ԱՄՆ—ը ընդունում է Արցախի ժողովրդի այս դերը
ԱՄՆ 5 նահանգ արդեն ճանաչել է ԼՂՀ անկախությունը, ու թեեւ ԱՄՆ—ը Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն չի ճանաչում, սակայն ընդունում է, որ ԼՂՀ բնակչությունը պետք է որոշի սեփական ապագան։ «Հակամարտության բազմակողմանի կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք սեփական ապագան որոշելու գործում Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն։ Եվ մենք չենք ճանաչի սեպտեմբերի 13—ի այսպես կոչված ընտրությունների ազդեցությունը շրջանի իրավական կարգավիճակի վրա»,—հայտարարել է ԱՄՆ—ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին։
Նրա խոսքով՝ այդ ընտրությունները որեւէ կերպ չեն կանխորոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների արդյունքները։
Իսկ Ադրբեջանում առանձնակի վրդովմունք է առաջացել նախօրեին Եվրախորհրդարանում ընդունված բանաձեւի առնչությամբ, որտեղ մասնավորապես նշվում է Ադրբեջանում բռնաճնշումների եւ ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների թվի աճի մասին։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։
Ադրբեջանի արտգործնախարարությունում Մարդին հայտնել են իրենց դժգոհությունը Եվրախորհրդարանիում ընդունված բանաձեւի առնչությամբ։
«Թե՛ ԱՄՆ—ը, թե՛ Եվրոպան դժգոհ են Ադրբեջանից, քանի որ բոլորը տեսնում են, թե այդ երկրում մարդու իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում»,–լրագրողներին ասել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Նա նկատել է, որ Արեւմուտքը կրկին քննադատելու է Ադրբեջանին երկրում մարդու իրավունքների շարունակվող խախտումների համար. «Եթե Եվրոպայում մնացել են ադրբեջանական իշխանություններին աջակցող ուժեր, ապա դա միայն ադրբեջանական իշխանությունների կողմից իրենց տրվող «աջակցության» հաշվին է»։
«Ադրբեջանը փորձում է փոխլրացնող հարաբերություններ պահել ե՛ւ Ռուսաստանի ե՛ւ Արեւմուտքի հետ, բայց իրականում երկուսի հետ էլ ձախողվում է։ Ինչ—որ ուժեր եթե տակավին հանդուրժում կամ սատարում են Ադրբեջանին, հատկապես Արեւմուտքում, դա ավելի շուտ Ադրբեջանի կողմից ֆինանսական օժանդակություն ստանալու հետեւանք է, քան շահերի»,–շեշտել է Մանոյանը։
Կիրո Մանոյանն ընդգծել է, որ այսօր հնարավոր չէ գտնել արեւմտյան պետություն, որն իսկապես աջակցի Ադրբեջանին. «Ադրբեջանը հստակ դեմ է այն առաջարկներին, որոնք միջնորդներն առաջ են քաշում 2009—ից, ջանում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրա հետեւանքով բանակցային փուլում հաջողություններ չկան»։
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ափսոսանք է հայտնել, որ Եվրախորհրդարանում չի ընդունվել բանաձեւի առաջին տարբերակը, որը բավականին կոշտ է եղել. «Ցավոք սրտի պետք է նշեմ, որ բանաձեւի առաջին տարբերակը ներառում էր անհամեմատ կոշտ պայմաններ, այդ թվում՝ պատժամիջոցների մասին էր խոսքը, բայց վերջնական փաստաթուղթն անհամեմատ ավելի մեղմ էր Ադրբեջանի համար։ Կոնկրետ այս բանաձեւն Արեւմուտքի՝ ԵՄ—ի, ԱՄՆ—ի վերջին շրջանի խստացված վերաբերմունքն է՝ կապված Ադրբեջանում ներքաղաքական ու հասարակական իրավիճակի հետ։ Մարդու իրավունքների խախտումները էական են, եւ որքան էլ Եվրոպան շահեր ունի, չի կարող դրանց նկատմամբ իր վերաբերմունքը չցուցաբերել»։
Նա կարծում է, որ այդպիսի բանաձեւեր հետագայում եւս հնարավոր է ընդունվեն, եթե Ալիեւի վարած քաղաքականությունը շարունակական լինի. «Տպավորություն է ստեղծվում, որ ինչքան նավթի ու գազի ծավալներից ստացվող գումարները պակասում են, Ալիեւն ու իր վարչակազմը խստացնում են իրավիճակը երկրի ներսում։ Ես կարծում եմ, որ համապատասխան վերաբերմունքը ԱՄՆ—ի ու ԵՄ—ի կողմից կշարունակվի»։
«Հայ—ադրբեջանական սահմանին սանձազերծվող լարվածությամբ Ադրբեջանը փորձում է խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2009 թվականից առաջ քաշվող դրույթները,–տեսակետ է հայտնել Կիրո Մանոյանը։–Ադրբեջանի պահվածքը եւս մեկ անգամ բոլորին ցույց է տալիս, թե ով է իրականում շփման գծում խախտում զինադադարը։ Ադրբեջանը փորձում է իր դժգոհությունն արտահայտել իրերի ներկա դրությունից, ինչը, ի վերջո, իր իսկ դեմ է աշխատելու»։
«Ամռանից անցում ենք կատարում աշնանային քաղաքական ռեժիմի։ Աշնանն ընդառաջ դարձյալ ականատեսը եղանք սրացումների ե՛ւ ղարաբաղաադրբեջանական շփման գծում, ե՛ւ ՀՀ—Ադրբեջան սահմանին։ Այստեղ տեսանք Ադրբեջանի կողմից զինատեսակների ինտենսիվ փոփոխություն, որը կարծես խաղի կանոն է դառնում նրանց կողմից»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ—ի նախագահ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին զարգացումներին։
Նրա խոսքերով, նմանատիպ իրավիճակներում բազմաթիվ հարցեր են առաջանում, բայց մի բան պարզ է, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է։ Ակնկալել, որ ներքին անհանդուրժողականության դեպքում սահմանին անհանդուրժողականությունը չի աճելու, միամտություն կլինի։
«Պետք չէ ակնկալել, թե բանակցային գործընթացում Ադրբեջանը կարող է կառուցողական լինել։ Հետեւաբար, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ ԼՂՀ—ն այդ հանգամանքը հաշվի առնելով պետք է կառուցեն եւ պլանավորեն իրենց հետագա գործողությունները»,–ասել է նա՝ կարեւորելով ԼՂՀ—ի ՏԻՄ ընտրությունները։
Ըստ նրա՝ այդ ընտրությունները ապացույցն են լինելու այն բանի, որ որեւէ մեկի մտքով չանցնի ԼՂՀ ապագան որեւէ կերպ կապել Ադրբեջանի հետ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ավելի վաղ հույս էր հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավոր կլինի կազմակերպել մինչեւ այս տարվա վերջը։
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը թեեւ Կիրո Մանոյանը չի բացառում, բայց առանձնապես ակնկալիքներ էլ չունի։
Սերգեյ Մինասյանը եւս համոզված չէ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կկայանա։ Քաղաքագետն առավել հավանական է համարում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|