Վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմն այցելել են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն։
ՀՀ վարչապետը եւ Դոն Գրենթհեմը շրջել են կենտրոնում, ծանոթացել նրա գործունեությանը եւ արդյունքներին։ Կառավարության ղեկավարը զրուցել է նաեւ Հայաստանում գործող մի շարք սկսնակ ընկերությունների (Start—Up) ղեկավարների հետ, ծանոթացել նրանց արտադրանքներին, քննարկել սկսնակ ընկերությունների զարգացման հնարավորություններն ու ուղիները։ Նշվել է, որ սկսնակ ընկերություններից շատերն իրենց արտադրանքը մշակելիս ներգրավված են եղել «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող աքսելերացիայի ծրագրին, կենտրոնի աջակցությամբ կարողացել վերջնական տեսքի բերել իրենց արտադրանքը եւ ներգրավել ներդրողների։ Աքսելերացիայի ծրագրի շրջանակում կենտրոնն աջակցություն է ցուցաբերել 100—ից ավելի սկսնակ ընկերությունների, որոնք իրենց արտադրանքների մշակման համար կարողացել են ներգրավել 1,5 մլն դոլարի ներդրումներ։ Տեղեկացվել է, որ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կազմակերպմամբ անցկացված «Seedstars Yerevan–2014» ում հաղթող դարձած «Solo Learn» թիմը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում անցկացված «Seedstars» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը եւ ստացել մեծածավալ ֆինանսավորում։
Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է նաեւ կենտրոնում ընթացող պրակտիկայի ծրագրին, որն իրականացվում է «Պրեմիում» ավստրալական ընկերության հետ։ Ծրագրի շրջանակում կենտրոնը կրտսեր ծրագրավորողներ է պատրաստում Հայաստանում նոր գրասենյակ բացած համաշխարհային այս ընկերության համար, որի ներկայացուցիչները Հովիկ Աբրահամյանին եւ Դոն Գրենթհեմին են ներկայացրել Հայաստանում ՏՏ ընկերություն հիմնելու հեռանկարները եւ կարեւորել կենտրոնի դերը երիտասարդ մասնագետների պատրաստման գործում։
Տեղեկացվել է նաեւ, որ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնն իր չորսամյա գործունեության ընթացքում վերապատրաստել է ավելի քան 3000 ուսանողների, որոնք ներկայում աշխատում են առաջատար ՏՏ ընկերություններում։
Վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում եւ կարեւորել սկսնակ ընկերությունների գործունեությունը ինչպես աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ նորարական լուծումներ ստեղծելու տեսանկյունից։ Վարչապետը նշել է, որ ՀՀ—ում ՏՏ ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, եւ կառավարությունը պատրաստ է քննարկել ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին օժանդակություն ցուցաբերելու յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ։ Վարչապետը հիշեցրել է նաեւ, որ գործադիրը ՏՏ ոլորտում ստեղծվող ընկերություններին տրամադրում է հարկային արտոնություններ։
|