Համաշխարհային տնտեսությունում կատարվող հոռետեսական գործընթացներից Հայաստանը կարող է օգուտներ քաղել՝ մի քանի միջոցառումներ իրականացնելով։ Այս մասին հայտնեց տնտեսագետ Թութուլ Մանասերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ռազմավարական դաշնակից երկրից՝ Ռուսաստանից, էներգակիրներ գնենք հենց ռուբլով։ Ես կհորդորեի, որ կառավարման համապատասխան օղակները փորձեն դիվանագիտության համապատասխան գործիքներով հասնել նրան, որ դաշնակից երկրից մենք կարողանանք ռուբլով ներկրում իրականացնել, որը ձեռնտու կլինի»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասաց Թաթուլ Մանասերյանը։
Նա հավելեց, որ ռազմավարության տեսանկյունից նպատակահարմար է ընտրել տնտեսական ուղղության հետեւյալ սխեման. «Ռուբլու գոտուց՝ Ռուսաստանից ու հետխորհրդային այլ երկրներից, որտեղ արժույթներն անկում են ապրում, գնել հումք եւ դրանք օգտագործելով ու վերամշակելով՝ ստանալ պատրաստի արտադրանք, որը կարելի է ուղղել, արտահանել դոլարային գոտի, որն ավելի շահավետ կլինի մեզ համար»։
Բացի այդ, նա առաջարկեց խրախուսել հայ գործարարներին, որ նրանք արեւմտյան բազմաթիվ ընկերություններից, որոնք սնանկանում են, գնել սարքավորումներ ու զարգացնել վերամշակման ճյուղը՝ բարձրացնելով մրցունակությունը։
Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ արտաքին ազդեցությունները նկատելի են Հայաստանի տնտեսության վրա, քանի որ Հայաստանն ավելի շատ ներմուծող երկիր է, քան արտահանող։ «Մենք, բնականաբար, ներմուծում ենք ոչ միայն ապրանքներ, այլեւ այն գները, որոնք ձեւավորվել են համաշխարհային շուկայում։ Այլ բան է, որ մենք արտահանումն ավելացնենք, իսկ տեմպերի առումով որոշակի աճ նկատվում է վերջին տարիներին, բայց դրանք ցանկալի տեմպերը չեն»,–փաստեց Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետը շեշտեց հանգամանքը, որ ներկայումս տեղի է ունենում ոչ թե դրամի արժեզրկում, այլ դոլարի արժեւորում։ «Բուն միտումը սխալմամբ շատ փորձագետներ անվանում են դրամի արժեզրկում։ Դա իրականում դոլարի արժեւորում է, նաեւ ռուբլու արժեզրկում։ Պետք է փաստեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը, որի արժույթը անկում է ապրել, ինչպես Ադրբեջանն ու Ղազախստանը, որոնց ազգային արժույթները եւս արժեզրկվել են, խիստ կախվածություն ունեն արտաքին շուկաներից, Հայաստանի դեպքում այդ ազդեցությունը միջնորդավորված է»,–հայտնեց Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ մեր վիճակն ավելի վատթար կլիներ, եթե դրամն այլ արժույթների նկատմամբ ավելի շատ արժեզրկվեր։
Նրա դիտարկմամբ՝ համաշխարհային տնտեսության ներկայիս միտումները երկար շարունակություն կարող են ունենալ, քանի որ գլոբալ ֆինանսական ճգնաժամը ոչ միայն տնտեսական ճգնաժամ էր, այլեւ՝ գաղափարախոսական։ «Լիբերալիզմը որպես բացարձակ ազատական տնտեսության գաղափար, քանդվեց, չկա այդպիսի երկիր համաշխարհային տնտեսության մեջ, որ դավանի բացարձակ ազատական տնտեսություն։ Սա նշանակում է, որ երկար ժամանակ տնտեսության զարգացման մոդելների փնտրտուք է գնալու։ Այն, ինչ Արեւմուտքը քարոզում էր տասնամյակներով, խախտում էր հենց ինքը՝ թե սուբսիդավորելով սեփական տնտեսությունը, թե ճգնաժամի առաջին փուլում փրկագին վճարելով մասնավոր ընկերությունների համար։ Այս պայմաններում անկայունությունը տարբեր դրսեւորումներ կունենա»,–նշեց Թաթուլ Մանասերյանը
|