Նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիան (Շենսի նահանգ), որտեղ երեկ մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նույն օրը վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Շենսի նահանգի կոմունիստական կուսակցության քարտուղար Ճաո Ժեն Յոնի հետ։
Բարձր գնահատելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան եւ հանդիպումը ՉԺՀ վարչապետի հետ՝ պարոն Ճաո Ժեն Յոնը նշել է, որ երկու երկրների բարեկամությունն օրեցօր խորանում եւ ամրապնդվում է։ Նա շեշտել է Չինաստանի, մասնավորապես, Շենսի նահանգի շահագրգռվածությունը՝ խորացնել եւ ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում, կարեւոր համարելով համագործակցության զարգացումը նաեւ մարզերի միջեւ։ Շենսի նահանգի կոմկուսի քարտուղարը հայաստանցի հյուրերին մանրամասն ներկայացրել է նահանգի պատմությունը։ Անդրադառնալով Եվրասիական տնտեսական ֆորումին՝ նա նշել է, որ այն կարեւոր հարթակ է տնտեսական կապերի հաստատման եւ զարգացման համար։
Հայ–չինական կապերի խորացման առումով երկուստեք բարձր է գնահատվել նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետը նշել է, որ տպավորված է ինչպես Սիան քաղաքի պատմական ժառանգությամբ, այնպես էլ ժամանակակից ձեռքբերումներով։ «Սիանը չինական քաղաքակրթության բնօրրանն է, որն այսօր հանդիսանում է Չինաստանի արագ զարգացող ենթակառուցվածքների եւ գործարար կենտրոնը։ Խորհրդանշական է նաեւ, որ պատմականորեն Շենսի նահանգը գտնվել է Մեծ Մետաքսի ճանապարհի սկզբնամասում, եւ պատահական չէ, որ այստեղ տեղի է ունենում այսպիսի կարեւոր միջոցառում՝ «Եվրասիական տնտեսական ֆորումը», որը միտված է սերտացնելու այդ ճանապարհին գտնվող երկրների պետական մարմինների եւ գործարար համայնքների միջեւ կապերը»,–նշել է Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ողջունել է 2013 թվականին նախագահ Սի Ծինփինի կողմից առաջ քաշած Մեծ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հայեցակարգը, եւ արդեն նպատակաուղղված աշխատանք է տարվում ծրագրի իրականացման ուղղությամբ այն մասով, որտեղ Հայաստանը նույնպես կարող է իր նպաստը ունենալ։ Վարչապետ Աբրահամյանը անհրաժեշտ է համարել երկու երկրների մարզերի միջեւ շփումների եւ կապերի ընդլայնումը՝ այս համատեքստում կարեւորելով Գյումրիի եւ Սիանի միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը։ Հովիկ Աբրահամյանի համոզմամբ արդեն հասունացել է պահը՝ քննարկելու համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հաջողված փորձ համարելով փոխգործակցությունը Չինաստանի Սինձյան–Ույգուրյան ինքնավար մարզի հետ։
Վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Տերրակոտա զինվորների եւ ձիերի թանգարան։ Վարչապետին ներկայացվել են թանգարանի երեք ցուցասրահները (վիրապները), ինչպես նաեւ «Բրոնզե մարտակառքերի եւ ձիերի» ցուցասրահը։ Թանգարանում Հովիկ Աբրահամյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։
Երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները Սիանի կենտրոնական հրապարակում ներկա են գտնվել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցների համար կազմակերպված բեմականացված հանդիսություններին։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Սիանում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը։ Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են բազմաթիվ երկրների կառավարությունների, միջազգային կառույցների, խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ։ Այս տարի համաժողովին ներկա էին շուրջ հազար պատվիրակներ։
Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ «Համագործակցության նոր մոդել. Մետաքսի մեծ ճանապարհի երկրների համատեղ զարգացում» թեմայով։
Դիմելով ներկաներին՝ Հովիկ Աբրահամյանն ասել է. «21–րդ դարում յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման հաջողությունը մեծ մասամբ կախված է նոր գլոբալ իրողություններին հարմարվելու եւ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու կարողությամբ։ Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնումը ինտեգրացիոն գործընթացների զարգացման նոր փուլի հիմք կդնի։ Դարեր շարունակ Հայաստանը համարվել է Եվրոպան եւ Ասիան կապող Մետաքսի ճանապարհի կարեւորագույն տարանցիկ ուղի։ Ունենալով այսպիսի պատմական փորձ, բնական է, որ Հայաստանը ողջունեց Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու գաղափարը, որն առաջ է քաշել 2013 թվականին նախագահ Սի Ծինփինը։ Արդեն իսկ տարվում է նպատակային աշխատանք նախագծի իրականացման ուղղությամբ այն հատվածում, որում Հայաստանը կարող է բերել իր նպաստը։ Բացի այդ, այսօր Հայաստանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, մարդկային ռեսուրսների եւ տարբեր ձեւաչափերի միջազգային տնտեսական համագործակցության մեծ հնարավորությունների երկիր է։ Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ երկրների շուկաներ անմիջական մուտքը, Եվրամիության հետ առեւտրային արտոնյալ ռեժիմը, Իրանի եւ արաբական աշխարհի երկրների հետ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ բարենպաստ ներդրումային եւ բիզնես միջավայրը կնպաստեն տնտեսական կապերի ամրապնդմանը եւ եվրասիական երկրների զարգացմանը միտված համագործակցության ընդլայնմանը։ Հայաստանի նշանակությունը, որպես Եվրոպան, Մերձավոր Արեւելքը եւ Ասիան կապող օղակ, ամրապնդելու համար այսօր իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր։
Այդ նախագծերից մեկն է «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության ներդրումային ծրագրի իրականացումը, որն ունի կարեւոր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական նշանակություն։ Ոչ պակաս կարեւոր գործոն է նաեւ Ասիական զարգացման բանկի հետ երկար տարիների համագործակցության դրական փորձը, որի աջակցությամբ իրականացվում է այս նախագիծը։ «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի կարեւոր բաղադրիչ կհանդիսանա նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը։ Հայ–իրանական երկաթուղին կապահովի տարածաշրջանի համաչափ եւ հավասարակշռված զարգացումը, կընդլայնի տնտեսական կապերը երկրների միջեւ։ Այս համատեքստում մենք քննարկում ենք ենթակառուցվածքային նախագծերի համատեղ իրականացման հարցը, մասնավորապես, չինական ընկերությունների հնարավոր մասնակցությունը «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությանը, ինչպես նաեւ Հայաստանը եւ Իրանը միացնող երկաթուղու, որը կապահովի մեր մուտքը Կենտրոնական Ասիա եւ Չինաստան։ Այսպիսով, Հայաստանը եւս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ակտիվորեն մասնակցել նոր Մետաքսի ճանապարհի ստեղծմանը՝ ընդգծելով նախագծի գաղափարախոսության նշանաբանը. աշխարհ՝ հանուն զարգացման։
Հին Մետաքսի ճանապարհի վերածնունդը, որը ժամանակին հանդիսանում էր վիթխարի առեւտրային ուղի, կնպաստի ճանապարհի բոլոր երկրների տնտեսական ու սոցիալական զարգացմանը, քաղաքական կայունությանը եւ արդյունքում՝ առաջընթացին, բարեկեցությանն ու խաղաղությանն ամբողջ աշխարհում»։
Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չինաստանի պետական խորհրդի անդամ, փոխվարչապետ Վան Յունի հետ։
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Սիանի եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու հրավերի համար։ «Ուրախությամբ ընդունեցի այս հրավերը՝ ելնելով Մետաքսի մեծ ճանապարհի վերաստեղծման նախագծերին մասնակցելու Հայաստանի լուրջ հետաքրքրությունից»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։ Վարչապետի խոսքով՝ Չինաստանը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է եւ հայ–չինական հարաբերություններն ունեն պատմական խորը արմատներ՝ հասնելով ընդհուպ մինչեւ Մետաքսի մեծ ճանապարհի գոյության ժամանակները։
«Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է, ինչի մասին են վկայում մարտին նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան եւ նրա բանակցությունները նախագահ Սի Ծինփինի հետ, ինչպես նաեւ երկու օր առաջ իմ եւ Չինաստանի վարչապետ Լի Քեցյանի հանդիպումը։ Անկասկած, այս մակարդակի հանդիպումները նոր թափ են հաղորդում մեր երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների խորացմանը»,–նշել է վարչապետը։ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Չինաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների հիման վրա կառավարությունն ակտիվ աշխատում է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ։
Պարոն Աբրահամյանը կարեւորել է Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու չինական կողմի նախաձեռնությունը, ինչը կարեւոր նշանակություն կունենա տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։
Չինաստանի պետական խորհրդի անդամ, փոխվարչապետ Վան Յունը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի մասնակցությունը համաժողովին եւ նշել, որ Չինաստանը կարեւոր է համարում եւ շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը տարբեր ուղղություններով։ Վան Յունը նշել է, որ չինական կողմը պատրաստ է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Նրա խոսքով՝ վերջին տարիների բարձր մակարդակի քաղաքական շփումները նպաստում են երկու երկրների հարաբերությունների խորացմանը ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական բնագավառներում։ Չինաստանի փոխվարչապետը գոհունակությամբ փաստել է, որ զգալի ավելացել է երկկողմ ապրանքաշրջանառությունը եւ նույնպես համոզմունք է հայտնել, որ Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու զարգացումն էապես կնպաստի եվրասիական տարածաշրջանի զարգացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրքություն ներկայացնող այլ հարցերի եւս, կարեւորել են համագործակցությունը միջազգային կառույցներում։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երեկ երեկոյան վերադարձել է Երեւան։
|