Այս տարի լրանում է հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման քառասուներորդ տարին։ Այն խորհրդանշական է՝ վերստին քննության առնելու Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խաղացած դերը հետպատերազմյան յալթապոտսդամյան միջազգային հարաբերությունների հարացույցում։
ԵԱՀԿ—ն սկիզբ է առնում նախորդ դարի 50—60—ականների՝ համաեվրոպական խորհրդակցություն գումարելու դիվանագիտական ոգորումներից։ Պատմական շրջանն ուշագրավ էր նրանով, որ սառը պատերազմի բաժանարար գծերը մի կողմից հեռացնում էին Արեւմուտքը եւ Արեւելքը միմյանցից, մյուս կողմից՝ համաշխարհային տնտեսության եւ քաղաքականության մեջ ուժային հարաբերակցությունների տեղափոխությունը, նոր դերակատարների աճը եւ դրան զուգահեռ՝ հին դերակատարների շահերի հակադրամիասնությունը ստեղծում էին յուրօրինակ աշխարհաքաղաքական մթնոլորտ, որում համաեվրոպական քաղաքական խորհրդակցություն հրավիրելը դարձավ ցանկալի գրեթե բոլոր ազդեցիկ խաղացողների համար։
Այսպես, Խորհրդային Միությունը ձգտում էր Եվրոպայի հետ մերձեցման շնորհիվ որոշակի հակակշիռ ապահովել Չինաստանի դեմ, որի հետ հարաբերություններն ու սահմանային ընդհարումները մտահոգիչ էին դարձել։ Մյուս կողմից, չնայած Արեւմուտք—Արեւելք չդադարող հակասությանը՝ տեխնոլոգիաների եւ հարակից հարցերում Եվրոպային աստիճանաբար զիջող ԽՍՀՄ–ը կարիք ուներ ավելի սերտ հարաբերությունների Հին աշխարհի հետ, ինչը ռուսական պետականության «պատուհան դեպի Եվրոպա» երկրաքաղաքական ավանդական կուրսի շարունակությունն էր, որ դրսեւորվեց անգամ սառը պատերազմի օրերին։ Եվրոպան իր հերթին ցանկանում էր մարդու իրավունքների համակարգի ներդրմամբ եւ հումանիտար ոլորտում համագործակցության հաստատմամբ «ճեղքեր» առաջացնել սոցիալիստական ճամբարի երկրների հասարակական—քաղաքական կացութակարգում՝ հիմքը դնելով անձանց, գաղափարների եւ մտքերի ազատ տեղաշարժին։ Սակայն թե՛ ԽՍՀՄ եւ թե՛ Եվրոպայի համար ընդհանուրը եւ համաեվրոպական խորհրդակցություն հրավիրելու հարցի շուրջ միակամություն ապահովողը անվտանգային մտահոգություններն էին, այն է՝ հաստատագրել իրերի գոյություն ունեցող վիճակը եւ երկուստեք ազդեցության սահմանները։
Խորհրդակցությունը մեկնարկեց 1973 թ. հուլիսի 3—ին։ Մասնակցում էին 35 երկիր՝ 33 եվրոպական (բացառյալ Ալբանիայի) եւ 2 ամերիկյան՝ ԱՄՆ եւ Կանադա։ Վերջիններիս մասնակցությունը ԽՍՀՄ զիջման հետեւանք էր այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ առանց ԱՄՆ–ի մասնակցության եւ հավանության եվրոպական կողմը ստիպված կլինի հետ կանգնել խորհրդակցության գումարումից։
Ինչպես եւ կանխենթադրելի էր, կողմերի միջեւ տարակարծություն կար քննության առնված հարցերի առաջնահերթությա՛ն շուրջ։ Սոցիալիստական ճամբարի համար առաջնայինը սահմանների անխախտության եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներն էին, մինչդեռ եվրոպական կողմից առաջ էր մղվում հումանիտար եւ մարդու իրավունքների հարցազամբյուղը։ Ուշագրավ է այս հարցով բրիտանական արտգործնախարար Դուգլաս—Հյումի պնդումը, որ «…հումանիտար ոլորտում համագործակցության կետն, ըստ իս՝ ամենակարեւորն է։ Եթե մեր խորհրդակցությունը զբաղվում է մարդկանց եւ վստահության հարցերով, այդ դեպքում անհրաժեշտ է ինչ—որ բան անել, որ կհեռացնի խոչընդոտները մարդկանց, ինֆորմացիայի եւ գաղափարների տեղաշարժի ճանապարհին»։ Ի հակադրություն սրա՝ սոցճամբարի երկրների խտացված դիրքորոշումն այն էր, որ «… հարկավոր է կտրականապես մերժել «մարդկանց, գաղափարների եւ ինֆորմացիայի ազատ տեղաշարժի» մասին արեւմտյան առաջարկները, որի նպատակն է ճամփա հարթել … իմպերիալիստական գաղափարախոսական դիվերսիաների»։ Այս պայմաններում արդեն 1974 թ. գարնանը պարզ դարձավ, որ խորհրդային կողմից այս հարցում զիջումների բացակայության դեպքում խորհրդակցության աշխատանքները կտապալվեն։ Հաշվի առնելով մյուս՝ անվտանգային եւ սահմանների անխախտության հարցերում նպատակին հասնելու հրամայականը՝ անձամբ Լեոնիդ Բրեժնեւը հրահանգեց զիջման գնալ այս հարցում եւ ընդունել արեւմտյան առաջարկները։
Եռամյա բանակցություններից հետո, ի վերջո, 1975 թ. հուլիսի 30–ից օգոստոսի 1—ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում գումարվեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդակցության վերջին՝ երրորդ փուլը։ Օգոստոսի 1—ին ստորագրվեց խորհրդակցության Եզրափակիչ ակտը։
Փաստաթղթի առաջին բաժինն ամբողջությամբ վերաբերում էր անվտանգային եւ քաղաքական հարակից հարցերին։ Հենց այս բաժնում տեղ գտավ նաեւ այն սկզբունքների հռչակագիրը, որով պետությունները պարտավորվում էին առաջնորդվել միմյանց միջեւ հարաբերություններում։ Սկզբունքները տասն էին, ուստի ոչ ֆորմալ դիվանագիտական բառապաշարի մեջ ստացան «տասնաբանեայ» անունը՝ որպես «եվրոպական տասը պատվիրաններ»։ Դրանք էին՝ ա) ինքնիշխանության իրավունքի հարգում եւ սուվերեն հավասարություն, բ) ուժի կամ ուժի սպառնալիքի անթույլատրելիություն, գ) սահմանների անխախտություն, դ) պետությունների տարածքային ամբողջականություն, ե) վեճերի խաղաղ կարգավորում, զ) ներքին գործերին միջամտելու անթույլատրելիություն, է) մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների հարգում, ը) ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունք, թ) պետությունների միջեւ համագործակցություն, ժ) միջազգային իրավական պարտավորությունների բարեխիղճ կատարում։
Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրումը եւ ԵԱՀԽ կայացումը նշանավորեցին մի շարք փոփոխություններ միջազգային հարաբերություններում։ Նախ՝ շարունակվեց խորանալ եվրոպական բեւեռի ազդեցությունն ու դերակատարումը միջազգային հարաբերություններում։ Բացի այդ, կարեւոր էր մարդու իրավունքների հայեցակարգի հանրակարգայնացման հետագա ամրապնդումը եւ միջազգային հարաբերությունների «կոշտ» բնույթի աստիճանական անցումը «փափուկ» հարաբերությունների։ Ընդհանուր առմամբ, ԵԱՀԽ բարերար ազդեցություն ունեցավ Եվրոպայում խաղաղության ամրապնդման եւ լարվածության թոթափման հարցում՝ շարունակելով պահպանել իր այդ առաքելությունը նաեւ հետսառըպատերազմյան իրականությունում, բայց արդեն է՛լ ավելի ընդարձակ աշխարհագրական տարածքում։
Այդուամենայնիվ, միջազգային հարաբերությունների կոշտ ու սառըպատերազմյան տրամաբանությունն իրենց կնիքը թողեցին նաեւ հելսինկյան եզրափակիչ ակտի գործառնության վրա։
Նախ՝ այդ փաստաթուղթը ֆորմալ առումով ուներ հռչակագրային բնույթ եւ ներպետական օրենսդրական ընթացակարգով վավերացում չէր պահանջում, ինչը շահարկվում էր պետությունների խուսանավողական քաղաքականության մեջ։ Եվ երկրորդ՝ շահերի կտրական բախման ժամանակ պետությունները սկսեցին կամայականորեն մեկնաբանել հելսինկյան հռչակագրի սկզբունքների առաջնահերթությունը։ Ինչպես վերը տեսանք, սառը պատերազմի օրերին դա դրսեւորվում էր Արեւմուտքի եւ ԽՍՀՄ միջեւ հումանիտար բլոկի եւ անվտանգային ու քաղաքական սկզբունքների գերակայության մասին քաղաքական բանավեճով։ Սառը պատերազմի ավարտից, ԽՍՀՄ փլուզումից եւ «դեմոկրատիաների շքերթից» հետո արդեն շահարկման առարկա դարձան տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքները։
Ստորեւ՝ ղարաբաղյան խնդրի համաշարում, կանդրադառնանք նաեւ այդ հարցին։
Ղարաբաղյան հակամարտության մեջ ԵԱՀԽ ներգրավումը պայմանավորված էր նախկինում վերջինիս ապաբլոկային ու չեզոք միջազգային դիրքորոշմամբ։ Հայաստանը եւ Ադրբեջանը անդամակցեցին կառույցին 1992 թ., եւ նույն ժամանակ էլ համաձայնություն հայտնեցին՝ վերջինիս ընդունել որպես միջնորդ։ Նույն տարվա փետրվարի 12—ին տարածաշրջան ժամանեց եւ, ի մասնավորի, Գորիսում, Ստեփանակերտում եւ Աղդամում դաշտային դիտարկումներ անցկացրեց ԵԱՀԽ առաջին պատվիրակությունը։ Աշխատանքների հիման վրա կազմվեց ԼՂ հարցով զեկույց, որում հիմնական շեշտադրումները կրակի դադարեցումն ու հարակից հումանիտար հարցերն էին, այդ թվում՝ տարածաշրջանում ԵԱՀԽ դիտորդների տեղաբաշխումը։ Սույն զեկույցը, սակայն, մնաց թղթի վրա, քանզի նկատելի հեռու էր հայ—ադրբեջանական հակամարտության տրամաբանությունից եւ ռազմադաշտում տեղի ունեցող գործողությունների գնահատողական հարացույցից։
Հաջորդ տարիներին՝ 1994 թ. եւ 1996 թ., Բուդապեշտում եւ Լիսաբոնում ԵԱՀԿ երկու գագաթնաժողովները ղարաբաղյան հարցով գրանցեցին այն մեկ կարեւոր առաջընթացը, որ ստեղծվեց Մինսկի խումբը եւ դրա համանախագահության ինստիտուտը՝ որպես խնդրով մասնագիտացող եւ զբաղվող միակ միջազգային միջնորդական կառույց։ Բացի այդ, Լիսաբոնում տեղի ունեցած «վետոների պատերազմի» ժամանակ հայկական կողմն ակնհայտ ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի անտեսմամբ խնդիրների հաջորդական կարգավորման տարբերակն ընդունելի չէ։ Հետագայում բանակցություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնած մաքոքային դիվանագիտությունն ավելի շատ ծանրացան համապարփակ եւ փաթեթային տարբերակի ուղղությամբ։
Եթե 23—ամյա հեռավորությունից փորձենք գնահատել ԵԱՀԿ դերակատարումը ղարաբաղյան հարցում, ապա այն կարող ենք համարել ընդհանուր առմամբ դրական։ Կազմակերպության մասնագիտացված հաստատության՝ Մինսկի խմբի շրջանակներում, ձեւավորվել է ինստիտուցիոնալ հիշողություն՝ կապված ղարաբաղյան հարցի գրեթե ամբողջ ընթացքի հետ։ Միակ էական խնդիրը, որի առկայությունն արգելակ է ԵԱՀԿ միջնորդական առաքելության շրջանակներում ԼՂ հարցի լուծման ճանապարհին, որդեգրված սկզբունքների մեկնաբանման հարցում կողմերի ունեցած տարակարծությունն է։ Ադրբեջանի կողմից թմբկահարվող տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի հակասության թեզն իրականում ստահոդ է, քանզի առաջինը ծագել է որպես մեկ պետության կողմից ուժի միջոցով մեկ այլ պետության տարածքի բռնազավթման արգելք, իսկ այս պարագայում գործ ունենք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի շնորհիվ Արցախի տարածքի օրինական ընդարձակման հետ։
Կարծում ենք՝ ԵԱՀԿ միջնորդական առաքելության զարգացման հեռանկարը կախված է հայ—ադրբեջանական հակամարտության ընդհանուր տրամաբանության եւ հետպատերազմյան ուժային հարաբերակցության վերագնահատման հետ։ Առիթ ունեցել ենք նշելու, որ միջազգային իրավունքի սկզբունքներն ածանցյալ են միջազգային իրավունքի նպատակից, ու եթե սկզբունքները տարածաշրջանից տարածաշրջան տարբեր կերպավորումներ են ստանում ու անկարող են ներդաշնակորեն լուծելու հարցեր, ուրեմն պետք է մի քայլ առաջ գնալ ու առաջնորդվել հիմնականով՝ միջազգային իրավունքի նպատակով, այն է՝ խաղաղության հաստատմամբ եւ պահպանմամբ («Ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը», «ՀՀ», 25.06.2015 թ.)։ Հաշվի առնելով բռնության կանխարգելման եւ խաղաղության պահպանման իր առաքելության ու ԼՂ հարցում հիշատակված սկզբունքների առերեւույթ հակասության գործոնները՝ ԵԱՀԿ լրջագույն առաջընթաց կգրանցի, եթե վեր կանգնի զուտ իրավական արծարծումներից եւ ուրվագծի այն քաղաքակա՛ն միջոցները, որոնք թույլ կտան պահպանելու տեւական խաղաղությունը։ hhpress.am
Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ
|