Գործադիրը եզրակացություն կտա փաստաթղթերին ծանոթանալուց հետո
Կառավարության երեկվա նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցերին» վերաբերող հարց քննարկվեց։ Ըստ այդմ, «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությունը հայտ է ներկայացրել կառավարություն՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին։
Կառավարությունը հանձնարարեց շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին, ուսումնասիրել «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդը» ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության եւ «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ լիմիթեդ» ընկերության միջեւ 2002թ. օգոստոսի 26—ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները։ Այդ թվում նաեւ այն պարտավորությունները, որոնք «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» ընկերությունների մասնավորեցման մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար։
Նշյալ շահագրգիռ կառույցները նաեւ պետք է ուսումնասիրեն «Ինտեր ՌԱՕ հոլդինգ Բի.Վի.» ընկերության եւ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության միջեւ կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը եւ համապատասխան եզրակացություն տան։
Գործադիրի նիստի ավարտից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը օտարելու շուրջ իր եզրակացությունը կներկայացնի մեկ շաբաթվա ընթացքում։ «Մենք մեկ—երկու օրից կսկսենք ներկայացված հայտի ուսումնասիրությունը, եւ այն կտեւի մեկ շաբաթ»,–վստահեցրեց նախարարը։
Ի դեպ, «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդը» գրանցված է Կիպրոսում՝ օֆշորային գոտում։ Մտավախություն չկա՞, որ ՀԷՑ—ի հետ էլ կկատարվի այն, ինչ եղավ մեր երբեմնի քիմիական արտադրության հսկա «Նաիրիտի» հետ։ Երվանդ Զախարյանը ասաց, թե չի կարծում, որ «այս դեպքում այդպես կլինի»։
Իսկ հնարավո՞ր է, որ ՀԷՑ—ի վաճառքից հետո աուդիտը «կանգնի»։ «ՀԷՑ—ի վաճառքից հետո էլ այնտեղ աուդիտը կշարունակվի»,–ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը՝ հավելելով, որ ՀԷՑ—ի աուդիտի մրցույթը հայտարարված է, եւ հայտերն ընդունվում են։
Իսկ թե ում է պատկանում այդ ընկերությունը, չի ասվում։ «Չգիտեմ, թե ում է պատկանում այդ ընկերությունը՝ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդը»։ Դեռ հայտնի չէ,—լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը,–անվանումը, որ նոր ներկայացվեց, դեռ ոչինչ չի ասում, դեռ չգիտենք։ Հանձնարարություն եղավ, որպեսզի համապատասխան նախարարությունները տվյալ առաջարկի հիման վրա ներկայացնեն իրենց եզրակացությունները։ Փաստաթղթերին ծանոթանալուց հետո միայն կներկայացնենք մեր եզրակացությունը»։
Կա՞ տարբերակ, որ ՀԷՑ—ի վաճառքից հետո էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայվի։ «Չի վերանայվի»,—համառոտեց Երվանդ Զախարյանը։ Նա միաժամանակ հավելեց, որ սակագնի շուրջ վերջնական դիրքորոշում կառավարությունը կհայտնի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կատարվող ուսումնասիրությունների արդյունքում։
Ի դեպ, անդրադառնալով էլեկտրաէներգիայի վարձավճարներն ուռճացված ներկայացնելու փաստի մասին լուրերին՝ Երվանդ Զախարյանը շեշտեց, որ նման բան հնարավոր չէ. «Նոր բովանդակությամբ պայմանագրեր սպառողների հետ դեռեւս չեն կնքվել՝ հաշվի առնելով, որ գործում է նոր սակագինը, ուղղակի փոփոխություններ են կատարվում պայմանագրին կից հավելվածների մեջ։ Եթե կան նման դեպքեր, թող դիմեն նախարարություն»։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|