«Անհաղթ աքլորի» սինդրոմն ու Սահմանադրության փոփոխությունները
Ազգային ժողովում երեկ մեկնարկեցին Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումները։ Ինչպես եւ սպասելի էր, պոպուլիզմը չէր կարող դուրս մնալ այդ քննարկումների շրջանակից, ու սկսվեց... Ո՛վ ավելի սուր խոսքով դեմ կարտահայտվի նախագծին, ո՛վ ավելի շատ չարություն կդնի իշխանությունների քննադատությանն ուղղված իր խոսքում, ո՛վ կփորձի ավելի շատ սադրանք ներդնել իր ասելիքի մեջ եւ այլն։
Քաղաքական որոշ գործիչներ իրենց խորհրդարանական բեմելը փորձում էին ձեւակերպել այնպես, որ այն համադրելի լինի Թումանյանի հայտնի՝ «Անհաղթ աքլորը» հեքիաթում թեւավոր հերոսի կողմից հնչող «թեւավոր» արտահայտությունների հետ, ինչպես օրինակ՝ «թագավորն ինձանով ապրե՛ց..., թագավորն ինձանից վախե՛ց...»։ Եւ այս ամենը՝ իբրեւ թե ընդդեմ Սահմանադրության փոփոխությունների եւ հանուն... ժողովրդի։ Ի մասնավորի ընդդիմությունը ներկայացնող պատգամավորներից մեկն, օրինակ, հաղթական տեսքով առաջարկեց քննարկումներն ուղիղ եթերով հեռարձակել հեռուստատեսությամբ, ընդ որում, առաջարկեց այնպիսի ձայներանգով, որ գրեթե վստահեցնում էր, թե իշխանությունը մերժողաբար կվերաբերվի իր այդ հերոսական քայլին։ Ուստիեւ վերջում էլ ավելացրեց, թե՝ եթե չհամաձայնեք, ուրեմն ժողովրդից թաքցնելու բան ունեք։
Սակայն եթե որոշ քաղաքական ուժեր ու կուսգործիչներ իշխանությունից եկող ցանկացած առաջարկ «ոչ»—ի տեսք ունեցող սրով են ընդունում (եւ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն էլ բացառություն չէ), ապա իշխանությունները չեն կորցրել ողջամտության սահմանն ու չեն անտեսել ընդդիմությունից եկող ողջամիտ առաջարկությունները, ինչպես դա արվում է Սահմանադրության փոփոխությունների պարագայում (չնայած հեռարձակման տեխնիկական կողմի ապահովումը համապատասխան հեռուստաընկերության գործն է), մանավանդ ժողովրդից թաքցնելու բան էլ չունեն, առավել եւս, որ նախագիծը դրված է եղել հրապարակային քննարկման։
Ինչեւէ, ի հեճուկս ընդդիմադիր քաղգործչի, ավելի ճիշտ՝ ի ցավ նրա հերոսականության, այդ հարցը դրական լուծում ստացավ, իսկ սադրանքի նոտան թեկուզ ժամանակավորապես լռեց։ Բայց քննարկումները դեռ նոր են սկսվել, իսկ այդ նոտայի սիրահարներ դեռ կան, ուստիեւ Սահմանադրության փոփոխություններին դիմակայման պոպուլիստական ձեւավորման հարցը դեռ սպառված չէ, մանավանդ որ ԱԺ աշնանային նստաշրջանը նոր—նոր է մեկնարկել։
Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի երաժշտություն կհյուսվեր այդ նոտաներից, եթե ենթադրենք (մի պահ պատկերացնենք), Սահմանադրության փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը որոշեր հետ վերցնել նախագիծը, եւ փոփոխությունների հարցն ընդհանրապես հանվեր օրակարգից։ Այս ոչ իրատեսական ու մեր երկրի զարգացումն արգելակող իրավիճակի պարագայում ավելի բարձր կհնչեր «Անհաղթ աքլորի» նշածս արտահայտությունը, որը, սակայն, կտեւեր շատ կարճ, որովհետեւ Սահմանադրության փոփոխություններին առավելապես արհեստականորեն ընդդիմացող ուժերը կհայտնվեին շատ ծանր վիճակում՝ դատարկ զինանոցով ու պոպուլիզմի պաշարը գոնե տվյալ պահի դրությամբ սպառած։
Բանն այն է, որ այդ ուժերի ներկայիս քաղաքականությունը կառուցված է նրանց այն օբյեկտիվ ու իրատեսական ներքին համոզմունքի վրա, որ Սահմանադրության փոփոխություններն ու դրանք իրականացնելու՝ իշխանությունների կամքն անշրջելի են, որովհետեւ այդպես է պահանջում երկրի շահը։ Բայց նրանք չունեն այդ քաջությունը՝ խոստովանելու, որ այդ փոփոխություններն իրոք անհրաժեշտ են, չունեն, որովհետեւ վախենում են մեղադրվել իշխանությունների առաջարկություններն ընդունելու, իշխանությունից եկող նախաձեռնությանը հավանություն տալու մեջ, մեղադրվել ու կորցնել ընդդիմադրի պատմուճանը, որն այնքան ծանր է ու թանկարժեք։
Մինչդեռ ժողովուրդը պահանջում է իր հետ հարաբերություններում ազնիվ լինել, առավել եւս եթե տվյալ քաղաքական ուժը կամ գործիչը տեղի—անտեղի շահարկում է ժողովրդի շահը։ hhpress.am
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
|