Երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը՝ նվիրված զինված ուժերում հրամանատարական պատրաստության վիճակի, առկա խնդիրների ու բարելավման ուղիների, ինչպես նաեւ նշյալ ոլորտում առաջավոր փորձի ուսումնասիրման ու տեղայնացման հարցերի քննարկմանը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կոլեգիայի նիստում բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Անդրադառնալով ներկայիս աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրադարձությունների զարգացման ընթացքին՝ նախարարը մասնավորապես նշեց, որ հատկապես նման իրավիճակում հայկական զինված ուժերում հաջողությունների կարելի է հասնել միայն զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների հետեւողական իրականացմանը նպատակաուղղված հմուտ, գրագետ, բանիմաց հրամանատարական կազմի համապատասխան աշխատանքի արդյունքում։
Նիստի ընթացքում հիմնական զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ—մայոր Արտակ Դավթյանը, ովքեր մանրամասն ներկայացրին վերջին շրջանում սպաների մասնագիտական կարողություններն ու մեթոդական վարպետությունը, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կատարված աշխատանքները, արձանագրված որոշակի բացթողումները։ Անդրադարձ կատարվեց արհեստավարժ սերժանտական համակարգի ներկայիս վիճակին, հրամատարական պատրաստության գործող ծրագրերի, դրանց կատարելագործման եւ առավել նպատակային դարձնելու հարցերին։
Ամփոփելով նիստի աշխատանքները եւ ի մի բերելով զեկույցներում հնչած փաստերն ու հետեւությունները՝ նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման առումով եւս մեկ անգամ կարեւորեց սպաների մասնագիտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը։ Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում հետագա անելիքների վերաբերյալ նիստի մասնակիցներին տրվեցին նաեւ համապատասխան հանձնարարականներ։
|