Որոշ հարցերում էլ ձեռք է բերվել կոնսենսուս
Սահմանադրական բարեփոխումների հարցի քննարկումները տեղափոխվեցին խորհրդարան։ Համապատասխան ընթացակարգերից հետո ԱԺ—ում կլինի քվեարկություն։
«Ակնկալվում է, որ աշնան վերջին սահմանադրական փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Սահմանադրությունը բավականին բարդ փաստաթուղթ է, որի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ չէ, որքան բուն ընտրությունների վերաբերյալ.«Սահմանադրությունն այնպիսի փաստաթուղթ է, որ հասարակության կողմից լայն ընկալում, լայն հետարքրքրություն չի հարուցում։ Բոլոր երկրներում է այդպես։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեզ մոտ այդպես չլինի։ Պետք է ցանկացած քաղաքացի հասկանա, թե ինչ է տալիս մեր պետությանը Սահմանադրության զարգացման հնարավորությունը»։
Գագիկ Մինասյանը գոհունակությամբ նշել է, որ կան դրույթներ, որոնց վերաբերյալ այս կամ այն չափով կա կոնսենսուսային մոտեցում։ «Խորհրդարանական լսումները շատ լավ խոսում էին այն ձեւակերպումների մասին, որտեղ կան կոնսենսուսային լուծումներ, եւ ողջ շաբաթվա գործընթացը էապես բարելավեց սահմանադրական նախագծի տարբերակը»,–ասել է նա եւ նշել, թե քննարկումներն ավելի ու ավելի լայն են եղել՝ ընդգրկելով թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական շրջանակներ։
Գագիկ Մինասյանը նշել է, թե որոշ խնդիրներ լսումների ժամանակ բարձրաձայնվեցին, եւ պարզ դարձավ, որ ոչ բոլոր մասնակիցներն են ծանոթ նախագծի արդեն փոփոխված տարբերակին։
Նա մասնավորապես անդրադարձել է բարձրաձայնված այն հարցին, որ նոր ձեւավորված խորհրդարանի նախագահը կարող է առաջարկել վարչապետի թեկնածու, ինչը չափազանց մեծ լիազորություն է։ Մինասյանը «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության մտահոգությունը, թե՝ կարո՞ղ եք ցույց տալ այն ճգնաժամային իրավիճակը, որը պարտադրում է Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնել, կարեւոր հարցադրում է համարում եւ նշում, որ գործող կառավարման կիսանախագահական համակարգում կա երկու առաջնային մանդատ՝ խորհրդարանի մեծամասնություն եւ ՀՀ նախագահ, որոնք կարող են տարբեր ուժեր ներկայացնել կամ էլ նույն ուժը լինելով՝ տարբեր տեսակետներ ունենալ՝ ներքին, պաշտպանության, արտաքին եւ այլ հարցերում, ինչն էլ կհանգեցնի ճգնաժամի. «Տեսնում ենք ճգնաժամի սաղմերը ամբողջ էությամբ, եթե տարբեր տեսակետներ են ներկայացնում, ապա անխուսափելի է հակամարտությունը, եւ հնարավոր է ծայրահեղ դրսեւորում ստանալ»։
Մյուս դեպքում, եթե երկու առաջնային մանդատ ունեցողները նույն քաղաքական ուժի ներկայացուցիչ են, այս դեպքում էլ ստացվում է իշխանության գերկենտրոնացում։ Մինչդեռ, ըստ նրա, խորհրդարանականի ժամանակ կարող ենք ամեն օր իշխանություն փոխել։
Մինասյանը նշել է, որ ՀՀԿ խմբակցության անդամների եւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների երկօրյա հանդիպումների ընթացքում ՀՀԿ—ական պատգամավորները հանդես են եկել մի շարք առաջարկություններով, որոնց մեծ մասը վերաբերում են սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվող կայուն մեծամասնության դրույթին։
Գ. Մինասյանի ներկայացմամբ, քննարկումների ժամանակ եկել են մի տարբերակի, ըստ որի՝ ընտրության առաջին փուլից հետո, եթե որեւէ մի ուժ մեծամասնություն չի ստանում, ապա առաջին փուլը հաղթահարած քաղաքական ուժերը կարող են ստեղծել կոալիցիա ու այդ կոալիցիայով ստանալ մեծամասնություն, այսինքն՝ ամեն ինչ կարող է ավարտվել առաջին փուլով. «Կարեւոր է, որ այստեղ որեւէ սահմանափակում չկա. չի բացառվում, որ կոալիցիայի մեջ ինչ—որ ուժ չհայտնվի, այդ թվում նաեւ չհայտնվի դոմինանտ ուժը։ Այսինքն՝ հնարավոր է մի ուժ ստացել է 40 տոկոս ու չի ուզում որեւէ մեկի հետ կոալիցիայի մեջ մտնել, եւ մյուս 60 տոկոս ստացած ուժերը կարողանում են միավորվել ու 50 եւ ավելի տոկոս ձեռք բերել։ Սա չափազանց լայն հնարավարություն է, որ առաջին փուլով ընտրություններն ավարտվեն։ Սակայն եթե չի ստացվում, խորհրդարանն այդ ժամանակ կարող է հնարավորություն ունենալ առաջարկելու երկրորդ փուլ՝ իր ընտրական օրենսգրքով»։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը, անդրադառնալով Սահմանադրության նախագծի 89 հոդվածին, որով սահմանված է խորհրդարանում կայուն մեծամասնության ապահովման անհրաժեշտությունը, ինչի համար անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ՝ նկատել է, որ դա ամենաքննարկվող հարցերից մեկն է։ «Հիմա ընդդիմադիրները պնդում են, թե Վենետիկի հանձնաժողովը դեմ է արտահայտվել այդ դրույթին, սակայն այդպես չէ։ Վենետիկի հանձնաժողովն ուղղակի ասել է, որ կարելի է այդ դրույթն ավելի ճկուն դարձնել, իսկ այդ դրույթը ամրագրել ոչ թե Սահմանադրության մեջ, այլ ընտրական օրենսգրքում։ Առաջիկայում դեռ կլինեն քննարկումներ, եւ այս խնդիրը վերջնական լուծում կստանա»,–ընդգծել է պատգամավորը։
Գ. Մինասյանն անդրադարձել է նաեւ սահմանադրական փոփոխություններում ամուսնության հետ կապած խնդիրներին. «Այն հայտարարությունները, թե իբր Սահմանադրության նոր տարբերակը թույլ է տալիս միասեռ ամուսնությունները՝ ուղղակի անհասկանալի է, թե ինչպես կարելի է պնդել այդ թեզը, երբ ճիշտ հակառակն է։ Գործող Սահմանադրության մեջ կա ձեւակերպում, որը կարելի է չարամիտ ձեւով օգտագործել. գրված է, որ ամուսնության տարիքի հասած տղամարդը եւ կինը ազատ կամքի դրսեւորմամբ կարող են ամուսնանալ, իսկ նոր տարբերակում ավելացված է ընդամենը երկու բառ՝ միմյանց հետ։ Որովհետեւ իսկապես կարող են նրանք ամուսնանալ, բայց հայտնի չէ, թե ում հետ, ասենք տղամարդը տղամարդու հետ, կինը՝ կնոջ հետ»։
Գագիկ Մինասյանն ընդգծել է՝ նոր տարբերակում՝ 34 հոդվածում, հստակ ամրագրված է, որ կարող են ամուսնանալ միմյանց հետ, տղամարդը կնոջ հետ եւ կինը՝ տղամարդու հետ, որը փակում է բոլոր կասկածները։
Պատգամավորը նշել է, որ եւս մի ձեւակերպում շահարկման առիթ դարձավ. «Ամուսնանալ բազմացման նպատակով ձեւակերպմանն էր վերաբերում, դա եւս շահարկում է համարում, որը Աստվածաշնչի խոսք է, բայց մենք էլ քննարկումների ժամանակ ասացինք, որ գործնականում եկել ենք այն եզրակացության, որ շատ լավ կլինի, որ փոխվի եւ հայերեն լավ բառ կա՝ սերնդատվություն»։
Սուքիաս Ավետիսյանն էլ ասել է՝ շատ կարեւոր է նաեւ հայկական ավանդական ընտանիքի պահպանումը, ինչը Սահմանադրության նախագծում հստակ ամրագրված է։ Պատգամավորը վստահեցրել է, որ իրականության հետ ոչ մի կապ չունեն խոսակցությունները, թե Սահմանադրության նախագծում թույլատրվում են միասեռական ամուսնությունները. «Մենք հայ ենք, մենք պարտավոր ենք մեր ավանդույթները պահպանել, սա անվիճելի է։ Նոր սահմանադրությամբ էլ մենք պահպանելու ենք այն։ Փոփոխված Սահմանադրությունում ամրագրված է ընտանիք, ամուսնություն, մեկ կին, մեկ տղամարդ»։
Սուքիաս Ավետիսյանը նաեւ նկատել է, որ Սահմանադրության նախագծում ավելի շատ են դրույթները, որոնք առնչվում են մարդու իրավունքների պահպանման հետ, հստակեցվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը։
Պատգամավորը համոզված է, որ փոփոխված սահմանադրությունը տանելու է ավելի ժողովրդավարական կառավարման։ Եւ հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկելու Սահմանադրության նախագծին։
Ավետիսյանը տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր դեմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին։ Սահմանադրության նախագծով ընդդիմությանն ավելի լայն լիազորություններ են տրվում, քան գործող Սահմանադրությամբ։ «Թվում էր, որ նրանք պետք է ավելի շահագրգռված լինեին, որպեսզի այս բարեփոխումներն իրականացվեն, քանի որ իրենք ավելի լայն լիազորություններ են ստանում, սակայն զարմանալիորեն նրանք դեմ են արտահայտվում եւ անգամ խուսափում են բովանդակային քննարկումներից։ Ինձ համար անհասկանալի է նման վարքագիծը»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|