ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նախօրեի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն), հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Պատվիրակության կազմում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք։
Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները ՉԺՀ–ում ՀՀ դեսպանությունում մասնակցել են ՀՀ անկախության 24–րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Չինաստանում հավատարմագրված երկրների դիվանագիտական առաքելությունների, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Դեսպանությունում վարչապետ Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար Չեն Գոպենի հետ։ Կողմերը քննարկել են հայ–չինական փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր։
Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ։
Ողջունելով Հայաստանի վարչապետին՝ ՉԺՀ պետական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու իր հրավերը ընդունելու եւ Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու համար։ Նա բարձր է գնահատել հայ–չինական հարաբերությունների ներկա մակարդակը եւ համոզմունք հայտնել, որ վարչապետ Աբրահամյանի այցը Չինաստան կնպաստի փոխգործակցության էլ ավելի զարգացմանը եւ ամրապնդմանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Ընդգծելով, որ տնտեսական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այցը նոր լիցք կհաղորդի հայ–չինական կապերի ամրապնդմանը եւ տնտեսական համագործակցության ընդլայնմանը։
Փաստելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է, Հայաստանի եւ Չինաստանի վարչապետները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մարտին կայացած պետական այցը ՉԺՀ, ինչը երկու երկրների բարեկամական հարաբերությունները որակական նոր մակարդակի է բարձրացրել եւ նոր թափ է հաղորդել հայ–չինական համագործակցության զարգացմանը։ «Ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի եւ Չինաստանի ղեկավարների միջեւ հանդիպման արդյունքների հիման վրա մենք ակտիվորեն աշխատում ենք բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների առաջխաղացման եւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։
Երկու երկրների վարչապետները կարեւորել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի, քաղավիացիայի ոլորտներում հետագա համագործակցության խորացումը, համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը։ Այս համատեքստում կարեւոր է համարվել առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ–չինական համատեղ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։
Վարչապետ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններն առաջընթաց են արձանագրել, եւ զգալի աճել է ապրանքաշրջանառությունը (ավելի քան կես միլիարդ դոլար)։ ՉԺՀ վարչապետ Լի Քեցյանը իր հերթին ընդգծել է, որ բոլոր ոլորտներում՝ թե քաղաքական, թե տնտեսական եւ թե հումանիտար, առկա է արդյունավետ փոխգործակցություն, եւ Չինաստանը պատրաստ է խորացնելու եւ ամրապնդելու դրանք։
Հայաստանի եւ Չինաստանի վարչապետները մանրամասն քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը։ Չինաստանի վարչապետը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունը այս հարցում։ Նա պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար եւ այլ ոլորտներում։ ՉԺՀ վարչապետը տեղեկացրել է, որ Չինաստանում ուսանող հայ երիտասարդների կրթաթոշակը հաջորդ տարվանից կբարձրացվի։
Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը Չինաստանի վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է։
|