ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը,
քննարկվել է Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարար նշանակելու հարցը։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Հանրապետության նախագահը Արփինե Հովհաննիսյանին այդ պաշտոնում նշանակելու հարցով խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ եւ իր որոշումը կկայացնի»։ Այլ թեկնածուների հարց չի քննարկվել։
ՀՀԿ խոսնակը վերջին օրերին սահմանում լարված իրավիճակը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը խաթարելու Ադրբեջանի մտադրությամբ. «Դա անընդունելի է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունների համար, քանի որ մեզ համար ընդունելին բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում խնդրի խաղաղ կարգավորումն է։ Եվ մենք անթույլատրելի ու դատապարտելի ենք համարում Ադրբեջանի նման դիրքորոշումը»։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները կփոխհատուցեն բոլոր վնասները, որ կրել են սահմանամերձ գյուղերի բնակիչները հակառակորդի գնդակոծության հետեւանքով։
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների քննարկումներին՝ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ նոր Սահմանադրության նախագծով ընդդիմության լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են։ Հիմնական սահմանադրական օրենքները ընդունվելու են ոչ թե մեծամասնության ձայներով, այլ պատգամավորների ձայների 3/5—ով. «Այսինքն, կարեւոր օրենքները՝ լինեն ընտրական օրենսգրքում փոփոխություններ, Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություններ, դատական օրենսգրքի փոփոխություններ եւ նմանատիպ այլ կարեւոր օրենքներ, առանց ընդդիմության մասնակցության, առանց ընդդիմության հետ կոնսենսուսի հնարավոր չի լինելու ընդունել»։
Սահմանադրությամբ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկը առաջադրվելու է ընդդիմության կողմից։
|