Չինաստանը շահութաբերության պարագայում կֆինանսավորի երկաթուղու կառուցումը
Եթե չինական կողմը, ուսումնասիրելով Իրան—Հայաստան երկաթուղու հարցը, այն շահութաբեր համարի, ապա կֆինանսավորի երկաթուղու «հայաստանյան» հատվածը։
Չինաստանի վարչապետը արդեն հանձնարարել է իր կառավարության համապատասխան պաշտոնյաներին, որպեսզի հայկական կողմի հետ կոորդինացնեն Հայաստան—Իրան երկաթգծի կառուցման ուղղությամբ աշխատանքները, մասնավորապես, տեխնիկատնտեսական հիմնավորումներն ուսումնասիրեն, այն ապրանքների հնարավոր ծավալը, որոնք այդ երկաթգծով կարող են փոխադրվել։
Այս մասին կառավարության երեկվա նիստից հետո խոսեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Չինաստան այցի արդյունքներին։ Թեեւ Չինաստանում հայկական ու չինական կողմերը դեռ վերջնական որոշման չեն հասել այս հարցում, բայց գործնական քայլ արված է. ուսումնասիրությունից հետո ամեն բան կհստակեցվի (երկաթուղու իրանական հատվածը ֆինանսավորելու պատրաստակամություն Իրանը հայտնել էր)։
Բայց, նախարարի խոսքերով, հարցը քննարկվել է ընդհանուր կառուցողական ու համաձայնեցված մթնոլորտում, ընդ որում՝ նշվել է, որ սա «Մետաքսի մեծ ճանապարհի» կոնկրետ եւ պատմական հատվածն է։ Իրան—Հայաստան երկաթուղու հիմնական «մեխն» այն է, որ դրա միջոցով Չինաստանը կապվի Եվրոպայի հետ»։
Հայաստան—Իրան երկաթգծի կառուցման ֆինանսավորումը գնահատվում է 3,2 մլրդ դոլար։
Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց նաեւ, որ մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերով հետաքրքրված են չինացի գործարարները։ Նրանք, մասնավորապես, հետաքրքրված են թերթավոր ապակու արտադրության, զբոսաշրջային, ավիացիոն, ցեմենտի արտադրության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման, նաեւ՝ «Հյուսիս—հարավ» ավտոմայրուղու շինարարության ոլորտներում համագործակցության ծրագրերով։ Այս ուղղություններով նախաձեռնությունը չինական կողմն է վերցրել։
Քննարկվել է նաեւ «Էյր Չայնա» ընկերությանը հայկական շուկայում ներգրավելու հնարավորությունը։ «Այժմ հայ—չինական համագործակցության զարգացման կոնկրետ գործողությունների փուլն է եւ ես կարծում եմ, որ չինական կողմի արձագանքը չի ուշանա։ Բոլոր աշխատանքները մինչ այդ ընթացել էին, եւ հիմա այն փուլն էր, որ պետք է ավելի կոնկրետ որոշում կայացվեր։ Իմ նամակից հետո չինական կողմը ներկայացրել է այն ընկերությունների ցանկը, որոնք հետաքրքրված են այդ ոլորտներում, մենք համապատասխան հրավերներն ենք ուղարկել եւ սպասում ենք»,– ասաց Ճշմարիտյանը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|