Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին եւ նրանց այցը Հայաստան՝ հանրապետության նախագահը մեծապես կարեւորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բելգիայի Թագավորության պատգամավորների այցի հագեցած օրակարգն ավելի կսերտացնի եւ նոր որակական հարթություն կտեղափոխի հայ—բելգիական միջխորհրդարանական կապերը։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ամրապնդելու Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնց նպաստում են նաեւ մի շարք կարեւոր հանգամանքներ. Բելգիան 100 տարի առաջ ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, որոնց սերունդներն այսօր շարունակում են ապրել եւ արարել այդ երկրում։ Բելգիան, լինելով ԵՄ հիմնադիր անդամ, ըստ նախագահի, իր զարգացած տնտեսությամբ կարող է լավ օրինակ հանդիսանալ գրեթե նույնչափ տարածք ունեցող Հայաստանի համար՝ բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Նախագահի խոսքով, Հայաստանում Բելգիան ընկալվում է որպես ուսանելի զարգացման մոդել։
Սերժ Սարգսյանը կարեւորել է, որ Բելգիայի խորհրդարանականները Հայաստան են այցելել մեր երկրի եւ ժողովրդի համար կարեւոր ժամանակահատվածում՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի տարում։ Նախագահը բարձր է գնահատել 1998թ. Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը, նաեւ կարեւորել հունիսին վարչապետ Շառլ Միշելի, իսկ մեկ ամիս անց՝ ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը, որով Բելգիան ամբողջացրել է ճանաչման գործընթացը։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բարեկամ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում, որը համահունչ է ԵՄ ընդհանուր մոտեցմանը։ Նախագահը ողջունել է խորհրդարանականների ցանկությունը՝ այցելել ԼՂ եւ հիմնահարցի մասին անաչառ տեղեկություններ ստանալ անմիջապես տեղում՝ տեսնելով երկիրը եւ շփվելով արցախցիների հետ։
Բելգիացի խորհրդարանականներն ընդգծել են, որ կարեւոր մի քանի հարցեր միավորում են նաեւ իրենց՝ Բելգիայի տարբեր մակարդակի խորհրդարանների ներկայացուցիչներին։ Այդ հարցերի թվում նրանք նշել են 2015թ. իրենց խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաեւ ԼՂ այցելելու համատեղ ցանկությունը։ Պատգամավորները ՀՀ նախագահից, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվել են նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացով։ Հանրապետության նախագահը պատասխանել է խորհրդարանականներին հետաքրքրող բոլոր հարցերին, ներկայացրել մեր երկրի մոտեցումները։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|