Գրոդնոյում սեպտեմբերի 8—ին ելույթ ունենալով եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստում՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր ԵԱՏՄ—ի երկրների միջեւ ռազմավարական ապրանքների փոխադարձ առեւտուրն իրականացնել ռուսական ռուբլու հիման վրա՝ առանց ԱՄՆ դոլարի հետ փոխկապակցման։ ՀՀ Ազգային ժողովում երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում գործադիրի ղեկավարը պարզաբանեց իր առաջարկը, որը, նրա խոսքով, վերաբերել է էներգակիրներին։
«Իմ առաջարկը, մասնավորապես, էներգակիրներին է վերաբերել, որպեսզի, օրինակ, մենք գազը գնենք ռուբլով։ Մենք արդեն պայմանավորվել ենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները կքննարկեն այդ հարցը։ Այն այդքան արագ լուծելի չէ, սակայն կարեւորն այն է, որ մենք արդեն այդ հարցն ընդգրկել ենք օրակարգում»,–ասաց Հ. Աբրահամյանը։
Գործադիրի ղեկավարը շեշտեց, որ փոխարժեքի տատանումները որոշակի խնդիրներ են առաջացնում, ուստի ճիշտ կլինի, որ Հայաստանը բնական գազի համար ՌԴ—ին ռուբլով վճարի։ Նա համոզմունք հայտնեց, որ դա դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա։
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացված մասի սուբսիդավորմանը՝ վարչապետը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է բնակչության եւ ՓՄՁ—ների համար սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացման բեռը։ Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում խոսակցություններն այն մասին, թե կառավարությունը գումար չունի սուբսիդավորելու համար. «Կառավարությունը գումար ունի եւ սուբսիդավորելու է։ Մենք պայմանավորվել ենք, որ անելու ենք եւ անում ենք դա»։
Անդրադառնալով Վանաձորի «Քիմպրոմի» հետ կապված խնդիրներին՝ գործադիրի ղեկավարը նշեց, որ այդ հարցով զբաղվում են Լոռու մարզպետարանն ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը։ Հ. Աբրահամյանը նկատեց, որ դա մասնավոր ընկերություն է, եւ սեփականատերը պետք է լուծում տա խնդրին։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
|