Երեկ կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որը նախագահել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր ահաբեկչական բնույթը եւ այն, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գնդակոծությանը, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ. «Խաղաղ բնակիչների նկատմամբ կրակելն առհասարակ բոլոր ժամանակներում անթույլատրելի է եղել։ Նույնիսկ պատերազմի ժամանակ չի թույլատրվում կրակել խաղաղ բնակիչների վրա։ Դա այլ բան չէ, քան ահաբեկչության բաղադրիչ»։
Նա նաեւ հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է տեսնի այս ամենը եւ հստակ գնահատի ու դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները։ Շարմազանովի խոսքով՝ Նյու Յորքում արտաքին գործերի նախարարի հանդիպումից առաջ Ադրբեջանը կրկին լարված իրավիճակ է ստեղծում սահմանին՝ փորձելով խափանել բանակցային գործընթացը. «Ադրբեջանը կրկին ցույց է տալիս, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին։ Դեմ է այն առաջարկներին, որոնք անում են համանախագահները»։
Բանախոսը վստահություն է հայտնել, որ հայկական զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կկարողանան համարժեք պատասխան տալ հակառակորդի գործողություններին։
Հայկական կողմը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման մասին տեղեկություններ չունի, չնայած Սերժ Սարգսյանը մեկնելու է Նյու Յորք, հայտնել է ՀՀԿ խոսնակը՝ անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է, որ ՄԱԿ—ի գագաթնաժողովի շրջանակներում ակնկալվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
«Նյու Յորքում լինելու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ նախագահների հանդիպման վերաբերյալ հայկական կողմը տեղեկություններ չունի։ Իսկ ձեր նշած դիվանագետը կամ, առհասարակ, միջազգային կառույցներից մեր բոլոր դիվանագետ գործընկերներն ավելի լավ կլինի, որ «Թվիթերի» իրենց միկրոբլոգներում հայտարարությամբ հստակ մատնանշեն, որ Ադրբեջանը սպանում է ՀՀ խաղաղ բնակիչների եւ մերժում է բանակցային գործընթացը՝ փորձելով խնդիրը փակուղի տանել»,–ընդգծել է Շարմազանովը։
|