Կոռուպցիան դեռեւս արդիական խնդիր է մնում Հայաստանում, ուստի դրա դեմ պայքարը առաջիկայում եւս կլինի պետության եւ ոչ պետական, հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։
ՀՀ արդարադատության նախարարությունը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ—ն եւ գործընկեր «Ինֆորմացիայի ազատություն կենտրոն» ՀԿ—ն Եվրամիության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակում երեկ կազմակերպել էին կառավարություն—քաղաքացիական հասարակություն աշխատանքային հարթակի առաջին հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ—ում ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, այլ միջազգային կազմակերպությունների, ՀՀ կառավարության, այլ պետական եւ տեղական մարմինների, ՔՀԿ—ների ներկայացուցիչներ։
ԻԱԿ—ի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավարի տեղակալ Շուշան Դոյդոյանը ողջունելով մասնակիցներին, խոսեց Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման շուրջ իրականացվող աշխատանքների, առաջիկա անելիքների մասին եւ շեշտեց այդ հարցերում կառավարություն—քաղաքացիական հասարակություն համագործակցության կարեւորությունը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2015—2018թթ. միջոցառումների» ծրագիրը։ Փոխնախարարը հիմնական շեշտը դրեց օրինավոր եւ բարեխիղճ հանրային դասի, արդյունավետ հանրային կառավարման համակարգի, թափանցիկ եւ հաշվետու կառավարման համակարգերի, ՀԿ—ների հետ կայուն կապի ձեւավորման վրա, ինչպես նաեւ կարեւորեց կոռուպցիոն վարքագծի համար արդյունավետ քննությունը եւ պատասխանատվության ենթարկելը, հանրային վստահությունը բարձրացնելը։ Վերջում առանձնացրեց կոռուպցիայի առումով առավել ռիսկային ոլորտները՝ առողջապահություն, ոստիկանություն, կրթություն, պետական եկամուտների հավաքագրում։ Փոխնախարարը հավելեց, որ սրանք ոչ թե այն հիմնական ոլորտներն են, որտեղ առկա է կոռուպցիա, այլ հաշվի է առնվել հասարակության մեծ թվով ներգրավվածությունը։ Այնուհետեւ ՀԿ—ների ներկայացուցիչները հարց ու պատասխանների միջոցով փորձեցին ընդհանուր համագործակցության եզրեր գտնել, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման շուրջ բանակցություններ վարել։ Արդարադատության փոխնախարարը մեզ հետ զրույցում ասաց. «Կարծում եմ, որ այս հարթակը շատ լավ հնարավորություն է, որ կարողանանք տարբեր հասարակական կազմակերպությունների համագործակցության շնորհիվ, միասնական ջանքերով փորձել մի շարք միջոցառումներ իրականացնել, որպեսզի հասարակությունը աջակցություն ստանա կոռուպցիայի դեմ պայքարում, եւ ինչու ոչ, մեզ հետ միասին առաջնորդի այդ պայքարը»։ hhpress.am
Հայկ ՄԱԳՈՅԱՆ
|