Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի արտահանման–ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են Չինաստանի արտահանման–ներկրման բանկի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, համագործակցության նախատեսվող ուղղությունները։
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է տնտեսության մեջ չինական ընկերությունների ներգրավվածությունը։ Նրա խոսքով, վերջին տարիներին չինական կողմի հետ քննարկվել են Հայաստանում մի շարք մեծածավալ ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Հայաստանի հարավային երկաթգծի կառուցման հնարավորությունները։
Լյու Լյանգը ընդգծել է, որ շահագրգիռ են խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի եւ կզարգանա։ Նա կարեւոր է համարել Իրան–Հայաստան երկաթուղու շինարարությունը, որը կարեւոր նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի զարգացման գործում։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նույն օրը վարչապետ Աբրահամյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Պեկինում այցելել են Ամառային պալատ, որը կառուցվել է Քինգ դինաստիայի օրոք, 1750թ. եւ հանդիսացել է թագավորական ամառային նստավայր։ Հյուրերին ծանոթացրել են Ամառային պալատի պատմությանը, չինական արվեստի նմուշներին։
|