Գերմանական ճշտապահությամբ ու հայկական ջերմությամբ մի նոր իրավական հիմք դրվեց։ Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա—Անհալտ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարարության միջեւ կրթության եւ մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։
Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա—Անհալտ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը։
«Մեր համագործակցությունը երկատարեւ է։ Հայաստանի անկախացումից հետո Գերմանիան առաջին երկրներից էր, որի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին»,—նշեց Հասմիկ Պողոսյանը։
ՀՀ մշակույթի նախարարը բարձր գնահատեց երկուստեք համագործակցությունը՝ առանձնացնելով դրանից առավել հաջողվածները։ Նա ընդգծեց նաեւ, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակում Գերմանիայում մի շարք միջոցառումներ են անցկացվել։
Արմեն Աշոտյանն էլ դրական գնահատեց կրթության ոլորտում գործընկերությունը. «Հայաստանի մի շարք դպրոցներում հաջողությամբ իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում»։ Նա խոսեց նաեւ համապատասխան ծրագրի շրջանակում հայ եւ գերմանացի աշակերտների փոխանակման մասին՝ շեշտելով նաեւ, որ խոսել է Շտեֆան Դորգերլոհի հետ՝ ապագայում Հայաստանում գերմանական գիմանզիում բացելու հնարավորության մասին։ «Առաջարկը սկզբունքորեն ընդունելի է, եւ մենք կարճ ժամանակահատվածում կտանք դրա նախագծային պատկերը»,—հավատացրեց նա։
Աշոտյանը տեղեկացրեց նաեւ, որ անցյալ տարի բանակցություններ են եղել, որպեսզի Սաքսոնիա—Անհալտի հանրակրթական դպրոցներում Հայոց ցեղասպանությանը նվիրված դասընթացներ կազմակերպվեն. «Այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել Շտեֆան Դորգերլոհին՝ անձնական հետեւողականության համար։ Մեր հանդպիման ժամանակ ամենահուզիչ պահն այն էր, երբ նա ինձ նվիրեց այս տարի առաջին անգամ լույս տեսած եւ Գերմանիայի դպրոցներում երաշխավորված համապատասխան ձեռնարկը, որը վերաբերում է ցեղասպանություններին։ Իսկ երկու գլուխը նվիրված է Հայոց ցեղասպանության խնդրիներին։ Սա մեզ համար կարեւորագույն ձեռքբերում է»։
Շտեֆան Դորգերլոհն էլ իր կողմից հաստատեց համագործակցության հաջող ընթացքի մասին։ Խոսելով հաջողությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ փաստեց, որ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում մի շարք ծրագրեր են իրականացվել։ Դորգերլոհը կարեւորեց հատկապես միջդպրոցական համագործակցությունը, որի շրջանակում փոխանակման ծրագրեր են իրականացվում։
Հայ—գերմանական համագործակցության հաջողությունը ՀՀ մշակույթի նախարարը պայմանավորում է նաեւ անձամբ Դորգերլոհով. «Նա իսկապես ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի համագործակցությունը մի նոր մակարդակի վրա բարձրանա»։
Ուստի հայ—գերմանական կապերի զարգացման, Գերմանիայում հայկական մշակույթի հանրահռչակմանը նպաստելու համար Հ. Պողոսյանը Սաքսոնիա—Անհալտ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարարին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|