Նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեում երեկ կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված ձեւաչափով բանակցությունների ժամանակ իր ելույթում ներկայացրել է նաեւ ՀԱՊԿ—ում Հայաստանի նախագահության առաջնայնությունները։
Հարգելի՛ գործընկերներ,
Հետեւելով ձեւավորված պրակտիկային, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում գալիք տարում մեր կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունները։
Առաջնայնությունները մշակելիս մենք առաջնորդվել ենք դաշնակցային փոխգործակցության եւ ժառանգորդության սկզբունքների հիման վրա կազմակերպության հետագա զարգացման ապահովման անհրաժեշտությամբ։
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման պահից անցել է ավելի քան երկու տասնամյակ։ Դա կազմակերպության կայացման, զարգացման եւ կատարելագործման կարեւոր շրջան էր։ Այդ աշխատանքը պետք է շարունակել համակարգային ձեւով՝ մեր առաջ ունենալով միջնաժամկետ հեռանկարով զարգացման հստակ ուղենիշ։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում եմ առաջիկա շրջանում որպես առաջին առաջնայնություններից մեկն ամրագրել «Մինչեւ 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» մշակման ավարտը։
Կարեւոր ենք համարում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումների արտաքին քաղաքական համակարգումն ու կատարելագործումը։
Մեր գործողությունները պետք է ելնեն դաշնակցային պարտավորությունները եւ գործընկերների կարծիքները հաշվի առնելու, ինչպես նաեւ ՀԱՊԿ մեկ կամ մի քանի անդամ պետությունների շահերին հակասող նախաձեռնություններին համատեղ հակազդելու անհրաժեշտությունից։
Արդիական է նաեւ ՄԱԿ—ի, ԵԱՀԿ—ի, Շանհայան համագործակցության կազմակերպության եւ այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ—ի գործնական փոխգործակցության զարգացման խնդիրը։ Նման համագործակցությունը նպաստում է կազմակերպության միջազգային հեղինակության բարձրացմանը։ Որպես հաջողված օրինակ՝ կնշեմ, որ այս տարի սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին Հայաստանում պլանավորված «Անսասան եղբայրություն—2015» զորավարժությունների ակտիվ փուլին կհետեւի ՄԱԿ—ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պատվիրակությունը։
Առանձնահատուկ ուշադրություն կհատկացնենք կազմակերպության պաշտպանական բաղկացուցչի զարգացման հարցերին։ Այդ համատեքստում առաջին պլան են մղվում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝
–ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման համակարգի, այդ թվում՝ արագ արձագանքման հավաքական ուժերի եւ միավորված տարածաշրջանային ուժերի հետագա կատարելագործումը,
–դրանց կիրառման հետ կապված որոշումների կայացման եւ իրականացման օպերատիվության բարձրացումը,
–օպերատիվ եւ մարտական պատրաստվածության գծով համատեղ միջոցառումների անցկացումը, այդ թվում՝ Հայաստանում սպասվելիք «Կոբալտ—2016» օպերատիվ—տակտիկական զորավարժությունների շրջանակում։
Մեծ նշանակություն ունի նաեւ մեր համատեղ աշխատանքն ուղղված ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը։
ՀԱՊԿ—ում Հայաստանի նախագահության ընթացքում մեծ ուշադրություն կհատկացվի կազմակերպության խաղաղապահ բաղադրիչին։ Անկասկած, ՀԱՊԿ խաղարարար ուժերի ստեղծման պահից խաղաղապահ զորակազմի մասնակցությամբ անցկացված զորավարժությունները նշանակալի փուլ դարձան դրանց կայացման գործում։ Եկել է ժամանակը ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն ստեղծելու համար։ Որպես այդ բազային կազմակերպության հիմք՝ առաջարկում ենք դիտարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ ջոկատների պատրաստման կենտրոնը։ Մենք պատրաստ ենք կիսվել՝ տարբեր օպերացիաներին մեր մասնակցության ավելի քան տասնամյա փորձով։
Անհրաժեշտ է նաեւ համատեղ զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցության եւ ռազմատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ալգորիթմները, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնադրմամբ։ Առաջնային ենք համարում ՀԱՊԿ լոգիստիկ ենթակառուցվածքի անվտանգության ապահովման հարցերը, այդ թվում՝ 2003թ.—ից երկաթուղային ճանապարհների տեխնիկական ապահովության միասնական համակարգի ստեղծման մասին պայմանագրի իրականացման միջոցով, ինչպես նաեւ ռազմական նշանակության բեռների տարանցման եւ տեղափոխման օպտիմալացմամբ։
Բնականաբար, ուշադրություն կդարձնենք ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում համագործակցությանը։ Պլանավորում ենք ակտիվորեն մասնակցել ՀԱՊԿ—ում ընդունված հակաթմրանյութային ռազմավարության իրականացման գործում, ինչպես նաեւ «Կանալ», «Նելեգալ», «ՊՐՈԿՍԻ» համալիր միջոցառումներին։ Այս ուղղությամբ որպես գործնական քայլ՝ առաջարկում ենք 2016թ. Հայաստանում անցկացնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողով։
Համոզված ենք, որ ՀԱՊԿ ինստիտուցիոնալ հիմքերի կատարելագործման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ բարձր մակարդակի խմբի գործունեության վերականգնման միջոցով, բխում են մեր ընդհանուր շահերից։ Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը թույլ կտան բարձրացնել կազմակերպության գործունեության արդյունավետությունը։
Հարգելի՛ ընկերներ, գործընկերներ, այսպիսին են ՀԱՊԿ—ում հայկական նախագահության առաջնայնություններն ու առաջնային ուղղությունները։ Հուսով ենք, որ ձեր ակտիվ աջակցությամբ մենք կկարողանանք դրանք հաջողությամբ իրագործել։
Շնորհակալություն ուշադրության համար։
|