Թուրքիայում ներքաղաքկան իրավիճակը մնում է լարված։ Բանակի, անվտանգության ուժերի, Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջեւ բախումները շարունակվում են։ Լարվածության մեծացման միտումը նկատելի է, ինչը պայմանավորված է նաեւ նոյեմբերի 1—ի ընտրություններով ու կուսակցությունների միջեւ դեռեւս ընտրարշավը չսկսված՝ մրցապայքարով։
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները 2013թ. այն ժամանակ վարչապետ Էրդողանի նախաձեռնությամբ Էմրլիի բանտում գտնվող PKK —ի առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեցին քրդական հարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Սակայն ընթացիկ տարվա հուլիսին նախագահ Էրդողանը չեղյալ հայտարարելով պայմանավորվածությունը՝ փաստորեն պատերազմ սկսեց քրդերի դեմ, ու բախումները վերսկսվեցին, որոնց ընթացքում տարբեր աղբյուրների հրապարակած տվյալների համաձայն, զոհվել են 70—80 զինվորական ու անվտանգության ծառայողներ։
Վերջին օրերին իրավիճակի թեժացումը հօգուտ այն տեսակետների է, որոնց համաձայն, իշխող կուսակցությունը դա օգտագործելու է ընտրությունները հետաձգելու համար, մանավանդ, որ ընդդիմադիր որոշ կուսակցությունները շեշտում են, որ նման պատերազմական, անվտանգության պայմանների բացակայությամբ ու սպառնալիքիների ներքո ընտրություններ անց կացնելը շատ դժվար է։ Մյուս կողմից, որոշ ԶԼՄ—ներ, այդ թվում՝ Լոնդոնում հրատարակվող արաբալեզու «Ալ Հայաթ» օրաթերթը, հենվելով Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների հաղորդած տեղեկությունների վրա, գրել է, որ սեպտեմբերի 6—ից իշխանությունները գաղտնի բանակցություններ են սկսել Օջալանի հետ, որպեսզի ընտրությունների նախօրեին կողմերի միջեւ հրադադար հայտարարվի։ Դեպքերի նման զարգացումը, թերեւս, հավանական չի թվում, երբ Էրդողանը հայտարարել է, որ պայքարը շարունակվելու մինչեւ վերջին PKK—ականին երկրից դուրս շպրտելը։
Հետեւաբար քրդերի հետ բանակցելը լուրջ հարված կլինի Էրդողանի ու վարչապետ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը (AKP)։ Բացի այդ, քրդերին պատերազմ հայտարաելով՝ AKP—ը հույս ունի գորշ գայլերի ծայրահեղ ազգայնական Ազգայնական շարժում (MHP) կուսակցությունից ձայներ փախցնել, ու քրդաբնակ նահանգներում անվտանգության բացակայության պայմաններում քվեարկողների ընտրությունների չգնալու իրավիճակ ստեղծել՝ ի վնաս քրդական Ժողովուրդների ժողվրդավարական (HDP) կուսակցության։ Այսուհանդերձ, վերլուծաբանները գրեթե միահամուռ համոզմունք են հայտնում, որ HDP—ը հատելու է 10 տոկոսի սահմանագիծը, եթե զարգացումներն անսպասելի ու արտառոց ընթացք չստանան։ hhpress.am
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
|