«Մեր արտադրած հնձիչները, խոտհավաքները, գութաններն ու կուլտիվատորները, փորիչներն ու ամբարձիչները ոչ միայն 30—35%—ով էժան են համաշխարհային շուկայում եղած արտադրատեսակներից, այլեւ որակով չեն զիջում, իրենց երկարակեցությամբ էլ գերազանցում են արտասահմանից ներկրվող նմանատիպ սարքավորումներին». հավաստիացումները Վանաձորում գործող «Չինվան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սամվել Նաջարյանինն է, ով ընկերության գործունեության մասին տեղեկություններ հաղորդեց ընկերության գործունեությանը, հեռանկարներին ծանոթանալու, հնարավոր օգնություն ցուցաբերելու նպատակով հանրույթին այցելած Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, փոխմարզպետ Արսեն Դարբինյանին, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանին եւ մարզպետարանի մի խումբ մասնագետների։ Նրանց գյուղսարքավորումների արտադրամասերում ծանոթացրեցին թողարկվող արտադրատեսակներին, նշելով, որ մեծաքանակ պատվերի դեպքում ընկերությունը էական զեղչեր է անում։ Ձեռնարկության արտադրանքը ոչ միայն սպառվում է մեր հանրապետությունում, այլեւ Արցախում, Վրաստանում։ Գործարանի պտղատու այգում հյուրերին ցուցադրվեց վերջերս մշակված եւ թողարկված մոլախոտերի քաղհանում եւ ծառերի բների բաժակափոր կատարող սարքի աշխատանքը, որն, ըստ էության, փոխարինում է տասնյակ մարդկանց ձեռքի աշխատանքին։
Լոռու մարզպետն իր աշխատանքային այցը պայմանավորում է նոր աշխատատեղերի բացման հնարավորությունների ուսումնասիրության եւ նոր աշխատատեղերի ապահովմամբ բնակչության սոցիալական դրության աստիճանական բարելավման ցանկությամբ։ Ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա շաբաթում մարզպետարանում առավել հանգամանալից քննարկել «Չինվանի» զարգացման ծրագիրը։ Դրական եզրակացության դեպքում մարզպետը կդիմի ՀՀ կառավարություն՝ ընկերությանը տնտեսական ընդլայնման ծրագրերում ներառելու, արտադրության ծավալներն ընդլայնելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով։ hhpress.am
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
|