«Չխոստովանված ու չսրբված մեղքերը, այո՛, Աստծո հոգսն է, կարծեմ, բայց քանի որ մահը գոյություն չունի, բոլորս էլ վերադառնալու ենք, չէ՞։
Ա՜հ, եթե վերադառնալու ըլլամ, թող նորեն Հայաստան վերադառնամ, իմ աշխարհս, իմ տունս...»,–այս մեջբերումը հայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի՝ «Tert.am»—ին տված վերջին հարցազրույցից է։
Հայրենիք, հայություն ու հայկականություն. Հովնանյանի մտքերի ու գաղափարների մեծամասնության հիմքում հենց այդ «եռանկյունին» էր։ Դաստիարակությունն էր այդպիսին։
«Հայրը իմաստուն էր։ Այսպիսի իրողության մասին է խոսել՝ որտեղ մինարեթներ կան, այնտեղ ապրել պետք չէ։ Վահագն Հովնանյանի (ծնվել է Իրաքում) հայրն արագ հասկացավ, որ իր զավակները պետք է ապրեն ոչ մահմեդական երկրում։ Զավակների, այդ թվում՝ Վահագն Հովնանյանի ամբողջ դաստիարակությունը կատարել է ազգային հենքի վրա։ Պատահական չէր այն, ինչ նա փոխ էր առել իր հորից, գերդաստանից։ Նրանք մարդիկ էին, ովքեր անընդհատ կառուցում, ստեղծում էին։ Ստեղծում էին այն, ինչ անհրաժեշտ էր հայեցի կրթության, դաստիարակության համար»,—«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը։
Վահագն Հովնանյանն այդ ամենին իր «թեզն» է ավելացրել՝ հայը պետք է ապրի Հայաստանում, հայը պետք է ստեղծի, պետք է կարողանա բարիքներ ստեղծել Հայաստանում, ծաղկեցնել եւ զարգացնել Հայաստանը։ «Գործողությունները դրան էին միտված։ Նա ստեղծեց Վահագնի թաղամասը»,–նշում է Ս. Երիցյանը։
«Հովնանյան ինթերնեյշնլ» ՍՊԸ—ն իր պարտքն է համարում անկախ Հայաստանի կայացմանն ու զարգացմանն աջակցելը՝ աշխարհի չորս կողմերում սփռված հայերին Վահագնի թաղամաս բերելով։ Բայց թաղամասի մասին հիշյալ հարցազրույցում Հովնանյանն ասել է. «Չեղավ ան, ինչ կերազեի։ Կերազեի ըլլայինք սփյուռքահայությունով այստեղ եւ միասին ապրեինք, միասին աշխատեինք, նոր գաղափարներ ու մտքեր սփռեինք Հայաստանին մեջ»։
Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են եղել հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Բայց բարերարության մասին խոսելիս, ավելի քան համեստ էր. «Ադ իմ ձեռագիրս չէ՝ դրամ տալ, ապա դրոշակ շինել. տվիր՝ լռե, ալ մի խոսիր ադ մասին»։
Այդպես էլ անում էր՝ տալիս էր, լռում ու չէր խոսում այդ մասին։ «Ձեռագրին» հավատարիմ մնաց։ Համոզմունքներից էլ «չհեռացավ»՝ առանց մշակույթի, առանց գրականության, առանց հոգեւոր աշխարհի զարգացման հնարավոր չէ ազգի ինքնապահպանումը։
Իրենց զրույցներից Երիցյանը առանձնացնում է գործարարի հետեւյալ հիշողությունը. «Մեր տունը գրեթե դպրոց էր մեզ համար։ Հայրս եւ մայրս մեզ սովորեցնում էին հայկական երգեր, բանաստեղծություններ։ Երբ հայ էր հյուր գալիս մեր տուն, պետք է խոնարհվեինք, երգեինք, արտասանեինք ...»։
«Մեր ժամանակի վերջին երազողն էր եւ այդ երազանքներով էլ ինքը գնաց՝ առանց կորցնելու երազանքների հույսը։ Երազանքներից ելնելով, շատ բան կատարեց, ինչ խոսք։ Բայց նա շատ ապրելու «իրավունք» ուներ, որովհետեւ այդ երազանքները կիսատ մնացին»,–նշում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը։
Վերջին անգամ շուրջ 15 օր առաջ են հանդիպել, բայց մեծ բարերարը հրաժեշտ տալու ոչ մի ցանկություն չի ունեցել՝ իմանալով հանդերձ, որ շատ վատ է։
Խաչատրյանն ասում է. «Քիչ են մնացել երազողներ, որոնք ցանկանում են իրենց երազանքներն իրականացնել, կյանքի կոչել։ Կարծում եմ՝ երազանքները չէին մարել իր մեջ։ Ափսոս»։
«Մտքում ծրագրեր ուներ։ Ամեն օր իր համար փորձում էր ելք գտնել»,–ասում է «Հովնանյան ինթերնեյշնլի» աշխատակցուհին՝ Արմինե Գրիգորյանը։
Բայց այդ ամենի կողքին նրա համար բոլորովին ուրիշ աշխարհ էր կինը՝ տիկին Հասմիկը. «Ա՜հ,Հասմիկս հանճարեղ կին է։ Այնքա՜ն գեղեցիկ կյանք ենք ապրած միասին։ Անանկ կին մըն էր, անանկ կին... գաղութին մեջ ամենապաշտված կինն էր։ Մենք մի առանձին կազմակերպություն էինք Ամերիկայի համար։ Անանկ առիթներ կստեղծեր, որ գաղութը իրարու գա։ Կպաշտեին իրեն»։
Վահագն Հովնանյանը 1959 թվականին հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ստեղծվել են մի քանի դուստր ընկերություններ՝ «V.S. Hovnanian Group», «Adelfia Water Company», «Adelfia Sewer Company», «Hovnanian Realty», «Clear Title Agency» եւ «Grandview Cable»։
1985 թվականին որդու հետ նախաձեռնել է հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն՝ հիմնելով «Cellular Vision» կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց «SpeedUS» կորպորացիա։ Իսկ 1998—ին Երեւանում կառուցել է Վահագնի թաղամասը։ 1998 թվականից «Հովնանյան ինթերնեյշնլ» եւ «Հովնանյան գրուպ» ընկերությունների նախագահն է։
Վահագն Հովնանյանը ուներ բազմաթիվ պարգեւներ եւ մրցանակներ։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|