Ներդրումներ կատարելու Պեկինի ցանկությունն ուժի մեջ է
Արդյունավետ փոխգործակցություն բոլոր ոլորտներում՝ թե քաղաքական, թե տնտեսական եւ թե հումանիտար։ Այսպիսին են Հայաստան—Չինաստան գործընկերային հարաբերությունները, որոնք զարգացում ապրեցին հատկապես վերջին շրջանում՝ նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պետական այցից հետո։ Այժմ երկու երկրները ձգտում են էլ ավելի խորացնել բարեկամական հարաբերությունները։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան այդ ճանապարհին լուրջ խթան էր, քանի որ այցի ընթացքում Չինաստանի վարչապետը վերահաստատել է հետաքրքրվածությունը Հայաստան—Իրան երկաթուղու, «Հյուսիս—հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման հարցում։ Իր հերթին Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները շատ կարեւոր են համարում հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումն այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք Չինաստանն ու Իրանն են։
«Ինչպես Չինաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման ու խորացման, այնպես էլ, առավել եւս, Հայաստան—Իրան երկաթգծի կառուցման ներդրումային ծրագրերին զարկ տալու իմաստով վարչապետի այցը անչափ կարեւոր է, քանի որ դա բազում դրական լիցքեր է հաղորդելու Հայաստանի տնտեսությանն ու զարգացմանը։ Այնպես որ, մեզ մնում է ցանկանալ, որ այս ամենը շատ արագ իրականանա»,–ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի Չինաստան կատարած այցին ու այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին. «Եթե Չինաստանի նման հզոր երկիրը հանկարծ ժամանակ ունենա ու հարմար գտնի որոշակի հարցերով աջակցել Հայաստանին, ներդրումային ծրագրեր իրականացնել, ապա այս իրավիճակը չափազանց դրական կլինի մեր երկրի համար։ Սա լայն հնարավորություններ է ընձեռում նաեւ Հայաստանին, որն արդեն ԵԱՏՄ անդամ է»։
Վարդան Բոստանջյանի խոսքով, այս պայմանավորվածությունները նաեւ որոշակի երաշխիքներ են իրենց մեջ պարունակում, քանի որ եթե Չինաստանը պատրաստ է նման խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանը մեր երկրում, որոնք միտված են Մետաքսի ճանապարհի վերակենդանացմանը, ապա այս գերտերությունը վստահություն ունի, որ տարածաշրջանը պատերազմներով չի ցնցվի. «Խոշոր երկրները երբեւիցե իմիջիայլոց ձեռնամուխ չէին լինի նման ներդրումների, եթե ինչ—որ վտանգ լիներ։ Բոլոր դեպքերում, եթե հանկարծ տարածաշրջանը ռիսկային գոտի հանդիսանա, ամենայն հավանականությամբ Չինաստանի նման երկրի գնահատմամբ այդ ռիսկայնությունը չի կարող լինել այնքան մեծ, որը կունենա նշանակալի ազդեցություն այդ պրոեկտի վրա։ Հակառակ դեպքում ընդհանրապես այդ թեմայով խոսակցություն չէր լինի»։
Սա իսկապես լուրջ զարկ կտա Հայաստանի տնտեսությանը։ Տնտեսագետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը ունի մեծ ներուժ, որը եթե ճիշտ ուղղորդվի ու օգտագործվի, ապա մեր երկիրը տարածաշրջանում կունենա մեծ հաջողություններ. «Դա իսկապես այդպես է. մեր պատմական փորձը, մեր ունեցած պոտենցիալը, տարբեր կադրային ապահովվածությունը եւ այլն, ըստ էության դրանք շատ կարեւոր ու ընդգծված նախադրյալներ են, որպեսզի նման հաջող գործարքի պարագայում մենք դուրս գանք առկա ծանր իրավիճակից»։
ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Իրան—Հայաստան երկաթուղին կառուցվի, քանի որ այն կենսականորեն կարեւոր է Հայաստանի համար՝ որպես թուրք—ադրբեջանական շրջափակումը ճեղքելու միակ միջոց, «Tert.am»—ին ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Երբ տարածաշրջանում Հայաստանի արեւելյան եւ արեւմտյան սահմանները փակ են, եւ թույլ ելքեր ունենք դեպի հյուսիս՝ Վրաստան եւ հարավ՝ Իրան։ Իսկ այդ ճանապարհները թույլ են, որովհետեւ հյուսիս գնացող ճանապարհը Վրաստանից հետո ուրիշ տեղ չի տանում, իսկ հարավային կողմի ելքն էլ կախված է եղանակային պայմաններից։ Եվ իրոք, սա շատ մեծ արժեք կունենա որպես այլընտրանքային ուղի, եւ որը կճեղքի այն բլոկադան, որը Հայաստանի նկատմամբ կիրառում են Թուրքիան եւ Ադրբեջանը»,— նշել է նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է Չինաստանը հետեւողական կերպով հետաքրքրություն ցուցաբերում այս նախագծի նկատմամբ, որով կվերականգնվի պատմական Մետաքսի ճանապարհի մի մասը, ապա Գագիկ Համբարյանը հիշեցրել է, որ վերջին տարիներին Չինաստանի արեւելքում կառավարական ուժերի եւ ույղուր անջատողականների միջեւ տեղի ունեցող կենտրոնախույս գործընթացները բացեիբաց հովանավորվում են Թուրքիայի կողմից։
«Եվ Թուրքիայի նախագահը, որն իրեն հռչակել է մահմեդականների օմբուդսմեն, շատ ակտիվ ներգրավված էր Չինաստանի արեւելքում տեղի ունեցող բախումների վերաբերյալ մեկնաբանություններում, անպայման իր բողոքն է հայտնում, պաշտպանում ույղուրներին»,–ավելացրել է քաղաքագետը։ Այսինքն, ըստ նրա, տարածաշրջանում Չինաստանի եւ Հայաստանի շահերը Թուրքիայի հարցում համընկնում են։
Իսկ կոնկրետ Չինաստանի համար, ըստ Համբարյանի, շատ կարեւոր է, որ այդ ճանապարհը չանցնի թուրքալեզու պետությունների տարածքով. «Եվ այդ առումով Չինաստանը, որը շատ մեծ շահեր ունի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցում, մեծ ցանկություն ունի, որ Մետաքսի ճանապարհի այդ հատվածը գործարկվի, եւ իրեն ավելի ձեռնտու է, որ ճանապարհն անցնի Իրանից դեպի Հայաստան եւ այստեղից Վրաստանով Ռուսաստան։ Իրանի համար այդ ճանապարհը ավելի մեծ կարեւորություն ունի, քան ճանապարհը, որ Իրանով պետք է անցնի Ադրբեջան եւ այնտեղից Ռուսաստան»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|