործելու բարձր պատրաստականություն /Ավարտվել են «Շանթ–2015» զորավարժությունները/

Հայաստանում սեպտեմբերի 3—6—ը տեղի ունեցան «Շանթ–2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Համապետական նշանակության զորավարժությունը պլանային բնույթի էր եւ նպատակաուղղված էր պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության եւ ագրեսիայի հետմղման ընթացքում պետական եւ ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության եւ գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը։
Զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5—ին,  ժամը 01։30—ին, ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 13—րդ կետի համաձայն, իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով ՀՀ նախագահի «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը, տեղեկացնում է ԱԺ կայքէջը։ Պատգամավորների առաջարկով քվեարկության է դրվել պայմանական հատուկ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որը քվեարկությամբ ընդունվել է։
Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչը։ Ժամը 02։00—ին Ազգային ժողովն ավարտել է պայմանական հատուկ նիստի աշխատանքը։ Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 42—րդ հոդվածի համաձայն՝ քննարկումն ավարտվում է ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցչի եզրափակիչ ելույթով՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու։
Նույն օրը «Շանթ—2015»—ի շրջանակում կայացել է ՀՀ կառավարության պայմանական արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նիստի անցկացման հիմնական նպատակը հնարավոր փախստականների հիմնախնդիրները տեղում ուսումնասիրելն ու դրանց անհապաղ լուծումներ տալն էր։
Մինչ նիստի օրակարգային հարցին անցնելը, կառավարության ղեկավարը, «Շանթ–2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով, ընդունել է փախստականների խմբին, ծանոթացել նրանց մտահոգող խնդիրներին։
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին արագ լուծումներ տալ փախստականների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին։ Ներկայացված խնդրի վերաբերյալ ընդունվել է կառավարության որոշում։
Սեպտեմբերի 5—ին Երեւանի Հանրապետության հրապարակում Երեւանի քաղաքապետարանը իրականացրել է տարհանման խաղարկման սցենար. Հանրապետության հրապարակ էր բերվել 34 ավտոբուս։
Երեւանի փոխքաղաքապետ եւ «Շանթ–2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Երեւան քաղաքի տարհանման հանձնաժողովի նախագահ Կամո Արեյանը հայտարարել է, որ Երեւանի քաղաքապետարանը ամբողջությամբ կատարել է իր առջեւ դրված խնդիրը։
Հանձնարարականի կատարման մասին փոխքաղաքապետը զանգահարել եւ զեկուցել է Երեւանի քաղաքապետին։
Իր հերթին ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանը նկատել է, որ բնակչության տարհանման համար նախատեսված ավտոբուսների անվտանգությունը ապահովելու համար համապատասխան ներածական էր ստացել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը. այդ հանձնարարականը եւս լիարժեք կատարվել է։
«Շանթ–2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շտաբի անդամ եւ ՀՀ զինված ուժերի ռազմական պլանավորման վարչության պետ Գենադի Տավարածյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Այս տարհանման խաղարկման սցենարի գլխավոր նպատակն էր ստուգել Երեւանի քաղաքապետարանի պատրաստականությունը՝ անհրաժեշտության դեպքում ազգաբնակչության տարհանման համար անհրաժեշտ քանակի եւ նշված ժամկետում ավտոբուսներ ապահովելու կարողությունը, Երեւանի քաղաքապետարանը գերազանց կատարեց իր առջեւ դրված խնդիրը»։
Երեւանի Ավան վարչական շրջանում խաղարկվել է պարետային ժամ հայտարարելու սցենարը։ Ավանում պարետային ժամ էր հայտարարվել սեպտեմբերի 5—ին, ժամը 02։00—ին։
Նուբարաշենում խաղարկվել է փախստականների ընդունման, նրանց խնդիրների կարգավորման հետ կապված ցուցադրական միջոցառման սցենար։ Դրա համաձայն՝ վրանային պայմաններում տարբեր երկրներից ժամանած պայմանական փախստականներին ընդունել են համապատասխան իրավաբանական բաժիններում. ցուցաբերվել են բժշկական օգնություն, իրավաբանական աջակցություն եւ այն ամենը, ինչ նախատեսվում է մարդասիրական օգնության պայմաններում։
Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն ծառայության փախստականների հարցերով վարչության պետ Պետրոս Աղաբաբյանը նշել է, որ կատարվել է այն ամենը, ինչը համապատասխանում է Հայաստանի օրենսդրությանը եւ միջազգային պայմանագրերին։
ՄԱԿ—ի փախստականների հարցերով գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Պոչապսկին ասել է, որ միջոցառումներին գնահատականը դրական է։ Նրանք շարունակելու են աշխատանքը Հայաստանի հետ, քանի որ շատ կարեւոր է փախստականների հարցի առնչությամբ ունենալ համապատասխան տեղեկատվություն եւ գիտելիքներ։
Ճամբար են ժամանել ՀՀ կառավարության մի խումբ անդամներ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։ Կառավարության անդամները շրջել են վրանների տարածքում, ծանոթացել պայմաններին, զրուցել պայմանական փախստականների հետ, որից հետո, ըստ ծրագրի, զեկույց պիտի ներկայացնեին հանրապետության նախագահին։
Մարզերը եւս ակտիվորեն մասնակցել են զորավարժություններին։
Տավուշի մարզում խաղարկվել է նոր զորամասի կազմավորման սցենարը։ Ցուցադրական միջոցառման ժամանակ հարյուրավոր նորակոչիկներ ստացել են իրենց զինվորական համազգեստը եւ հրահանգներ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Միհրան Մախսուդյանից։ Լրագրողների հետ զրույցում գնդապետ Մախսուդյանը հայտնել է, որ սցենարի համաձայն՝ զորահավաքի օպերատիվ մարտավարական զորավարժությունները կտեւեն հինգ օր։ Այդ ընթացքում անձնակազմը պարապմունքների եւ ներդաշնակեցման միջոցով կբերվի պատրաստ վիճակի՝ լուծելու հետագայում հանկարծակի առաջացած խնդիրները։
Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում խաղարկվել է ռազմական իրադրության եւ աղետների ժամանակ տարհանվածների ընդունման սցենարը։
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Սամվել Հովսեփյանը հայտնել է, որ «Լեռնային Հայաստան» առողջարանը գործում է շուրջ տարին, այն ցանկացած րոպե պատրաստ է պատերազմի կամ աղետների ժամանակ ընդունել Տավուշի եւ Լոռու մարզերի տարհանված բնակչությանը. «Առողջարանը կծառայի որպես կացարան եւ հոսպիտալ։ Այն հագեցած է բոլոր անհրաժեշտ բուժական պարագաներով, դեղորայքով եւ բուժանձնակազմով։ Առողջարանի հոսպիտալն առաջին օգնություն է ցուցաբերելու տարհանվածներին՝ նրանց ուղղորդելով հարակից մասնագիտացված հոսպիտալներ»։
Բաղրամյան ուսումնական կենտրոնի զորավարժությունների հատվածում վրանային ավան է տարածվել, խաղարկվել է պայմանական ռազմական գործողություններին նախապատրաստվելու սցենարը։
Ըստ սցենարի, պայմանականորեն երկիրը ռազմական դրության մեջ է, եւ այժմ հերթը զինված ուժերինն է՝ ցույց տալու իր կարողությունները պայմանական ռազմական դրության ժամանակ։ Ռազմական դրության մեջ գտնվող զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու նպատակով ՀՀ մշակույթի ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները վրանային ավանում կազմակերպել էին մշակութային եւ մարզական միջոցառումներ։
Սեպտեմբերի 5—ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ժամը 10.07—ին եւ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում ժամը 10.15—ին ազդարարման շչակների միջոցով հնչեցվել է «Օդային տագնապ» ուսումնական ազդանշան։
Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը տեղեկացրել է, որ քաղաքում 3 ուղղությամբ միացվել են ձայնային ազդանշանները հնչեցնող շչակները։ «Օդային տագնապ» ուսումնական ազդանշանը կազմակերպվել է պատշաճորեն, սցենարը խաղարկվել է բնական հունով, նախապես ամեն ինչ արվել էր, որ բնակիչները խուճապի չմատնվեն»,–ասել է նա։ 


Գնահատել են զորավարժությունների ընթացքը
 

«Շանթ–2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունների անցկացումը շատ կարեւոր նշանակություն ունի ցանկացած պարագայում սպառնալիքներին եւ մարտահրավերներին դիմակայելու կարողությունների ամրապնդման եւ դրանց գործադրման առումով։ «Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստանի քրիստոնեա—դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։ «Նման զորավարժությունները, որոնց նպատակը ոչ միայն ռազմական գործողությունների արդյունավետ իրականացումն է, այլեւ ամբողջ պետական կառավարման համակարգի մոբիլիզացումը, թիկունքի համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը, շատ կարեւոր նշանակություն ունեն։ Ես ցանկանում եմ նշել, որ շատ երկրներ՝ օրինակ Ճապոնիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, շատ հաճախ են նման միջոցառումներ անցկացնում»,–ընդգծել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ նման միջոցառումները հնարավորություն են տալիս հանրությանը, պետական կառավարման մարմիններին էքստրեմալ պայմաններում պատրաստ լինելու ճիշտ որոշումներ կայացնելու եւ կազմակերպելու իրենց գործողությունները։
Պատգամավորը դժվարացել է գնահատել զորավարժությունների անցկացման մակարդակը՝ ընդգծելով, որ ինքն այդ ոլորտի մասնագետ չէ, որ կարողանա գնահատականներ հնչեցնել, սակայն ընդգծել է, որ կարող է բավարարվել հանրապետության նախագահի, ոլորտի պատասխանատու պաշտոնյաների բարձր գնահատականներով. «Օրինակ, ես հետեւում եմ մամուլին, հեռուստատեսությանը, տեսնում եմ, որ առողջապահական համակարգը, որը նման դեպքերում ունի բացառիկ պատասխանատվություն, լիովին արդարացնում է իրեն։ Այն պատրաստ է, ունակ է եւ կարող է էքստրեմալ պայմաններում գործել։ Ես տեսնում եմ, որ արտակարգ իրավիճակների ոլորտի ծառայությունները եւս պատրաստված են եւ նման բարդ պայմաններում գործելու կարողություն ունեն»։
Հարությունյանը առանձնացրել է մեկ կարեւոր հանգամանք եւս։ Նա նկատել է, որ «Շանթ–2015» զորավարժությունների անցկացումը համընկավ հայ—ադրբեջանական սահմանին լարվածության հետ, եւ շատերի մոտ տպավորություն էր, որ զորավարժությունն անցկացվում է, քանի որ իրավիճակը ծայրահեղ լարված է։ «Ես կարծում եմ, որ պաշտպանության ոլորտի պատասխանատուները այս առումով եւս պետք է մեկնաբանություններ տան։ Ես ցանկանում եմ ասել, որ այս զորավարժությունների անցկացումը վաղուց է պլանավորված եղել եւ ընդհանրապես որեւէ կապ չունի հայ—ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի հետ։ Չփորձենք մոռանալ, որ այդ սահմանային լարվածությունը պարբերաբար կրկնվում է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Եթե նույնիսկ այդ լարվածությունն էլ հաշվի առնենք, ապա նման զորավարժությունների անցկացումը լիովին արդարացված է»,–եզրափակել է նա։
«Այս զորավարժությունների ընթացքում մենք տեսնում ենք յուրաքանչյուր պետական գերատեսչության պատրաստվածության եւ կազմակերպչական բարձր մակարդակը։ Հանրության շրջանում արձագանքներն իրապես դրական են, ինչը շատ կարեւոր է հանրության սոցիալական բոլոր շերտերի ներգրավվածության առումով, որպեսզի ֆորս—մաժորային եւ պատերազմական լարված իրավիճակների դեպքում բոլորն իմանան, թե ինչպես եւ ինչ կերպ պետք է արձագանքեն»,–կարծիք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Նրա գնահատմամբ՝ հաջող անցկացվող «Շանթ– 2015» զորավարժությունները հստակ ուղերձ են Ադրբեջանին, որպեսզի այն դադարեցնի իր ռազմատենչ հայտարարությունները։ «Ես վստահ եմ, որ այստեղ երկու կարծիք լինել չի կարող, որ մեր հակառակորդ Ադրբեջանը երբեւէ չի կասկածել, որ ամեն պահ իր սադրիչ գործողություններին ի պատասխան ստանալու է արժանի հակահարված, որովհետեւ Ադրբեջանի քաղաքական էլիտայի ամեն օր եւ ժամ արվող սպառնալից հայտարարությունները ոչ թե ուժի, այլ թուլության նշան են. ուժեղը երբեք չի սպառնում, քանի որ վստահ է իր ուժերին»,–ընդգծել է ԲՀԿ—ի նախագահը։
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ—մայոր Նիկոլայ Գրիգորյանի կարծիքով, զորավարժությունները անցկացվել են շատ բարձր մակարդակով։ «Եթե նախկինում երկրում բազմաթիվ քաղաքացիական պաշտպանական միջոցառումներ ենք կազմակերպել խաղաղ պայմաններից պատերազմականին անցնելու սցենարով, ապա այժմ այս զորավարժություններին ներգրավված է ամբողջ երկիրը։ Բոլոր պետական գերատեսչությունները եւ կազմակերպությունները բավական լրջորեն են մոտենում ինչպես փաստաթղթերի ձեւակերպման, այնպես էլ այս զորավարժությանն իրենց ընդհանուր մոտեցման առումներով։ Տարիներ առաջ, երբ մեր երկիրը գտնվում էր իրական պատերազմական իրավիճակում, մեր պետությունն այսքան ուժեղ կազմակերպված եւ ներգրավված չի եղել իր ողջ ներուժը, որքան հիմա»,–ընդգծել է նա։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 431 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024