անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների ընթացքին
Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստում, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների ընթացքին։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Բացի այդ, նրա խոսքերով, հանրապետության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման արդյունքները։ Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Նախագահները վերահաստատել են, որ այն պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով. «Նախագահները վերահաստատել են, որ հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման ցանկացած փորձ անընդունելի է եւ դատապարտելի»։
Խոսելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասին՝ ՀՀԿ խոսնակը նկատել է, որ այսօր գոյություն ունի այն քաղաքական կոնսոլիդացիան, որի մասին խոսում էր ՀՀ նախագահը, եւ արդյունքում ամեն ինչ կորոշի հանրապետության քաղաքացին։
«Այսօր փաստ է, որ երկրի քաղաքական ուժերի գերակշռող մեծամասնությունը, նույնիսկ այն ուժերը, որոնք մի քանի ամիս առաջ դեմ էին սահմանադրական փոփոխությունների անցկացմանը, դրանք անհրաժեշտություն են համարում։ Նախագահի հետ հանդիպումից հետո նրանց կողմից ավելի հավասարակշռված մոտեցում է ցուցաբերվում»,–հավելել է Շարմազանովը։
|