Նախօրեին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնում հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի մշակույթի եւ մեդիայի պետքարտուղար Ջոն Ութինգդեյլի հետ։ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց նախորդ գումարման Համայնքների պալատում պետքարտուղար Ութինգդեյլի գործունեությունը՝ որպես բիտանա—հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար՝ ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ—բրիտանական խորհրդարանական կապերը ակտիվ զարգացում են ապրել։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ջոն Ութինգդեյլին՝ ապրիլի 24—ին Երեւանում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց մշակութային ոլորտում հայ—բրիտանական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, երկուստեք շեշտվեց Միացյալ Թագավորությունում հայկական մշակութային ժառանգության ներկայացման կարեւորությունը։ Այդ համատեքստում անդրադարձ արվեց համատեղ ծրագրերի իրականացմանը։
Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՄԹ խորհրդարան, ուր հանդիպում ունեցավ Լորդերի պալատի անդամներ Քերոլայն Քոքսի եւ Հենրի Հարիսոնի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին հայ—բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, բրիտանա—հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության նոր խմբի ձեւավորման աշխատանքները։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների հետ, ովքեր ներկայացրին իրենց կողմից կատարված աշխատանքները եւ ծրագրված ձեռնարկները։
Մտքեր փոխանակվեցին Հայաստանում եւ աշխարհում Ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված միջոցառումների շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հոկտեմբերին Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում կայանալիք՝ Ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված էկումենիկ արարողության նախապատրաստական աշխատանքներին։
Էդվարդ Նալբանդյանի ելույթը Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House)
Պարոն նախագահող,
Տիկնայք եւ պարոնայք,
Հաճելի է վերադառնալ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ։ Շնորհակալություն եմ հայտնում հրավերի եւ Հայաստանի ու տարածաշրջանի առջեւ ծառացած արտաքին քաղաքական որոշ մարտահրավերների շուրջ այս հարգարժան լսարանի առջեւ ելույթ ունենալու հնարավորության համար։
Միջազգային հանրության ուշադրությունն այսօր սեւեռված է Մերձավոր Արեւելքում եւ դրա շուրջ հակամարտությունների, ճգնաժամերի, ահաբեկչական ցանցերի տարածման եւ դրանց պատճառած ավերածությունների վրա։ Ուկրաինական ճգնաժամը, անկայունությունը երկրագնդի շատ այլ հատվածներում ցույց են տալիս, որ աշխարհն անցնում է ցնցումների միջով։ Երեկ, երբ ես Փարիզից Լոնդոն էի գալիս, «Եվրոսթար» գնացքը հարկադրված էր շուրջ երկու ժամ կանգ առնել՝ կապված փախստականների հետ առնչվող իրավիճակի հետ։ Այն, ինչ կատարվում է հազարավոր մղոններ հեռու, թակում է Եվրոպայի դռները։ Մենք այլեւս չենք կարող խոսել մեկուսացված խնդիրների մասին։ Հակամարտությունների եւ ավերիչ պատերազմների վաղ ահազանգումը եւ կանխարգելումը պետք է մշտապես առաջնայնություն լինեն ոչ միայն նրանց համար, ում դրանք անմիջականորեն առնչվում են, այլ նաեւ ողջ միջազգային հանրության համար։
Հայ ժողովուրդը դարեր շարունակ եղել է Մերձավոր Արեւելքի մշակութային բազմազանության ուրույն մասնիկներից մեկը։ Մենք երախտապարտ ենք այս տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին։ Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը, էթնիկ ու կրոնական համայնքների գոյությունը, մեր բարոյական պարտքն է կանգնել նրանց կողքին։
Այս բռնություններից անմասն չեն մնացել նաեւ մեր հայրենակիցները, որոնցից շատերը ահաբեկչական հարձակումների զոհ են դարձել, ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, մշակութային ու կրթական հաստատություններ։ Ինչպես հարյուր տարի առաջ, տասնյակ հազարավոր հայեր՝ Մերձավոր Արեւելքի այլ ժողովուրդների հետ միասին, այսօր եւս ստիպված բռնել են գաղթի ճամփան։ Միայն Սիրիայից շուրջ 15 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում։
Պատահական չէ, որ ահաբեկչական խմբավորումները պատերազմ են հայտարարել այս տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության դեմ։ Պատմության եւ հավաքական հիշողության միջոցով են սերունդներին փոխանցվում այն համամարդկային արժեքները, որոնց վրա խարսխվում է քաղաքակրթությունը, հանդուրժողականությունը, համակեցությունը, հարգանքը այլոց մշակույթի եւ կրոնի նկատմամբ։ Արժեքներ, որոնք հակադրվում են ահաբեկիչների կողմից քարոզվող այլատյացության եւ խտրականության գաղափարախոսություններին։ Բազմաթիվ իսլամական սրբավայրերի, հնամյա Պալմիրայի եւ Նիմրուդի մշակութային կոթողների ավերումը, Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը եւ նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են։
Անհապաղ պետք է մշակվեն մեխանիզմներ՝ զրկելու համար ահաբեկիչներին միջոցներից, ֆինանսական աղբյուրներից, խոչընդոտելով օտարերկրյա գրոհայինների ներհոսքը՝ թույլ չտալ հարեւան երկրների տարածքների օգտագործումը անդրսահմանային հարձակումների համար։ Միջազգային իրավունքը պատասխանատվություն է սահմանում ոչ միայն մարդկության դեմ հանցագործությունների իրագործման, այլեւ՝ հանցակցության համար, եւ այս իրողությունը երբեւէ չպետք է մոռանան նրանք, ովքեր փորձում են ժխտել եւ արդարացումներ փնտրել անցյալի ոճրագործությունների համար եւ խրախուսում են ներկայիս բռնությունները։
Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը։ Ոգեկոչման միջոցառումները հսկայական միջազգային ուշադրության արժանացան։ Այստեղ՝ Բրիտանիայում եւս, առաջատար լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում էին Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի խորհուրդը։
1929թ. Ուինսթոն Չերչիլը հայկական կոտորածները բնորոշել է որպես «հոլոքոստ» եւ հավելել. «այս հանցագործությունը պլանավորվել եւ իրականացվել է քաղաքական դրդապատճառներով։ Ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու թուրքական հողը քրիստոնյա ռասայից»։ Բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբին իր 1915թ. զեկույցը վերնագրել էր՝ «Ազգի սպանությունը» եւ այն անվանել «հայկական ռասայի կազմակերպված ոչնչացում»։
Այն, ինչ կատարվում է այսօր Մերձավոր Արեւելքում, հիշեցնում է Հայոց ցեղասպանության սարսափը։ 1915թ. հայերին բռնահանում էին դեպի այն անապատները, որտեղ այսօր իրականացվում են այսպես կոչված «Իսլամական պետության» ահաբեկչական գործողությունները, որտեղ ոչնչացվում են եզդիները, քրիստոնյաները, այլ փոքրամասնություններ եւ հնագույն քաղաքակրթությունների հետքերը։ 1894—96թթ. հայերի դեմ կատարված ոճրագործությունների նկատմամբ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը եւ անպատժելիությունը հանգեցրին 1915թ. Ցեղասպանությանը։ 1915թ. մայիսի 24—ին դաշնակից երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, ընդունեցին հատուկ հռչակագիր, որը հայ ժողովրդի նկատմամբ ոճրագործություն իրականացնողներին նախազգուշացնում էր, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն «Թուրքիայի կողմից իրականացված մարդկության եւ քաղաքակրթության նկատմամբ այս նոր հանցագործությունների համար»։ Այնուամենայնիվ, դա ուշացած փորձ էր՝ կանխելու այն, ինչը պիտի կանխվեր շատ ավելի վաղ։ 20—րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին վաղ նախազգուշացման մեխանիզմների եւ կանխարգելման ջանքերի ձախողման պատճառով։
Մենք՝ հայերս, որպես 20—րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրածներ, բարոյական պատասխանատվություն ենք զգում մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում։ Մենք ՄԱԿ—ում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւեր ենք նախաձեռնում, պարբերական միջազգային համաժողովներ կազմակերպում եւ վճռական ենք տրամադրված՝ մեծացնելու մեր ներդրումը ցեղասպանության կանխարգելման միջազգային հանրության ջանքերում։
Դժբախտաբար, այս տարի նշվեց ոչ միայն Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը, այլեւ՝ թուրքական ժխտողականության 100—րդ տարին։
Ես կցանկանայի առանձնահատուկ հիշատակել այս տարի ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I—ի տպավորիչ խոսքերը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»։ Ցեղասպանությունները պատշաճ կերպով չճանաչելը հնարավորություն է ստեղծում նոր ցեղասպանությունների իրականացման համար։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը շարունակվում է տարբեր մակարդակներով եւ հարթություններով։ Այն ոչ միայն վերահաստատվում է Ցեղասպանությունը ճանաչած երկրների կողմից, այլեւ նորանոր երկրներ են միանում այս գործընթացին։ 2014թ. վերջից ի վեր Բոլիվիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Չիլիի, Բրազիլիայի խորհրդարանները հատուկ բանաձեւեր են ընդունել։ Նրանց միացել են Եվրախորհրդարանը, Լատինամերիկյան խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը եւ այլն։
Ես կցանկանայի հատուկ ընդգծել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի խիզախ հայտարարությունը, որում նա ոչ միայն հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին, այլեւ խոսեց այդ ոճրագործության մեջ Գերմանիայի ունեցած պատասխանատվության բաժնի մասին։
Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը Երեւանում ավելի քան 60 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ միացան հայ ժողովրդին՝ կիսելով ոչ միայն մեկ ազգի, այլեւ՝ ողջ մարդկության ողբերգությունը եւ ցավը։
Սա եւս մեկ կորսված հնարավորություն էր թուրքական ղեկավարության համար, որը հրավիրված էր մասնակցելու հիշատակի այդ միջոցառումներին։ Այս կապակցությամբ Հայաստանի նախագահի կողմից Թուրքիայի ղեկավարին ուղղված՝ Երեւան այցելելու հրավերը անձամբ եմ Անկարայում հանձնել Թուրքիայի նախագահին։ Դա ոչ միայն բաց թողնված հնարավորություն էր, այլ հենց այդ նույն օրը Թուրքիայի ղեկավարությունը կազմակերպեց Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման միջոցառումները՝ ակնհայտորեն ձախողված փորձ կատարելով շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումներից։
Խնդիրները, որոնց բախվում է մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, կարող են աշխարհի տարբեր ծայրերում վերլուծաբաններին նվազ տեսանելի թվալ, բայց դա չպետք է մոլորեցնի որեւէ մեկին։ Տարածաշրջանը բավական երկար ժամանակ աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ է եղել, ինչը թողել է չսպիացող վերքեր։
Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորումը մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։ Մի քանի ամիս առաջ այստեղ՝ Չաթըմ հաուսում, հիանալի հնարավորություն էր ստեղծվել այս խնդրի վերաբերյալ առաջին ձեռքից՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից տեղեկություններ ստանալու համար։ Ավելորդ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի մոտեցումները հակամարտության կարգավորման համար կենսական նշանակություն ունեն։
Հայաստանը շարունակում է միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ ջանքեր գործադրել հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը հասնելու համար։ Համանախագահները միասնական մոտեցում ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ։ Սա միջազգային հարաբերությունների ներկա խառնաշփոթում եզակի օրինակ է, երբ այս երկրները մեկ հարցի վերաբերյալ միասնական մոտեցում են որդեգրել։ Մենք հաստատակամորեն սատարում ենք միջազգային հանրության այն տեսակետը, որ հակամարտության կարգավորման համար բանակցությունները, փոխզիջումները եւ մեր հասարակություններին խաղաղության նախապատրաստելը այլընտրանք չունեն։
Համանախագահ երկրները բազմաթիվ առիթներով ուրվագծել են իրենց առաջարկները, որոնցից ամենանշանակալիներն են Ֆրանսիայի, ԱՄՆ—ի եւ Ռուսաստանի նախագահների 2009թ. ի վեր արված հինգ հայտարարությունները։ Այդ առաջարկներն ավելի հայտնի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքներ անվամբ եւ բաղկացած են միջազգային իրավունքի երեք սկզբունքներից՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն։ Համանախագահների առաջարկությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լիակատար իրավունք է ընձեռում՝ որոշելու իր ապագա կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Հայաստանն իր պատրաստակամությունն է արտահայտել՝ առաջ շարժվելու այս սկզբունքների հիման վրա։
Խաղաղության գործընթացում առաջընթաց չգրանցելու պատճառը Ադրբեջանի կողմից համանախագահ երկրների առաջարկների մերժումն է։
Բաքվի կողմից հրադադարի շարունակական խախտումները Հայաստանի հետ սահմանի երկայնքով եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը շարունակում է խաթարել հակամարտության կարգավորման գործընթացը, խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ վտանգելով միջնորդների նախաձեռնած առաջիկա հանդիպումները։
Այս տարվա հունիսին Բաքվում տեղի ունեցած եվրոպական խաղերի ընթացքում Ադրբեջանը հիմնականում ձեռնպահ մնաց հրադադարի ռեժիմի խախտումներից, քանի որ նրանք շահագրգռված էին այդ ժամանակահատվածում հակամարտության գոտում հանդարտության պահպանման մեջ։ Իրավիճակը կտրուկ փոխվեց խաղերից անմիջապես հետո, երբ Ադրբեջանը գնաց հրադադարի խախտումների կտրուկ աճի։ Փաստացի, Ադրբեջանն իր այս գործողություններով եւս մեկ անգամ հստակ ցույց տվեց, թե որ կողմն է պատասխանատու իրավիճակի սրման համար։ Բաքուն նույնիսկ հարկ չի համարում քողարկել իր ռազմատենչ վարքագիծը։
Ադրբեջանը շարունակում է զինվել՝ մեկ տասնամյակի ընթացքում ավելացնելով իր ռազմական բյուջեն մոտ 30 անգամ։ Քանի դեռ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները չեն սանձվել, խաղաղ բանակցություններում դժվար է իրական առաջընթաց ակնկալել։
Շփման գծի երկայնքով միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը՝ վստահության եւ անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող է ծառայել որպես կարեւոր գործիք՝ նման միջադեպերի կանխման եւ խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար։ Սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է համանախագահների՝ հրադադարի ամրապնդման եւ վստահության հաստատման միջոցների առնչությամբ արված բազմաթիվ առաջարկները։
Մինչ միջազգային հանրությունը խոսում է հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանը պաշտոնական մակարդակով շարունակում է հայատյաց իր քաղաքականությունը։ Աղաղակող նմանություն կա ադրբեջանական բանակի կողմից Նախիջեւանում հազարավոր հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման եւ պատմական Պալմիրայում 2000 տարվա հնություն ունեցող հուշարձանների ավերման միջեւ։ Հուշարձանների միտումնավոր ոչնչացումը, լինի դա Սիրիայում, թե Նախիջեւանում, քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն է։
Ավտորիտարիզմից դեպի բռնապետություն ընկած ճանապարհը փոխկապակցված է լարվածության սրման հետ, որով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մոլորեցնել, շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումներից։ Ավտորիտարիզմի անկյունաքարը ատելությունն է։ Հարեւանի նկատմամբ թշնամանքի քարոզումը նման ռեժիմների ամենաընդունված մեթոդներից մեկն է, որն իր նկատմամբ հնազանդությունն ամրապնդելու համար պատժում է մտավորականության եւ քաղաքացիական հասարակության, ԶԼՄ—ների այն ներկայացուցիչներին, որոնք համարձակվում են խոսել ռեժիմի դեմ եւ հանդես են գալիս խաղաղության ու հաշտեցման օգտին։ Պատահական չէ, որ նրանցից շատերը Ադրբեջանում ազատազրկման են ենթարկվել՝ Հայաստանի շահերին ծառայելու մեղադրանքներով։ Հայերի նկատմամբ այլատյացությունը տասնամյակներ շարունակ Ադրբեջանում գերիշխող հռետորաբանություն է եւ պետության կողմից հովանավորվող քաղաքականություն։ Հայտարարելով, որ Հայաստանը գտնվում է պատմական ադրբեջանական հողերի վրա, այդ երկրի նախագահը Ադրբեջանի «թիվ մեկ» թշնամի է հռչակել ողջ աշխարհի հայերին։
Ես կցանկանայի մի քանի խոսք ավելացնել Միացյալ Թագավորություն իմ ներկա այցի վերաբերյալ։ Ես այստեղ՝ Լոնդոնում եմ իմ գործընկեր՝ արտաքին գործերի քարտուղար պարոն Ֆիլիպ Համմոնդի հրավերով, ում հետ երեկ բովանդակալից հանդիպում եմ ունեցել։ Ես նաեւ հանդիպել եմ Եվրոպայի հարցերով նախարար պարոն Դեյվիդ Լիդինգթոնին, իսկ ավելի ուշ հանդիպում եմ ունենալու մշակույթի հարցերով պետքարտուղար պարոն Ջոն Ուիթինգդեյլի հետ։ Իմ բրիտանացի գործընկերների հետ շարունակում ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում հայ—բրիտանական համագործակցության հետագա խթանմանն ուղղված ջանքերի վերաբերյալ քննարկումները։ Մեր երկկողմ հարաբերությունները մենք կառուցում ու զարգացնում ենք դարերի պատմություն ունեցող ամուր հիմքերի վրա։ Հայտնի է, որ Լորդ Բայրոնը Հայաստանը նկարագրում էր իբրեւ երկրագնդի ամենահետաքրքիր երկրներից մեկը։ Մենք շարունակելու ենք ջանքերը՝ ուղղված հարաբերությունների ամրապնդմանը ոչ միայն որպես մեկը մյուսով հետաքրքրված երկրներ, այլ նաեւ՝ որպես լավ գործընկերներ։
|