Նախօրեին Վարագա Ս. Խաչի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ 21—րդ դարի երրորդ մյուռոնօրհնեքը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Մյուռոնօրհության սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչներ, թեմակալ առաջնորդներ ու թեմական պատվիրակություններ, գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, ազգային բարերարներ, մշակույթի եւ գիտության գործիչներ եւ Հայաստանից ու աշխարհասփյուռ համայնքներից ժամանած բազմահազար ուխտավոր հայորդիներ։
Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու կյանքի այս կարեւոր պատմական իրադարձությանը Հայոց եկեղեցու հոգեւոր դասին եւ համայն հայ ժողովրդին աղոթակից էին Ղպտի ուղղափառ եկեղեցու, Ասորի ուղղափառ եկեղեցու, Հնդիկ մալաբար եկեղեցու, Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի Հույն ուղղափառ պատրիարքության, Անտիոքի եւ Համայն Արեւելքի պատրիարքության, Ռուս ուղղափառ եկեղեցու, Սերբիայի ուղղափառ եկեղեցու, Ռումինիայի ուղղափառ եկեղեցու, Կիպրոսի ուղղափառ եկեղեցու, Չեխիայի ուղղափառ եկեղեցու, Ալբանիայի ուղղափառ եկեղեցու, Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Հույն կաթոլիկ եկեղեցու, Ասորի կաթոլիկ եկեղեցու, Հայ կաթողիկե եկեղեցու, Անգլիկան եկեղեցու, Ֆինլանդիայի լյութերական եկեղեցու, Սան Էջիդիո համայնքի եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակներն ու ներկայացուցիչները։
Արարողությունն սկսվեց երեկոյան ժամը 17։00—ին։ Տերունական աղոթքից հետո հայրապետական հանդիսավոր թափորը Մայր տաճարի Իջման Ս. Սեղանի առջեւից շարժվեց դեպի Մայր Աթոռի՝ Ս. Տրդատ արքայի անունը կրող Բաց Խորանը։ «Խորհուրդ խորին» եւ «Ուրախ լեր» շարականների երգեցողության եւ Մայր տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո, խաչերի եւ խաչվառների առաջնորդությամբ, ուխտավորների ծափողջույնների ուղեկցությամբ Ամենայն հայոց հայրապետը, օրհնելով ներկա ժողովրդին, ամպհովանու ներքո ուղեկցվեց դեպի Բաց Խորան։
Վեհափառ հայրապետի ընթերականերն էին Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչ գերաշնորհ տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Հայրապետական թափորի մեջ տարվում էին մյուռոնօրհնության արարողության ժամանակ գործածվող սրբազան մասունքները, Սկեւռայի մասանց պահարանի կրկնօրինակը եւ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների մասանց պահարանը, սրբալույս մյուռոնի նյութերը եւ այլ սրբություններ։ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ գերաշնորհ տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կրում էր Կենաց Փայտի մասունքով խաչը, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ Ս. Գեղարդը, ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը կրում էր Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ Ծաղկանց նյութի սափորը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ Բալասանի սափորը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից այս առիթով դուրս բերված Վեհափառի Ավետարանը, գերաշնորհ տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը՝ Ս. Անդրեաս առաքյալի մասունքով Աջը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Ս. Ղուկաս Ավետարանչի մասունքով Աջը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ հին մյուռոնով մյուռոնաթափ մեծ աղավնին, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը կրում էր Ս. Թադեոս առաքյալի մասունքով Աջը։
Զույգ բուրվառակիրներ հոգեշնորհ տ. Նարեկ վարդապետ Ավագյանի եւ հոգեշնորհ տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի առջեւից եկեղեցական շապիկով քայլում էր ս. մյուռոնի կնքահայրը՝ Մայր Աթոռի բարերար տիար Հայկ Տիտիզյանը։
Մայր տաճարի երգչախումբը «Հրաշափառ» շարականի հանդիսավոր կատարումով Բաց Խորանի մատույցներում դիմավորեց հայրապետական թափորին, ապա միասնական Տերունական աղոթքով սկսվեց մյուռոնօրհնության խորհրդավոր արարողությունը։
Սկզբում «Որ զշնորհս» շարականի երգեցողության ներքո բուրվառակիրները խնկարկեցին Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորած եպիսկոպոսաց դասը եւ սրբալույս մյուռոնի կաթսան, ապա Հին ու Նոր Կտակարաններից հատվածներ եւ ս. մյուռոնին նվիրված աղոթքներ ընթերցվեցին։
Ավետարանից հետո հնչեց «Բաց մեզ Տէր» շարականը, որի ժամանակ խորան հրավիրվեց մյուռոնի կնքահայր տիար Հայկ Տիտիզյանը, ով Մայր Աթոռի լուսարարապետ գերաշնորհ տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ միասին բացեց ս. մյուռոնի կաթսան։
Այնուհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսը մյուռոնի կաթսայի մեջ հեղեց ծաղկանց նյութը եւ բալասանը, որից հետո ձեռամբ Նորին սրբության կաթսայի մեջ լցվեց նաեւ Անթիլիասում օրհնված նոր մյուռոնը, որ Վեհափառ հայրապետին էր մատուցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչ գերաշնորհ տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը։
Սրբազան ավանդության համաձայն՝ «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցության ներքո Ամենայն հայոց կաթողիկոսը մեռոնաթափ աղավնիով կաթսայի մեջ հեղեց նաեւ հին մյուռոնը՝ նորին փոխանցելով Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով օրհնված սրբալույս մյուռոնի զորությունը։
Նորին սրբությունն օրհնեց նոր մյուռոնը, տյառնագրեց եւ խառնեց նաեւ Կենաց Փայտի մասունքով խաչով, Աստվածամուխ ս. գեղարդով եւ հայոց հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով։
Այնուհետեւ Նորին սրբություն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը իր պատգամն ուղղեց ներկաներին եւ համայն հայությանը, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի ներքո Նորին սրբությունը, եպիսկոպոսաց դասը եւ մյուռոնօրհնության կնքահայրը համբուրեցին նորօրհնյալ մյուռոնի կաթսան։
Արարողությունը փակվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն հայոց կաթողիկոսը ս. գեղարդով օրհնեց ներկաներին։
Ուխտավոր ժողովրդին եւ քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց հպվելու ս. մյուռոնի կաթսային եւ ստանալու նոր մյուռոնի օրհնությունը։
Մյուռոնօրհնության արարողության ավարտին թափորը հայրապետական մաղթերգի ներքո ուղղվեց դեպի Մայր տաճար։
Նույն օրը տրվել է սրբալույս մյուռոնի օրհնության արարողությանը նվիրված պաշտոնական ճաշ, որին ներկա է եղել եւ ելույթ ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
|